Ինչպես կարձագանքի անշարժ գույքի շուկան նոր իրավիճակին
Տևական ժամանակ արձանագրվող աշխուժացումից հետո՝ Հայաստանի անշարժ գույքի շուկան ցնցումների մեջ հայտնվեց մինչև Ղարաբաղում սանձազերծված հերթական ագրեսիան։ Ամեն ինչ սկսվեց շատ ավելի վաղ, համավարակի առաջին ալիքից հետո, որի հետևանքով մեծացավ ճնշումը շուկայի վրա՝ հանգեցնելով ինչպես՝ գործարքների կրճատման, այնպես էլ՝ գների նվազման։
Վերջին 1-2 ամիսներին շուկան փորձում էր վերականգնվել։ Նկատվում էր գործարքների որոշակի ակտիվացում։ Սակայն այս անգամ էլ վրա հասավ պատերազմը։
Պատերազմը կրկին մեծացրել է ռիսկերն անշարժ գույքի շուկայում։ Այդ ռիսկերն առաջիկայում դեռ կարող են խորանալ։ Մինչև ո՞ւր կհասնեն, ժամանակը ցույց կտա։
Փաստն այն է, որ բազմաթիվ գործոններ այսօր անշարժ գույքի շուկայի օգտին չեն։ Պատերազմի հետևանքով փոխվում են մարդկանց սպասումները։ Շատերը հրաժարվում են իրենց նախկին մտադրություններից կամ հետաձգում գնումները։ Ու դա բերում է շուկայի պասիվացման։
Այնպես, ինչպես եղավ համավարակի առաջին փուլում։ Անշարժ գույքի շուկան միանգամից արձագանքեց տնտեսական իրավիճակի փոփոխություններին։ Համավարակից հետո տնտեսությունը հայտնվեց ոչ նպաստավոր վիճակում։ Տարբեր պատճառներով հասարակության մի մասը զրկվեց նախկին եկամուտներից, ինչին արագորեն արձագանքեց անշարժ գույքի շուկան, որը շատ զգայուն է նման իրավիճակների նկատմամբ։
Դա երևաց համավարակից անմիջապես հետո, երբ գործարքները կտրուկ կրճատվեցին։ Խոսքը մարտ-ապրիլին կիրառված տնտեսական ու տեղաշարժի սահմանափակումների մասին չէ. բնական է, որ այդ ժամանակահատվածում այլ կերպ չէր էլ կարող լինել։ Խնդիրն այն է, որ անշարժ գույքի շուկան շարունակեց պասիվությունը նաև սահմանափակումների վերացումից հետո։ Դա արտահայտվեց առաջին հերթին առք ու վաճառքի գործարքների կրճատման տեսքով։
Կրճատվեցին ոչ միայն գործարքները, այլև արձանագրվեց գների նվազում։ Գրեթե 2 տարվա թանկացումից հետո, մայիսից սկսած, անշարժ գույքը սկսեց էժանանալ։
Ասվածը վերաբերում է հատկապես բնակարաններին։ Մայրաքաղաքում կան առանձին հատվածներ, որտեղ գները նույնիսկ ավելի ցածր են, քան նախորդ տարի էին։
Այդ են վկայում, թերևս, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած վերջին տվյալները։ Դրանք վերաբերում են սեպտեմբերին, երբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դեռ նոր էր սկսվել, և քչերը կարող էին անգամ պատկերացնել, որ այն այսքան երկար կշարունակվի։
Սեպտեմբերին անշարժ գույքի, մասնավորապես՝ բնակարանային շուկայում պահպանվել է գնանկումը։ Թեև անկումը մեծ չի եղել։ Մեկ ամսում գների նվազումը, ըստ պաշտոնական տվյալների, մայրաքաղաքում կազմել է՝ 0,2, մարզերում՝ 0,1 տոկոս։
Վերջին 4-5 ամսվա զարգացումներից հետո միջին գները հիմա շատ քիչ են տարբերվում նախորդ տարվանից։
Մարզերում սեպտեմբերին բնակարանների գներն ընդամենը 1,5 տոկոսով են բարձր եղել նախորդ սեպտեմբերի համեմատ։ Մայրաքաղաքում՝ տարբերությունը կազմել է 3,3 տոկոս։
Այնինչ, մինչև գնանկումը Երևանում գները նախորդ տարվանից բարձր էին ընդհուպ 13-14 տոկոսով։ Այն բանից հետո, երբ շուկան հայտնվեց պասիվացման գործընթացում, մի քանի ամսում գնային պատկերը սկսեց փոխվել։
Գնանկումը պահպանվել է նույնիսկ այն պարագայում, երբ սեպտեմբերին շուկան բավական ակտիվ է եղել։ Ավելացել են գործարքները, այդ թվում՝ բնակարանային շուկայում։ Սեպտեմբերին Երևանում 6,4 տոկոսով ավելի շատ բնակարան է վաճառվել, քան անցած տարվա նույն ամսին։
Մարզերում ևս արձանագրվել է գործարքների աճ։ Ընդ որում, բավական կտրուկ՝ գրեթե 17 տոկոս։ Բայց դա չի խանգարել, որպեսզի գները՝ ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում շարունակեն նվազել, ինչը նշանակում է, որ գների նվազումն իր ազդեցությունն է ունեցել պահանջարկի վրա։
Մայրաքաղաքի առանձին հատվածներում, ինչպես նշեցինք, բնակարաններն այս տարվա սեպտեմբերին ավելի էժան են եղել, քան անցած տարի։ Այդպիսի պատկեր է արձանագրվել մասնավորապես կենտրոնի երրորդ գոտում։
Նշենք, որ կենտրոնը բաժանված է 5 գոտիների։ Երրորդ գոտում այս տարվա սեպտեմբերի միջին գները եղել են 484 հազար՝ անցած տարվա 500 հազարի դիմաց։
Նույնպիսի գնային պատկեր է արձանագրվել նաև Աջափնյակի չորրորդ գոտում։ Եթե կենտրոնում գնանկումը նախորդ տարվա համեմատ կազմել է 3,2, ապա Աջափնյակում՝ 3 տոկոս։
Մայրաքաղաքի մեկ այլ հատվածում՝ Քանաքեռ-Զեյթունի հինգերորդ գոտում, գները սեպտեմբերին համարժեք են եղել նախորդ տարվա սեպտեմբերի գների հետ։
Մյուս տարածքներում, չնայած վերջին 4-5 ամիսներին շարունակվող գնանկմանը, բնակարանները նախորդ տարվանից ավելի բարձր գին ունեն։ Թեև վերջին ամիսներին տարբերությունները գնալով փոքրանում են։
Մասնավորապես, կենտրոնում, վերջին տվյալներով, միջին գները նախորդ տարվանից բարձր են եղել ընդամենը 0,5 տոկոսով։ Եթե անցած տարվա սեպտեմբերին դրանք տատանվում էին 622 հազար դրամի սահմաններում, ապա այս տարվա սեպտեմբերին կազմել են 625 հազար։ Տարբերությունը հազիվ 3 հազար դրամ է։
Դավիթաշենում մեկ տարվա կտրվածքով գնաճն ընդամենը 0,6 տոկոս է։ Այն 2 հազար դրամով է բարձր նախորդ տարվանից։ Նախորդ տարի միջին գինը յուրաքանչյուր մետրի հաշվով կազմել էր 323 հազար դրամ, այս տարի 325 հազար է։
Քանաքեռ-Զեյթունում բնակարանների միջին գները 2,7 տոկոսով կամ 8-9 հազարով են ավել նախորդ տարվանից։ Էրեբունի վարչական շրջանում տարբերությունն ավելի փոքր է՝ 7 հազար դրամ։
Կան նաև վարչական շրջաններ, որտեղ գները դեռ բավական առաջ են անցած տարվանից։ Արաբկիրում այն հասնում է մինչև 21 հազար, Նոր Նորքում՝ 17 հազար, Շենգավիթում՝ 16 հազար դրամի։ Դրանով հանդերձ, այս բոլոր համայնքներում վերջին ամիսներին գնանկում է արձանագրվել, ինչը կարող է խորանալ Ղարաբաղում և Հայաստանի սահմաններում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով։
Դա, անշուշտ, կազդի նաև գործարքների վրա։ Անշարժ գույքի շուկայի հոկտեմբեր ամսվա տվյալները դեռևս հայտնի չեն, բայց սեպտեմբերի ակտիվությունից հետո կրկին սպասվում է պասիվացում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ