Եռակողմ հայտարարության իրավական բնույթի և հետևանքների մասին

Որքան էլ այսօր դժվար է հնարավորինս առանց հույզերի խոսել սույն թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մասին, դա անհրաժեշտ է` սթափ գիտակցված հետագա քայլերը պլանավորելու համար: Ուստի իմ վերլուծությունն եմ ներկայացնում այդ փաստաթղթի և դրա հետևանքների մասին:

Սույն թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունն ընդհանուր առումով միջազգային պայմանագիր չէ, այլ փաստաթուղթ է, նախ` ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, ինչը Հայաստանի և Ադրբեջանի գործադիր իշխանությունների լիազորությունների իրականացման եղանակ է, Ռուսաստանի Դաշնության մասով, իմ ընկալմամբ, ԵԱՀԿ շրջանակներից դուրս իրականացվող խաղաղապահ առաքելության մասին, ինչպես նաև հռչակագիր է (քաղաքական փաստաթուղթ է) հետագա անելիքների մասին, որոնք առնվազն ՀՀ համար դեռևս որևէ իրավաբանական պարտադիրություն չունեն, քանի դեռ չեն ձևակերպվել միջազգային պայմանագրի տեսքով և չեն վավերացվել: Հայտարարության մեջ կան, սակայն, նաև միջազգային պարտավորություններ` Արցախի Հանրապետության համար, ինչպես նաև միջազգային իրավունքի համապարտադիր կանոնները հռչակագրային եղանակով հավաստող դրույթներ:

Նախ` Արցախին հարակից շրջանների հանձնումը տեղի է ունենում Արցախի զինված ուժերն այդ շրջաններից դուրս բերելու եղանակով` Արցախի Հանրապետության նախագահի համաձայնությամբ:

Միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը վիճելի է, սակայն բոլոր հիմքերն ունեմ պնդելու, որ Արցախի Հանրապետությունը դե ֆակտո պետություն է, որն առնվազն միջազգային սովորութային իրավունքի ուժով ունի մասնակի միջազգային իրավասուբյեկտություն` անկախ ճանաչված լինելու փաստից: Ուստի ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության վրա միջազգային իրավունքի կոպիտ խախտում էր, և պետք է հանգեցներ Ադրբեջանի միջազգային-իրավական պատասխանատվության` այնպես, ինչպես, օրինակ, զինված գործողությունները Կոսովոյում հանգեցրեցին Հարավսլավիայի հանդեպ միջազգային պատժամիջոցների կիրառման` ներառյալ, այսպես կոչված, հումանիտար ինտերվենցիան և դրան հաջորդած Կոսովոյի անջատումը Հարավսլավիայից (Սերբիայից): Արցախի կարգավիճակի լրջագույն հարցը, սակայն, անխուսափելիորեն հետագայի հարց է, քանի որ այս փուլում անհրաժեշտ են քայլեր` ապահովելու Արցախի բնակչության տարրական իրավունքները և անվտանգությունը: Այդուհանդերձ, անհրաժեշտ է փաստել, որ Արցախի Հանրապետության առանձին բուն տարածքների զիջումն Ադրբեջանին միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթղթով հակասում է միջազգային իրավունքին և առոչինչ է Արցախի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից:

Ինչ վերաբերում է Արցախին հարակից տարածքները վերադարձնելուն, ապա պետք է փաստել, որ դրանք հնարավոր էր պահել Արցախի իրավազորության ներքո ոչ թե միջազգային իրավունքի ուժով, այլ բացառապես մեր զինված ուժերի հաջող գործողությունների արդյունքում: Հետևապես` այս մասով եռակողմ հայտարարությունը միայն հռչակագրային եղանակով ամրագրում է Ադրբեջանի` միջազգային իրավունքով արդեն իսկ անվիճելիորեն ճանաչված իրավազորության վերականգնումը իր տարածքների նկատմամբ: Ցավոք, ռազմական անհաջողությունները հնարավոր չեն դարձնում դրանց հետագա վերադարձն Արցախին:

Ավելին` ներկայումս դրանց վերադարձնելու փորձերը, իմ գնահատմամբ, կտրականապես մերժվելու են ամբողջ միջազգային  հանրության համատեղ ջանքերով, ներառյալ՝ Ռուսաստանը, և ուղղակի գոյաբանական սպառնալիք են լինելու Հայաստանի և Արցախի համար: Որևէ քաղաքական ուժի մոտ, հուսով եմ, պատրանքներ չկան այս առումով, և սա այն հարցն           է, որին ներկայիս դեռևս ֆորմալ կառավարող էժանագին պուպուլիստներին երբեք չի կարելի հակադարձել մեկ այլ պոպուլիզմով: Ցանկացած պոպուլիզմ հիմա մահացու վտանգ է ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգությանը: Այս մասով Հայաստանի Հանրապետության և Արցախի ներուժը, ներառյալ՝ ռազմական հնարավորությունները կտրուկ զարգացնելու արդյունքում է միայն հնարավոր, իմ կարծիքով, տարիներ անց վերականգնել այդ տարածքների վերադարձով պայմանավորված անվտանգային սպառնալիքները նվազեցնելու և գուցե ամբողջովին չեզոքացնելու  մեր կարողությունը: Պարտադիր չէ, որպեսզի այդ տարածքները ֆիզիկապես վերադարձվեն Արցախի Հանրապետությանը, պարտադիր է, որ Ադրբեջանը և Թուրքիան արդյունավետորեն զսպվեն այդ տարածքներից Արցախի դեմ որևէ ագրեսիայի կամ անգամ ռազմավարական սահմանափակման տեսանկյունից: Դա հնարավոր է, մի կողմից` մեր ռազմական ներուժը վերականգելու և կտրուկ բազմապատկելու միջոցով, ինչը տևական և հսկայական ջանքեր պահանջող գործընթաց է, այնպես էլ և առաջին հերթին՝ ռազմական և ռազմավարական դաշինքների էական և հետևողական ամրապնդման միջոցով:

Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարության` ՀՀ տարածքին վերաբերող կետին Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար»…)` ապա այս մասով ևս եռակողմ համաձայնագիրը սոսկ հռչակագիր է մտադրությունների մասին, այլ ոչ թե միջազգային պարտավորություն: Այն` առանց ձևակերպվելու վավերացման ենթակա միջազգային պայմանագրով, առչինչ է ՀՀ համար թե միջազգային, թե սահմանադրական իրավունքի տեսանկյունից: Այսպես, Սահմանադրության  116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը, որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ: Պետք է նշել նաև, որ այն  տեսքով, ինչպես որ հիշյալ կետը ձևակերպված է եռակողմ հայտարարության մեջ, իմ կարծիքով, չի ենթադրում և որևէ կերպ չի կարող ենթադրել Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխություն, ուստի այն նաև չի ենթադրում հանրաքվեի անցկացում այդ հարցով` համաձայն Սահմանադրության 205-րդ հոդվածի: Միևնույն ժամանակ՝ դրանից ածանցվող մեկ այլ պայմանավորվածություն, ըստ որի` «տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները», որոշ մասով սահմանափակում է ՀՀ սուվերեն իրավունքներն իր տարածքով անցնող տրանսպորտային ուղիների վերահսկման տեսանկյունից, սակայն սա նույնպես հռչակագրային պայմանավորվածություն է, որը ենթակա է ամրագրման բացառապես վավերացման ենթակա միջազգային պայմանագրով: Ուստի մինչև համապատասխան միջազգային պայմանագրով վավերացվելը հանրային իշխանության որևէ մարմին կամ պաշտոնատար անձ իրավասու չէ սկսել այս կետերի կատարումը: Դա կլինի ուղղակի հանցագործություն, և հենց դա է, որ պետք է կանխվի քաղաքական ուժերի կողմից:

Մյուս կողմից, այժմ դժվար է գնահատել, թե արդյոք իրական հնարավորություն կա՞ հետագայում հրաժարվելու ՀՀ սուվերեն իրավունքների որոշակի սահմանափակման մտադրությունները միջազգային պարտավորություն դարձնելու հեռանկարից կամ այն փոխակերպելու համատեղ հսկողության, ինչը էապես կփոխի սուվերեն իրավունքների սահմանափակման շրջանակը: Պետք է ուժերը կենտրոնացնել այն ուղղությամբ, որպեսզի, նախ` հնարավոր պայմանագրային ձևակերպման դեպքում առնվազն հսկողության բովանդակությանը վերաբերող հարցերը կարգավորվեն ոչ թե եռակողմ, կամ ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք պայմանագրով, այլ բացառապես ՀՀ և ՌԴ միջև պայմանագրով: Ստիպված եմ խոսել նման հարցերի մասին, քանի որ այլ` ավելի բարենպաստ այլընտրանքները, ցավոք, այս պահին իրատեսական չեն թվում:

Այսպիսով` սույն թվականի հոկտեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրն ընդհանուր առումով միջազգային պայմանագիր չէ, այն կողմերի ներպետական իրավունքի ուժով է իրավաբանորեն պարտադիր ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղապահ ուժերի  ներգրավման մասով, քանի որ կողմերի ներպետական իրավունքով նման հարցերի լուծումը վերապահված է գործադիր իշխանություններին: Սակայն այս հայտարարությունը, ցավոք, հռչակագրային իմաստով հաստատում է Արցախի Հանրապետությանը հարակից տարածքների` միջազգային իրավունքով արդեն իսկ ճանաչված պատկանելիության փաստն Ադրբեջանին:

Միևնույն ժամանակ Արցախի Հանրապետության Սահմանադրության ուժով Արցախի բուն տարածքների մի մասի հանձնումն Ադրբեջանին չի կարող իրականացվել եռակողմ հայտարարությամբ, անգամ, եթե Արցախի «ընտրյալ ներկայացուցիչ» Հանրապետության նախագահը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության ղեկավարին դրա վերաբերյալ: Դա խախտում է Արցախի Հանրապետության` որպես դե ֆակտո պետության տարածքային ամբողջականությունը, որը միջազգային իրավունքում ճանաչված է, դա տեղի է ունեցել նաև Արցախի Հանրապետության հանդեպ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի արգելքի` միջազգային համընդհանուր սկզբունքի կոպիտ խախտմամբ և ուղեկցվել է միջազգային մարդասիրական իրավունքի և պատերազմ վարելու կանոնների աղաղակող խախտումներով, մինչդեռ այդ սկզբունքն ապահովված է թե սովորութային, թե պայմանագրային իրավունքով: Դրանով խախտվում են նաև Արցախի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և հատկապես 128-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, այսինքն, եթե այդ դրույթները կյանքի կոչվեն առանց միջազգային պայմանագրի տեսքով ձևակերպվելու և Արցախի Ազգային ժողովի կողմից վավերացվելու, ապա դա կնշանակի, որ Արցախի Հանրապետության նախագահը յուրացրել է առնվազն օրենսդիր իշխանության առանցքային լիազորությունը (ընդսմին` Արցախի Հանրապետության Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` մինչև միջազգային պայմանագրերի վավերացումը Արցախի Գերագույն դատարանն է որոշում դրանցում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը):  Ցավոք սրտի, կանգնել ենք քաղաքական տեսանկյունից կատարված փաստերի առջև, սակայն` անկախ պատճառներից, որոնք գնահատելու համար հատուկ ընթացակարգեր են անհրաժեշտ, ակնհայտ է, որ Արցախի Հանրապետության նախագահի համաձայնությունը` Արցախի տարածքի փոփոխության մասով, Արցախի Սահմանադրության տեսանկյունից առոչինչ է:

Ինչ վերաբերում է ՀՀ տարածքով տրանսպորտային միջանցքի ապահովման և այն ՌԴ կողմից հսկվելու վերաբերյալ հայտարարություններին, ապա դրանք ՀՀ համար ոչ միջազգային, ոչ էլ սահմանադրական իրավունքի տեսանկյունից պարտադիր չեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ձևակերպվել միջազգային պայմանագրով, և այն` Սահմանադրական դատարանի դրական որոշման հիման վրա` չի վավերացվել Ազգային ժողովի կողմից:

«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` եռակողմ հայտարարությունն այդ մասով իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի այլ փաստաթուղթ է: Միևնույն ժամանակ՝ այն արտաքին քաղաքական առումով չպետք է թերագնահատվի, քանի որ դրա մի շարք դրույթներ, ինչպես արդեն նշեցի, ոչ ՀՀ համար, սակայն միջազգային կամ ներպետական իրավունքի ուժով պարտադիր են և արդեն կատարվել են: Դրանցից առանցքային է նաև ՌԴ ԶՈւ ներգրավումը, ինչը, մի կողմից` Ադրբեջանի տարածքում կատարվում է դրա համաձայնությամբ, իսկ Արցախում` մեր Երկրորդ Հանրապետության միջնորդավորված համաձայնությամբ: Ներպետական իրավունքի տեսանկյունից տրված համաձայնությունները միջազգային իրավունքի տեսանկյունից երկու դեպքում էլ պարտադիր բնույթի պարտավորություններ են: Դա չի նշանակում, որ դրանք չի կարելի չեղարկել, սակայն դա անխուսափելիորեն նշանակում է հարաբերությունների կտրուկ էսկալացիա ներկայումս Արցախի բնակչության անվտանգության միակ երաշխավորի և մեր միակ ռազմավարական դաշնակցի հետ: Ավելին` խաղաղապահ ուժերի դուրսբերումը ենթադրում է, որ մենք իրականում և ամբողջովին ի զորու ենք լինելու դուրսբերման պահից արդյունավետորեն ապահովելու Արցախի անվտանգությունը: Բայց հարց կառաջանա` իսկ եթե ի զորու ենք, ինչո՞ւ էինք համաձայնում խաղաղապահների ներգրավմանը: Հետևապես` անկախ այս լիակատար ձախողված քաղաքական իշխանությունների անխուսափելի հեռացումից` ակնհայտ է, որ ցանկացած նոր Կառավարություն պետք է հաշվի առնի կատարված փաստերը: Այս առումով կարևոր եմ համարում, որ հանրության մոտ չարթնացվեն պատրանքային ակնկալիքներ, եթե մենք չենք ունենալու դրանց կենսագործման փաստացի հնարավորությունը: Եթե ունենալու ենք, ապա դա պետք է անել մեր միակ դաշնակցի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման և մեր ռազմական հզորությունների` խնդրի լուծմանն իրականում համարժեք վերականգնման հետ միաժամանակ: Ցավը և ցասումը տեղին են, սակայն անթույլատրելի է անհիմն կամ չափազանցված ակնկալիքներ առաջացնել հանրության մոտ, քանի որ այժմ հենց դրանք կարող են դառնալ գոյաբանական խնդիր, ինչպես իրականում դարձան գործող ծայրահեղական պոպուլիստ իշխանության բազում խոստումները և անմիտ գործողությունները:

Ինչ վերաբերում է ներպետական օրակարգին և տեղի ունեցող զարգացումներին, ապա, իմ կարծիքով, օրակարգի առաջնահերթություններից է թե հետագա բանակցություններում և ընդհանրապես  մեր արտաքին քաղաքական նոր տեսլականի ձևավորումը, թե հատկապես Արցախի հարցում հստակ, համակարգային տրամաբանության մեջ անթերի և ամբողջական միջազգային-իրավական հայեցակարգային մոտեցումների ամրագրումը (կրճատ` Արցախը անգամ իր ներկայիս տարածքներով դե ֆակտո պետություն է, պատմական հիմնավորումները, որոնք շատ էական չեն միջազգային իրավունքում, պետք է իրենց տեղը զիջեն միջազգային-իրավական հիմնավորումներին, և այլն), ինչը չենք ունեցել անցած երեսուն տարիներին (պատճառների մասին շատերը խոսել են և դեռ կխոսեն), թե հավասարապես` գործող քաղաքական իշխանությունների կողմից` իրավապահ ամբողջ համակարգի հովանավորությամբ և համապատասխանատվությամբ տապալված սահմանադրական կարգի վերականգնումը` որպես հրամայական:

Ակնհայտ է, որ գործող քաղաքական իշխանությունները, որոնք պարզապես ծաղր են հայ ժողովրդի անասելի տառապանքների նկատմամբ, կորցրել են սահմանադրական լեգիտիմությունը` դեռևս տապալված սահմանադրական հանրաքվե նշանակելու պահից սկսած, և հետո զրկվել են նաև լեգալությունից` երբ իրականացրեցին սահմանադրական փոփոխություններ: Եռակողմ հայտարարության ստորագրումն անկախ հիմնավորումներից՝ ակնհայտորեն փոշիացրեց լեգիտիմության համար անհրաժեշտ հանրային վստահության վերջին մնացորդները:

Սահմանադրական կարգի տապալումը Սահմանադրությունից և օրենքից դուրս է դրել ՀՀ հանրային ամբողջ իշխանությանը, ներառյալ՝ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը և իրավապահ ամբողջ համակարգը, որի միակ գործիքակազմն ապօրինի քրեական հետապնդումները և քաղաքական իշխանությունների պաշտոնատար անձանց հանցագործությունների պարտակումն է, ինչպես նաև մասնակցությունն այդ հանցագործություններին:

Իմ կարծիքով` չափազանց ցածր ակնկալիք կարելի է ունենալ իր տարրական իրավազորությունները չգործադրած և հաճախ նույն ոչ լեգիտիմ քաղաքական իշխանությունների` պետական անվտանգությունն էապես խաթարած հակասահմանադրական սանձարձակությունները հովանավորած Հանրապետության նախագահից: Կարծում եմ, որ տեսականորեն փոքր շանս կա, բայց պահանջել նրանից նախաձեռնողականություն, այն էլ` իր լիազորությունների շրջանակից դուրս, չի կարելի:

Մյուս կողմից, գտնում եմ, որ իրենց իսկ ջանքերով Սահմանադրությունից և օրենքից դուրս դրված քաղաքական իշխանությունների դեմ պայքարն ընթանա սահմանադրական հունով, քանի որ տապալված սահմանադրական կարգի պայմաններում թեև մեծ է գայթակղությունը՝ նույնպես դիմելու հակասահմանադրական միջոցների, սակայն դրանք կարող են արդյունավետ լինել կարճաժամկետ հեռանկարում, սակայն իրար հաջորդող անօրինականությունների շղթան կարող է վերջնականապես խարխլել մեր պետական անվտանգությունը, որն ուղղակի կապված է մեր պաշտպանունակության հետ, իսկ վերջինս առանց այդ էլ էական ամրապնդման կարիք ունի: Փաստում եմ, որ քաղաքական ուժերի գերակշիռ մասն ունի այդ գիտակցումը: Իհարկե, դա բնավ չի ենթադրում ներկայիս քաղաքական իշխանությունների հետագա ապօրինությունների հանդուրժում, բայց դրանց դեմ արդյունավետ պայքարելու իրավական և քաղաքական հնարավորությունները դեռևս չեն սպառվել: Մանավանդ, որ այս տապալված կառավարության համար ներքաղաքական լարվածության սրումը` անկախ պետականության հիմքերի հետագա թուլացումից, որն իրենք երբեք չեն կարևորել, գոնե դեռ մի որոշ ժամանակով գոյությունը պահպանելու միակ հնարավորությունն է: Սակայն պատմության անիվը կանգնեցնել հնարավոր չէ, և, օրինակ, նույն ընդդիմությունն ԱԺ-ում, որքան էլ այն լեգիտիմ չէ, կարող է բազում հարցերով նախաձեռնություններ դրսևորել, հնարավորություն ունի նաև վայր դնել մանդատները` որպես ծայրահեղ միջոց: Իմ կարծիքով` խնդիրն այն է, որ սադրիչ և պատժիչ կառուցակարգերը, որքան էլ որ դրանք գործադրվեն, հատկապես՝ այս իրավիճակում, ունեն սպառվելու ռեսուրս, և դրանց չարաշահումը, ինչն ակնհայտ է, լրիվ հակառակ արդյունքների է բերելու, մյուս կողմից` բոլոր ուղղություններով, հատկապես ՀՀ համար առանձնակի նշանակություն ունեցող անվտանգության ոլորտի քաղաքականության, անդառնալիորեն ձախողված կառավարության դեպքում նախաձեռնողականությունը միշտ գտնվելու է ընդդիմադիր ուժերի ձեռքում, և այլևս երբեք չի անցնի կառավարությանը:

ԳՐԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Սահմանադրական իրավունքի մասնագետ

Տեսանյութեր

Լրահոս