«Վարչապետն առաջնահերթ քայլեր պետք է իրականացնի և ինքն օրինակ ծառայելով` փոխի կառավարությունը». Թագուհի Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու իր որոշումն անբեկանելի է:
«Դրանով ես իմ բողոքն եմ ներկայացնում այն ամենի դեմ, ինչ հիմա կատարվում է՝ սկսած այդ սև փաստաթղթից, որը ստորագրվեց, և մեր հայրենիքի մի մասը, որոնք դեռ թշնամին չէր գրավել, և մենք տվեցինք Ադրբեջանին, վերջացրած ներքաղաքական իրավիճակով: Մեր երկրում հիմա այնպիսի իրավիճակ է, որ իշխանություն պահելն ու իշխանություն վերցնելը դարձել է արդեն սկզբունքի հարց և ինքնանպատակ: Մենք բոլորս ինչ-որ քայլ պետք է անենք, որպեսզի կարողանանք լարվածությունը թոթափել և կարողանանք իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գալ»,- նշեց Թագուհի Թովմասյանը:
Նա հիշեցրեց, որ ԱԺ պատգամավոր է ընտրվել Գեղարքունիքի մարզից և ընտրողներին խոստում է տվել և այդ խոստումների մեջ չի մտել այն, որ ինքը պետք է լինի ան թիմի հետ, որը այս կամ այն պատճառով Արցախը և Արցախին հարող տարածքները տալիս է թշնամուն:
«Ես չեմ պատրաստվում այն թիմի հետ կիսել պատասխանատվությունը, որը չի ուզում զիջումների գնալ, որովհետև այլևս ակհայտ է, որ իշխանությունը պետք է գնա զիջումների և փոփոխություններ անի: Իշխանությունը վերից վար պետք է սրբագրի իր արարքները, մենք ունենք դաժան ողբերգություն, անիծված փաստաթուղթ, և չփոխել դա ու ասել՝ մեզ համար կարևոր է իշխանությունը պահելը, ինձ համար անընդունելի է»,- շեշտեց նա:
Հարցին՝ խմբակցությունից դուրս գալուց հետո, իր վրա եղե՞լ են ճնշումներ, Թագուհի Թովմասյանը պատասխանեց. «Ես նմա՞ն եմ ճնշվողի»:
168.am-ի հարցին՝ վարչապետը պե՞տք է հրաժարական տա, թե՞ ոչ, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ՝ վարչապետն առաջնահերթ քայլեր պետք է իրականացնի և ինքն օրինակ ծառայելով՝ փոխի կառավարությունը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում