«Մարեցին հազարավոր ընտանիքների լույսեր, գիտեմ ընտանիքներ, որտեղ երկու որդիներն էլ զոհվել են». Նաիրա Զոհրաբյան

Ազատության հրապարակում «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքը մեկնարկեց մոմավառությամբ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում նահատակված հերոսների։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր կոչը մեկն է՝ հարգել հազարավոր հայորդիների հիշատակը, որոնք զոհվեցին հանուն Արցախի։

«Ես հասկանում եմ, որ հիմա նրանց հոգիները նայում են և մեկ հարց ունեն՝ ինչո՞ւ, երբ  նրանք՝ այդ 18 տարեկան երեխաները, անվախ կանգնեցին և նայեցին մահվան աչքերին, մենք շատ հեշտ ենք խոսում մահվան մասին, որովհետև չենք հասկանում։ Երեխաները մահվան սարսափն աչքերին՝ կանգնեցին ու մինչև վերջ պայքարեցին։ Ինձ զանգում են մեր զինվորներն ու ասում, որ իրենց ասված է՝ զենքերը հանձնել, և վերջ, այսինքն՝ Արցախը հանձնվել է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ պատգամավորի՝ դիրքերից իջած զինվորները հերոսական դրվագներ են պատմում մարտնչող տղաների մասին։

«Մարեցին հազարավոր ընտանիքների լույսեր, գիտեմ ընտանիքներ, որտեղ երկու  որդիներն էլ զոհվել են։ Ինչի՞ համար, նրա համար, որ վերջում ասեն, թե տարբերակ չկար, պետք է ստորագրեին կապիտուլյացիա»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս