Այս պատերազմում պարտվեցին Ադրբեջանն ու Թուրքիան, քանի որ համաձայնեցին, որպեսզի ռուսական զորքը մտցնեն Արցախ․ Ադրբեջանագետ

«Այդքան անհավասար ուժերի ներգրավման դեպքում արդեն պարզ էր, թե ինչ վիճակում կարող էինք հայտնվել, եթե դիվանագիտական դաշտում չհաջողացնեինք մեր դաշնակիցներին ներգրավել հօգուտ մեզ։ Պետք էր հաշվի առնել, որ 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ մեն-մենակ էինք պատերազմում՝ 30 տարիների ընթացքում լինելով տնտեսական  շրջափակման մեջ և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ շեշտելով, որ, եթե դիվանագիտական դաշտում հասնեինք նրան, ինչ կարողանում էին պահպանել ռազմական դաշտում, մենք ավելի շատ բարենպաստ պայմաններում կլինեինք։

«Մենք բազմիցս կոչ ենք արել, որ Արցախը պետք է օր առաջ Հայաստանի կողմից անկախ պետություն հռչակվի։ Ասում էի՝ ճանաչեք, քանի դեռ բան կա ճանաչելու, սակայն լսող չեղավ։ 1992թ․, երբ Ադրբեջանը ՄԱԿ էր մտնում, ինչպես նաև Հայաստանը, այն ժամանակ Ադրբեջանն իր կողմից չվերահսկվող Արցախի տարածքն ամբողջությամբ հայտարարագրել է՝ որպես իր տարածք։ Եվ ՀՀ-ն, երբ մտնում էր ՄԱԿ, նախ և առաջ այդ տարածքները չհռչակեց՝ որպես Հայաստանի մաս, ավելին,  անգամ չվիճարկեց դրա՝ Ադրբեջանի տարածք լինելու հանգամանքը։ Ամբողջ թնջուկն այստեղից է սկսվում։ Եվ շատերի աչքերում ստացվում է, որ Ադրբեջանն օկուպանտ չէ, քանի որ իր կողմից հանցավոր քաղաքականությունը, սպանդն իբր թե իր տարածքում է եղել։

Մենք ունեցել ենք 30 տարի, որպեսզի և՛ դիվանագիտական, և՛ ռազմական դաշտում նախապատրաստվենք անխուսափելի և Ադրբեջանի կողմից նոր ռևանշիստական պատերազմի։ Ես չգիտեմ, թե այսքան տարիների ընթացքում կարևոր հարցերի շուրջ վճռորոշ որոշումներն ում հետ խորհրդակցությունների ժամանակ էին կայացվում։ Համենայնդեպս, մասնագիտական հանրության ձայնը լսելի չի եղել և լսելի չէ։ Մենք հիմա խոսում ենք Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների օկուպացիայի մասին, բայց հարցի քաղաքական և իրավական տեսանկյունից, քանի որ ժամանակին հստակ չենք ձևակերպել սա, համաշխարհային հանրության աչքերում դա այնքան էլ այդպես չէ։ Ինչպես ասում են՝ հաղթողին չեն դատում, բայց երբ ստորագրվում էր այս համաձայնագիրը, երբ որոշակի ցավոտ փոխզիջումների գնացինք, դիվանագիտական դաշտում պետք է առնվազն պահպանեինք Հադրութի շրջանից և ԼՂՀ տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը»,- նշեց ադրբեջանագետը։

Գրիգորի Այվազյանն ընդգծեց․ «Հայոց բանակը հերոսական պայքար է մղել, պետք չի ողբալ, այս պատերազմում պարտվեցին Ադրբեջանն ու Թուրքիան, քանի որ նրանք ՝ հատկապես ադրբեջանական կողմը, համաձայնվեց, որպեսզի ռուսական զորքը մտցնեն Արցախ, ինչը շատ մեծ պարտություն է Ադրբեջանի համար։ Իսկ մենք հիմա թշնամիներ ենք փնտրում երկրի ներսում, ինչն ամենամեծ նվերն է լինելու Ադրբեջանին, եթե այստեղ քաղաքացիական պատերազմ սկսվի։ Ժամանակին իրենց մոտ այդպես եղավ։ Տարածքային կորուստներից հետո Ադրբեջանում գրեթե քաղաքացիական պատերազմ սկսվեց, և ջախջախիչ պարտություն կրեցին։ Նրանք կորցրեցին իրենց դիրքը, սերունդների պատիվը, մենք  նման ճոխություն չենք կարող մեզ թույլ տալ։ Կարծում եմ՝ սկսված բոլոր գործընթացները քաղաքական, ոչ թե քաղաքացիական պատերազմի հունով պետք է ընթանան։ Մենք ծանր կորուստներ ենք ունեցել, բայց չենք պարտվել։ Ավելին ասեմ՝ Ադրբեջանին ավելի ձեռնտու կլիներ հայկական ներկայությունն Արցախում, իրենք ուղղակի չեն հասկանում, որ ռուսին կարելի է ներս թողնել, բայց դուրս քաշել հնարավոր չի լինելու, ինչպես եղել է Օսիայում, Աբխազիայում։ Օսիայի իշխանության ներքո գտնված ինքնավար մարզի տարածքը վերահսկվում էր, երբ Սահակաշվիլին փորձեց շարժումներ անել՝ վրացիներին դուրս են շպրտել այդ տարածքներից։ Վրաստանն էր 15 տոկոսը վերահսկում, իսկ հիմա ոչ մի բան»։

Տեսանյութեր

Լրահոս