«ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ դեսպանի միջոցով կառույցին դիմում է փոխանցվել Արցախի հուշարձանների վերաբերյալ». Նարինե Խաչատուրյան

ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Արցախի Հանրապետության պատմամշակութային կոթողների խնդրով, որոնք մնացել են Ադրբեջանի տիրապետության տակ։

«Մենք պատրաստում ենք նյութերը, և դա Արտաքին գործերի նախարարության խողովակներով է գնում, նամակը նույնիսկ առձեռն հանձնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում մեր դեսպանին՝ Քրիստիան Տեր-Ստեփանյանին, այն կառույցին հանձնելու համար։ Գրությանը մենք կցել ենք անվանական տարածքային հուշարձանների ցանկն անգլերենով, նաև դրանց մասին որոշակի տեղեկատվություն։ Բացի դրանից, մենք պատրաստել ենք կարճ ցուցակ առանձին տարածքներով, որոնք հանձնելու ենք, ցավոք։ Այնտեղ մենք ունենք Հադրութի, Մարտունու, Քաշաթաղի, Քարվաճառի, Մարտակերտի  շրջանների ցուցակները, Շուշիի ցանկերն էլ՝ առանձին։ Մեր գրության մեջ նաև նախադեպային պատմություններ կան, թե ինչու ենք մենք այսպես անհանգիստ, որովհետև մենք ունենք ահռելի նախադեպեր, այսինքն՝ սրանք միայն ոչնչացման ճանապարհով են գնում։ Սա է պատճառը, որ որոշ բաներ մեր հասարակությունը՝ պետական ու ոչ պետական կառույցներ, փորձել են ապահով տեղ տեղափոխել, որովհետև  փրկության խնդիր է դրված եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը։

Ինչ վերաբերում է սպասվող ակնկալիքներին ու արձագանքներին, Նարինե Խաչատուրյանն ասաց, որ շատ բան չի սպասում։

«Գիտեմ, որ Ռուսաստանը և շատերն են անհանգստություն արտահայտել, բայց հենց այդ մասին խոսեցին, հաջորդ քայլը մենք տեսանք, թե ինչ եղավ Շուշիում՝ Կանաչ ժամի գմբեթների ավերումը։ Այսինքն՝ մենք գործ ունենք մի երևույթի հետ, որն ընդհանրապես քաղաքակրթական սահմանումների, բարոյական որևէ սահմաններից դուրս է։ Որևէ միջազգային կառույց` սկսած ՄԱԿ-ից, չի կարողանում ազդել այդ երկրի վրա, ուրեմն՝ այդ ճանապարհներն անօգուտ են, ես չգիտեմ՝ ուրիշ ինչ ճանապարհ պետք է գտնենք»,- հավելեց նա։

Նա նաև շեշտեց՝ պարտադիր չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ից պատասխան լինի, նախադեպեր եղել են, երբ գրությունն ուղարկվել է, սակայն այնտեղից որևէ պատասխան չի եկել։

«Մենք միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ին չենք դիմել, 8-9 կազմակերպություն կա, որոնք զբաղվում են հուշարձանների պահպանության հարցերով։ Մեկ անգամ պատասխան եղավ Ղազանչեցոցի դեպքում ԻԿՕՄՕՍ-ից։ Սրանք վերբալ բաներ են, գրություններ, կոչեր, մտահոգություններ։ Սրանից այն կողմ պատասխանատվության որևէ մեխանիզմ, ցավոք, չկա։ Հենց սա է երևի, որ թշնամու ձեռքերը բաց է թողնում»,- եզրափակեց Նարինե Խաչատուրյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս