Ինչու Հայաստանը հայտնվեց այս վիճակում
Բոլոր՝ ռազմական, քաղաքական, բարոյահոգեբանական և բազմաթիվ այլ առումներով, իրավիճակը Հայաստանում նախանձելի չէ։ Դժվար է նույնիսկ ասել, թե վերջին անգամ, երբ ենք այսպիսի ծանր մթնոլորտում հայտնվել։
Ու այդ ամենին զուգահեռ՝ ունենք տնտեսական անմխիթար վիճակ՝ իր սոցիալական տխուր հետևանքներով։
Տնտեսությունը ազատ անկման մեջ է, և այդ անկումը դեռ խորանում է։ Այն կասեցնելու հեռանկարները խիստ մշուշոտ են։ Զարգացման մասին նույնիսկ անիմաստ է խոսելը։ Տնտեսություն զարգացնելու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ և հատկապես՝ ներդրումներ։ Բայց Հայաստանի այսօրվա իրավիճակը ոչնչով չի տրամադրում տնտեսության մեջ ներդրումներ իրականացնելու համար։ Նախկինում մթնոլորտը մի բան չէր, հիմա ամեն ինչ ավելի է խճճվել։ Այդպես էլ իշխանությունները չկարողացան հաղթահարել այն բարդույթները, որոնք հետագայում պիտի լուրջ խոչընդոտ դառնային ներդրումների համար։
Այսօր մեր տնտեսությունը կանգնած է շատ ավելի դժվար փորձության առաջ։ Այսօր շատ ավելի դժվար է լինելու ներդրումներ բերելն ու տնտեսությունը վերականգնելը։
Հույսը պետական բյուջեի միջոցների վրա դնելն անմտություն է։ Դրանք այն գումարները չեն, որոնք կարող են փրկել տնտեսությունը։ Հատկապես որ, պետական բյուջեն ևս պակաս խնդիրներ չունի։ Տնտեսական անկումը բերել է բյուջեի մուտքերի կրճատման։ Ավելի քան 100 մլրդ դրամի պակաս հարկային եկամուտ է այս տարի ակնկալվում, քան անցած տարի էր։ Առաջ գնալու փոխարեն՝ հետընթացի մեջ ենք։
Հաջորդ տարի էլ մեզ եկամուտների մեծ ապագա չի սպասվում։ Հազիվ 20-30 մլրդ դրամի լրացուցիչ ակնկալիք ունենք 2019թ. համեմատ։ Չնայած դեռ շուտ է անգամ այդ մասին խոսելը։ Այս տարի էլ մեծ սպասումներ կային բյուջեի եկամուտների ավելացման առումով։ Բայց ի՞նչ ունենք. ունենք եկամուտների կրճատում՝ նույնիսկ նախորդ տարվա համեմատ։
Այս պայմաններում սպասել, որ պետական բյուջեն կարող է դառնալ փրկություն տնտեսության վերականգնման համար, մոլորություն է։ Չկա նման հեռանկար։ Բյուջեի միջոցները հազիվ բավարարում են այն պարտադիր ծախսերի կատարմանը, որոնք ամրագրված են օրենքով։ Չնայած անգամ դրա համար հարկադրված ենք լինելու շարունակել պարտք վերցնել ու ավելացնել երկրի պարտքի բեռը։
Սպասվում է, որ այս տարվա վերջին Հայաստանի պետական պարտքը կհասնի 8 մլրդ 850 մլն դոլարի։ Արդեն հաջորդ տարի այն կանցնի 9,2 միլիարդից։
Պարտք վերցնելը գուցե այդքան վատ չէ, բայց պետք է այն նաև սպասարկել։ Կառավարության պարտքի սպասարկումն արդեն անցնում է բյուջեի ծախսերի 10 տոկոսից։ Ավելի պարզ ասած՝ բյուջեի միջոցների ավելի քան 10 տոկոսը հատկացնում ենք պարտքի տոկոսավճարները վճարելու համար։ Ու այդ գումարներն առաջիկայում դեռ շարունակելու են ավելանալ, որովհետև ավելանում է նաև պետական պարտքը։ Միայն այս տարի, ըստ կանխատեսումների, պարտքի բեռը կծանրանա ավելի քան 1,5 մլրդ դոլարով։
Այդպես, իհարկե, չէր լինի, եթե տնտեսությունը չհայտնվեր այս վիճակում և դա իր ուղղակի հետևանքը չունենար բյուջեի եկամուտների վրա։ Տնտեսությունն անկումային է, ու դա բերել է բյուջեի մուտքերի կրճատման։ Նախատեսված ծախսերը ֆինանսավորելու համար ստիպված նոր պարտքեր ենք կուտակում։
Մինչդեռ, կարող էր այլ կերպ լինել կամ առնվազն այդպես չլիներ, ինչպիսին հիմա է։ Բայց դրա համար հարկավոր էր ժամանակին մտածել այն մարտահրավերների կանխարգելման ու հետևանքների մեղմացման մասին, որոնց բախվեց տնտեսությունը տարվա սկզբից։
Սկզբում ամեն ինչ շատ ավելի պարզ էր թվում կառավարությանը, չնայած մասնագետներն այլ բան էին ասում։ Ընդամենը մի քանի ամիս պահանջվեց համոզվելու համար, որ տնտեսության զարգացումների հետ կապված լավատեսությունը, եթե, իհարկե, կարելի է այդպես ասել, արդարացված չէր։ 2 տոկոսի փոխարեն՝ հիմա արդեն 7 տոկոսին մոտ անկում ենք սպասում տարեվերջին։
Վերջին տվյալներով՝ տնտեսական ակտիվության անկումը հասել է 6,6 տոկոսի։ Ու դեռ չհաշված ղարաբաղյան պատերազմի գրեթե 1,5 ամսվա ազդեցությունը, որն այս տարվա տնտեսական աճի վրա Կենտրոնական բանկն ու կառավարությունը գնահատել են 1 տոկոսի սահմաններում։
Մինչ տնտեսության պոտենցիալը սեղմվել է, այդպես էլ փորձ չարվեց աշխատացնել եղած ռեսուրսները, որոնք հայտնի պատճառներով հայտնվել են հարկադիր կանգառի վիճակում։
Օրինակի համար ասենք՝ Ամուլսարը, ինչն այսօրվա այս իրավիճակում մեծ աջակցություն կարող էր լինել՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ պետական բյուջեի համար, եթե ժամանակին ծրագրի իրականացումը չհայտնվեր, այսպես ասենք, անհաղթահարելի խոչընդոտների առաջ ու 2,5 տարի չմնար ոչնչով չարդարացված պարապուրդում։
Կամ ինչպե՞ս հասկանալ այն մոտեցումը, երբ բյուջեն ֆինանսական լուրջ խնդիրներ ունի եկամուտների առումով, ու դրանք լրացնելու համար պարտք ենք վերցնում, ավելացնում ենք երկրի ֆինանսական բեռը, բայց հարկադրելով՝ փակում ենք ընկերություն, որը տարեկան 3-4 մլրդ դրամի հարկ է վճարում պետական բյուջե։
Ո՞րն է սրա տրամաբանությունը։ Տրամաբանություն, եթե նույնիսկ համարենք, որ կա, միևնույն է, այն ոչնչով չի բխում տնտեսության ու պետական բյուջեի շահերից։
Այսքանից հետո տարօրինակ չէ, որ ունենք տնտեսության այսպիսի լուրջ անկում ու բյուջեի եկամուտների բավական մեծ ճեղքված։ Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում պատկերը տխուր է։ Մի փոքր աճ ունենք արդյունաբերության մեջ, որն էլ գերազանցապես հանքարդյունաբերության ճյուղի շնորհիվ է։ Ու այդքանից հետո ոչ վաղ անցյալում համարում էինք, որ տնտեսության այդ ճյուղը պետք է հիմնահատակ անել։
Տնտեսական իրավիճակը լավ չէ, ու դա չի կարող շրջանցել հասարակությանը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ունենք գործազրկության աճ։ Այս պահին հայտնի են տարվա առաջին կեսի տվյալները, որոնք վկայում են, որ գործազրկության մակարդակը Հայաստանում 1 տոկոսով խորացել է. նախորդ տարվա երկրորդ եռամսյակում գործազուրկ է եղել բնակչության՝ 16,5, այս տարի՝ 17,5 տոկոսը։
Տեղի է ունեցել հասարակության սոցիալական վիճակի վատացում, որի արտահայտություններից մեկն էլ մանրածախ առևտրի շրջանառությունների նվազումն է։ Մարդիկ կորցրել են իրենց եկամուտները, ինչը հանգեցրել է վճարունակ պահանջարկի կրճատման։ Այն վերականգնելու հեռանկարներ մոտ ապագայում չկա։ Տնտեսական ակտիվության անկումը դեռ պահպանվում է, իսկ պետական բյուջեն միջոցներ չունի սոցիալական ծախսերն ավելացնելու համար։ Հաջորդ տարի չկան սպասումներ՝ ինչպես աշխատավարձերի, այնպես էլ՝ կենսաթոշակների ու սոցիալական նպաստների ավելացման հետ կապված։ Իսկ դա նշանակում է, որ կյանքի որակը դեռ շարունակելու է իջնել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ