Կենցաղային խնդիրները շատ են, տունն անմխիթար վիճակում է, սակայն այս պահին կարևորը երեխայիս սնունդով ապահովելն է, ինչպես նաև տունը տաքացնելը․ Քաղաքացին օգնության կարիք ունի
Մասիսի Սիս գյուղում բնակվող Դիանա Գրիգորյանն իր 55 օրական փոքրիկի հետ օգնության կարիք ունեն։
«Խնդիրները շատ են, անգամ երեխայի կարիքները չեմ կարողանում հոգալ։ Գյուղում խանութներից պարտքով որևէ ապրանք վերցնել հնարավոր չէ։ Անձնագիրս հանձնել էի փաստացի գրանցման համար անձնագրային սեղան, և քանի որ երկրում խառն իրավիճակ է, մինչև հիմա՝ արդեն ամսից ավելի է, անձնագիրս չեմ ստացել և չեմ կարողացել դիմել երեխայի միանվագ գումարի, նպաստի ձևակերպման և միայնակ մայրության գործերի համար: Այս պահին չեմ աշխատում, մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ֆինանսիստ, աշխատանքային տարիների ընթացքում ձեռք եմ բերել մի շարք մասնագիտություններ ևս, ընդհուպ՝ մինչև լրագրություն, սրբագրում, խմբագրում, երկար տարիներ աշխատել եմ տպագրական ոլորտում՝ որպես դիզայներ։
Համայնքապետարանում խոստացել են հարցն արագ լուծել, քանի որ արդեն վերադարձել են սահմանից։ Բացի սա՝ ունեմ նաև վառելիքի խնդիր։ Այս պահին հոսանքով եմ սենյակը տաքացնում, սակայն տան ապահովիչը փչացել է, փոխելու ենթակա է, անընդհատ տունը հոսանքազրկվում է և սառում, վառելիք է պետք։ Գյուղի ջրամատակարարումը արտեզյան է: Առաջ այս գյուղում բոլոր տներում ջուրը մշտական գալիս էր, բայց վերջին տարիներին գյուղի տարածքում մեծ քանակությամբ ձկնաբուծարաններ են կառուցել, և ջրի հոսքն այնքան է պակասել, որ ստիպված պոմպեր ենք տեղադրել, որպեսզի մշտական ջուր ունենանք: Մատակարարվող էլեկտրաէներգիան այնքան թույլ է, երբեմն իջնում է մինչև 150կվտ, որ պոմպը նորմալ չի աշխատում, և արդեն քանի ամիս է, տաք ջրի խնդիր ևս կա։ Կենցաղային խնդիրները շատ են, տունն անմխիթար վիճակում է, սակայն այս պահին կարևորը երեխայիս սնունդով ապահովելն է, ինչպես նաև տունը տաքացնելը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դիանա Գրիգորյանը։
Փոքրիկին և մայրիկին օգնելու համար գործում է հետևյալ քարտային հաշիվը՝ Ինեկոբանկ 2050452217157001 և քարտի համարը Inekobank mastercard 5406 6100 0005 8474։