«Այսօր օրակարգային շատ կարևոր հարց է Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռանալը». Աննա Կարապետյան

168TV«Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի հետ

– Տիկին Կարապետյան, Դուք տարիներ շարունակ հետևում եք արցախյան բանակցային գործընթացին, բավականին լավ տեղյակ եք բանակցված փաստաթղթերի՝ հանրությանը հասանելի դարձած հատվածների բովանդակությունից: Երբևէ քննարկվե՞լ է այնպիսի փաստաթուղթ, որտեղ Շուշին, Հադրութը կամ Մարտունու գյուղերը կհանձնվեին Ադրբեջանին, իսկ Արցախի կարգավիճակի մասին կլիներ 0 բառ, ավելին, Ադրբեջանը Մեղրիով ճանապարհ կստանար:

– Ընդհանուր առմամբ, այսօր դիսկուրսը բանակցային պատմության և այդ գործընթացի փաթեթների մասին արդիական չէ, ավելի արդիական է խոսելը նրա մասին, թե ինչ ունենք այսօր և ինչ է լինելու վաղը, սակայն, իշխանությունների կողմից մի շարք մանիպուլյացիաները, ակնհայտ ստերը ստիպում են ակամայից անդրադառնալ նաև այդ հարցերին:

Բնականաբար, ո՛չ, այն դրույթները, որ Դուք շեշտեցիք, երբևէ չեն եղել և չէին էլ կարող լինել բանակցային որևէ փաթեթում, որովհետև խախտված է տրամաբանությունը: Այսօր մենք ռազմի դաշտում կորցրել ենք տարածքներ, որոնք ի սկզբանե ԼՂԻՄ տարածք են եղել, հետևաբար, դրանք երբևէ չէին կարող դիտարկվել այն նույն տրամաբանության մեջ, ինչպես դիտարկվել է մյուս տարածքների հարցը: Ինչ վերաբերում է Շուշիի խնդրին, ապա այս խնդիրը շատ վաղուց առանձին բանակցային օրակարգ չէ, դրա վերադարձի հարց առանձին չի քննարկվել:

Վերջին հաստատված փաթեթը, այսպես կոչված՝ մադրիդյան սկզբունքներն են, որոնք այս կամ այն կերպ հետագայում խմբագրվել են, նորից դրվել են սեղանին, և այդտեղ Շուշիի մասին խոսք անգամ չկա: Այո, այնտեղ նշվում է տարածքների վերադարձի մասին, հետագայում քննարկվել է 5+2 բանաձևը, սակայն Շուշիի հարցը, բնականաբար, այդ փաթեթում չկա: Եվ այսօր խոսել նրա մասին, որ մինչև պատերազմն էլ եղել է այդ հարցն օրակարգում, ակնհայտ սուտ է: Եվ եթե նայենք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ապա ակնհայտ է, որ նա հակասում է նույնիսկ ինքն իրեն. նույն օրվա ընթացքում մի անգամ Փաշինյանը հայտարարեց, որ Շուշիի հարցը դեռևս պատերազմից առաջ էլ է եղել օրակարգում և պատերազմի ողջ ընթացքում, ԱԳՆ խոսնակը հերքեց՝ նշելով, որ խաղաղ բանակցային գործընթացում չի եղել Շուշիի հարց, հետո նույն Փաշինյանը իր խոսքում ասաց, որ պատերազմի եթե ոչ ամենասկզբից, ապա ընթացքում այդ հարցն առաջացել է: Այսինքն՝ մի բան ակնհայտ է՝ Շուշիի հարցը պատերազմից առաջ չի եղել բանակցային օրակարգի մաս, և այդ հարցն այսօր բարձրացնելն ուղղակի մանիպուլյացիա է:

– Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «1998 թվականից սկսած բանակցային բովանդակության մեջ եղել է միայն մի թեմա, որը եղել է շատ կոնկրետ, դա այն է, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Եվ մեր քաղաքականությունը եղել է՝ ձգել այս պրոցեսը, ժամանակ ձգել։ Այո, ժամանակ կարելի է ձգել, ինչպես ռետինը կարելի է ձգել, բայց մի իքս պահի ռետինի ռեզինը կտրվում է։ Եվ այդ ռեզինը 2016 թվականին ապրիլյան պատերազմով արդեն կտրվել էր։ Եվ երբ ես ասում էի՝ նոր կետ, ես նկատի ունեի, որ պետք է փորձենք այդ կտրված ռեզինի տրամաբանությունից մեզ դուրս դնել։ Մեզ դա չի հաջողվել անել»: Եթե այդպես է, ինչո՞ւ էր ապրիլյան պատերազմից հետո Ալիևը հայտարարում, որ կուլիսների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

– Այստեղ կարևոր է մի բան շատ հստակ հասկանալ՝ տարածքների հարցն այս բոլոր տարիների ընթացքում եղել է բանակցային օրակարգի մաս: Սակայն սկզբունքայինը այլ է՝ ինչի՞ դիմաց: Մենք տարիների ընթացքում բանակցային շատ դժվար գործընթացի արդյունքում հասել էինք նրան, որ մադրիդյան սկզբունքներով արդեն ամրագրվել էր, որ պետք է լինի հանրաքվեի միջոցով կարգավիճակի հարցի լուծում, այսինքն՝ հիմքում դրվել էր «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևը: Այն, ինչ եղավ արդյունքում այսօր, դա տարածքներն է՝ ոչ մի բանի դիմաց: Այսօր մենք ունենք արդեն իսկ կորցրած տարածքներ, ունենք պարտավորություն տարածքների մի մասը հանձնելու, և չունենք ոչ մի հստակ երաշխիքներ: Այսինքն՝ այո, մենք տարածաշրջանում ունենք խաղաղապահներ, սակայն չունենք ոչ մի անդրադարձ կարգավիճակի հարցին:

Այն համատեղ հայտարարությունը, որ Փաշինյանն ընդունել է Ալիևի և Պուտինի հետ, նույնիսկ մեկ դրույթով այդտեղ չի նշվում ոչ մի բառ կարգավիճակի մասին: Նույնիսկ չկա պայմանավորվածություն, որ այդ հարցը պետք է ապագայում քննարկվի: Հետագայում, արդեն ֆրանսիական համանախագահողի կողմից բարձրացվեց հարցը, որ կարգավիճակի հարցի շուրջ պետք է լինեն բանակցություններ: Լավրովն իր հերթին՝ շատ հպանցիկ անդրադարձավ կարգավիճակի հարցին:

Այսինքն՝ այսօր ակնհայտ է մեկ բան, որ օրակարգում չկա կարգավիճակի հարցը, և այդ պատրանքը, որ դու կարող ես բանակցային օրակարգ բերել կարգավիճակի հարցը և դրա շուրջ նպաստավոր լուծում ստանալ, ընդամենը պատրանք է: Դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ դրա դիմաց տալու որևէ բան ունենաս: Այսինքն՝ բանակցությունը փոխադարձ զիջումների պայմանավորվածություն է, իսկ այսօրվա դրությամբ մենք տվել ենք ավելի, քան երբևէ պատրաստ ենք եղել տալ կամ պատրաստ ենք եղել նույնիսկ քննարկել՝ տալու հարցը: Ո՞րն է Ադրբեջանի մոտիվացիան՝ քննարկել կարգավիճակի հարցը, կամ, ընդհանրապես, այդ հարցին որևէ լուծում տալ: Այդ հարցը կարող է տարիներ շարունակ ձգվել և մի օր ընդհանրապես կորցնել ակտուալությունը, որովհետև եթե իրագործվեն այսօր առկա հայտարարության բոլոր կետերը և այդ թվում՝ ադրբեջանցի փախստականները վերադառնան այն տարածքներ, որոնք մնացել են, այդ թվում՝ հայկական վերահսկողության տակ, տարիների ընթացքում կարգավիճակի մասին խոսելն անիմաստ կլինի:

– Երբ Փաշինյանն ասում է, որ 2016թ. «ռեզինը կտրվել է», այդ դեպքում, դարձյալ կրկնեմ հարցս՝ ինչո՞ւ էր ապրիլյան պատերազմից հետո Ալիևը հայտարարում, որ կուլիսների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

– Որովհետև միջնորդների և միջազգային հանրության համար շատ ակնհայտ էր, որ Ադրբեջանը տարիներ շարունակ բանակցային գործընթացում եղել է միակ ապակառուցողական կողմը և Ադրբեջանն էր սանձազերծել ապրիլյան պատերազմը, և դա իր հետևանքները պետք է ունենար նաև դիվանագիտական հարթակում: Այսինքն՝ բանակցային գործընթացքում դա հանգեցրել էր Ադրբեջանի համար այն հետևանքներին, որ միջնորդների կողմից կար ակնհայտ ճնշում՝ Արցախի կարգավիճակի կարգավորման, և ինչպես նշում եք՝ Ալիևն ասում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Դա այդ ճնշման արտահայտումն էր: Այսօր մենք ունենք լրիվ այլ պատկեր:

– Այսօր Նիկոլ Փաշինյանն այնպես է ներկայացնում, ասես այլ լուծում չի եղել, քան Արցախի կապիտուլյացիան, բայց հենց ՌԴ ԱԳ նախարար Լավրովն օրեր առաջ հայտարարեց. «Մենք կնախընտրեինք, որպեսզի ողջ հակամարտությունը կարգավորվեր շատ վաղուց՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց մասին, ի դեպ, մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում խոսել է և ընդգծել սեփական պատրաստակամությունն այդ սկզբունքների հիման վրա իրականացնել այն, ինչ  առաջարկվել էր համանախագահների կողմից: Եթե այդ ուղիով ընթանայինք, ապա արդյունքը, երևի թե, կլիներ համարյա թե նույնական այն հարցում, ինչ վերաբերում է 5 շրջանների, իսկ հետագայում՝ 2 շրջանների ազատմանը, բայց, առաջին հերթին՝ դա կարվեր անարյուն, և երկրորդը՝ դա կարվեր վերջնական քաղաքական կարգավորման հետ համատեղ»: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրում փաստերը:

– Նիկոլ Փաշինյանը փորձում է արդարացնել իր կայացրած սխալ որոշումն ու իրավիճակի սխալ գնահատումը: Այստեղ հարցը միայն չի վերաբերում նրան, որ մինչև պատերազմը միջնորդների կողմից առաջարկվել են կարգավորման տարբեր տարբերակներ, այդ թվում՝ Լավրովի նշածը: Նույնիսկ պատերազմի ընթացքում առաջարկվել են պատերազմը կանգնեցնելու տարբեր պայմաններ: Եթե Նիկոլ Փաշինյանը, ինչպես այսօր է ասում՝ ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծության հետևանքով է հասկացել, որ պետք է ստորագրի այս կապիտուլյացիան, այդ ռազմաքաղաքական իրավիճակը նա շատ ավելի շուտ պետք է գնահատեր և համաձայներ այլ տարբերակների՝ շատ ավելի վաղ փուլերում, երբ որ նման կորուստներ մենք չէինք ունենա, և երբ որ առնվազն հնարավոր կլիներ պահպանել նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշին և այլն: Իսկ այդ առաջարկները եղել են:

Այս փաստաթուղթը մի շարք խնդիրներ է մեզ համար ենթադրում, և հարցը չի վերաբերում միայն այդ տարածքներին, որ մենք կորցնում ենք. բացի այդ՝ այս փաստաթղթով մի շարք քաղաքական հետևանքներ ենք մեզ համար բերում՝ ի դեմս նրա, որ Հայաստանը փաստացի իրեն ագրեսոր է ճանաչում։ Այսինքն՝ եթե ՀՀ վարչապետն իրեն լիազորված է համարում զիջել Արցախի այս կամ այն տարածքը, նա ընդունում է, որ ինքն է զբաղեցրած եղել այդ տարածքը, և բոլոր հետևանքները, այսպես կոչված՝ օկուպացիայի, ինքն իր վրա է վերցնում: Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը խոսում է Հայաստանից նյութական փոխհատուցում ստանալու մասին: Եվ այդ օրակարգը նրանք առաջ են մղելու, չկասկածեք: Փաստացի, Հայաստանն այսօր իր վրա վերցրել է այնպիսի լիազորություններ, որոնք դուրս էին վարչապետի լիազորություններից, և դա մեծագույն հետևանքներ է ունենալու մեր երկրի համար:

– Այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է լինել հիմնական բանակցողը:

– Բնականաբար, ոչ: Եվ այստեղ հարցը միայն հիմնական բանակցողինը չէ: Այսօր օրակարգային շատ կարևոր հարց է Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռանալը, որովհետև մենք ունենք ժամանակ մինչև ամսվա վերջ, երբ արդեն այս հայտարարությունը լիարժեք ուժի մեջ մտած կլինի, զիջված կլինեն բոլոր այն տարածքները, որոնք, ինչպես նշեցի՝ մենք չենք կորցրել, բայց պարտավոր ենք զիջել, և արդեն կունենանք լրիվ նոր իրավիճակ, երբ ինչ-որ հարցի շուրջ բանակցելու մասին խոսելը նույնիսկ ծիծաղելի է: Միանշանակ է, որ այսօրվա իշխանությունը չունի ո՛չ անհրաժեշտ լեգիտիմությունը, ո՛չ դիվանագիտական ռեսուրսները, ո՛չ որևէ հնարավորություն դա անելու: Այսօր խնդիր ունենք ձևավորելու բանակցողների թիմ, որոնք հնարավորություն կունենան միջնորդների, առաջին հերթին՝ ՌԴ-ի հետ շատ սերտ աշխատանքի միջոցով փորձել փրկել այն, ինչ դեռ հնարավոր է փրկել:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս