«Մեղավոր ենք բոլորս՝ զորքը Պաշտպանության բանակին թողել է մենակ». Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասնեց, թե ինչու է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահի հետ ՀՀ վարչապետը համաձայնել պատերազմի դադարեցման վերաբերյալ փաստաթղթին։
«Ինչո՞ւ ենք կնքել այդ հրադադարը, որովհետև մեր զինվորները շրջափակման վտանգի մեջ էին, երբ որ Ստեփանակերտը այլևս պաշտպանող չուներ, քանի որ զինվորականները գտնվում էին հիմնական առաջնագծում։ Ո՞ւր էին կամավորականները, ո՞ւր էին մնացած աշխարհազորը, ո՞ւր էին իմ սիրելի ստեփանակերտցիները, որոնք այսօր փնտրում են դավաճաններ, չկային Ստեփանակերտ պահողներ, կային ընդամենրը 1-2 հարյուր հոգի։ 6 հազարից ավելի հոգի էին, մենք դրանով պետք է պաշտպանեի՞ք, իսկ Ստեփանակերտը գրավելուց հետո, ընդամենը մի քանի կիլոմետրից շրջափակելու էին մեր ամբողջ զորքը, 18-20 տարեկաններին, որոնք գտնվում էին Մարտունիում, Կարմիր շուկայում։ Հարցրեք զինվորականներին, ո՞վ է իրենց դավաճանել՝ դավաճանել ենք ազգովի։ Օգնություն ցուցաբերել եք, գոհ ենք բոլորիցդ։ 18-20 տարեկանով հնարավոր չէր կռվել 6-7 պետության դեմ, այո, կռվում են հիմնականում 18-20 տարեկանները»,- նշեց Արայիկ Հարությունյանը։
Ըստ նրա, երկրի նախագահի տեղն առաջնագծում չէ։
Նա նաև շեշտեց, որ Հադրութ քաղաքից 1500 հոգի փախնում էր ընդամենը մի քանի տասնյակ դիվերսանտի առաջ։
«Գնացել աղաչել, պաղատել եմ, որ պետք է գնանք ու ամբողջությամբ ոչնչացնենք այդ խմբավորմանը, որպեսզի հեշտ լինի։ Ստիպված եմ այսքանը ասում, ստիպված եմ, որովհետև արդեն պառակտվում ենք, մեղավորներ ենք փնտրում։ Նորից կրկնում եմ՝ մեղավոր ենք բոլորս՝ զորքը Պաշտպանության բանակին թողել է մենակ։ պատերազմի կանոններն են, որքան զոհ ու վիրավոր ես ունենում, գոնե այդքան պետք է համալրես։ Յուրաքանչյուր օր հարյուրավոր զոհ ու վիրավոր էինք միասին տալիս, ինչքա՞ն էինք համալրում։ Տասնյակ անգամ առաջնագիծ եմ գնացել, մի մասը ցույց եմ տվել, մի մասը՝ ոչ, այո, այդ կարիքը կար, որովհետև զգում էի, որ զորքն այդ աջակցության կարիքն ուներ»,- հավելեց Արայիկ Հարությունյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ժամանակին տարհանել են Ստեփանակերտը, ստիպված են արել, որպեսզի քաղաքացիական զոհեր քիչ լինեին։
«Հիմա այդ նույն տարհանված ժողովուրդը դավաճան է փնտրում, դավաճան են այն տղամարդիկ, ովքեր թողել են Ստեփանակերտը, Արցախը, պախկվել Երևանում։ Շատ փակագծեր կարող եմ բացել, բայց իմացեք՝ դավաճանել ենք բոլորս մեր զինվորներին՝ չպաշտպանելով, կողքին չկանգնելով»,- ընդգծեց նա։
Նա արցախցիներին խորհուրդ տվեց հեռու մնալ քաղաքական ընդվզումներից ու երևույթներից և Երևանի փողոցներում չմասնակցել որևէ գործընթացի՝ արցախցուն հարիր չէ։
«Հանգիստ եղեք, հանգիստ նստեք տեղներդ, բոլորիդ խնդիրները լուծվելու է, կոչ եմ անում հետ գալ Արցախ, պետք է հետ գանք բոլորս։ Այս երկու օրերի ընթացքում մենք ենթակառուցվածքների հարցը կլուծենք, ուզում եմ վստահեցնել, որ մեր ռեսուրսները բավարարում են բոլոր խնդիրները լուծելու համար։ Այսօր ինձ կոչով դիմել են հադրութցիները, թե ի՞նչ անենք, իհարկե, առաջինը պետք է պաշտպանեինք Հադրութը, չկարողացանք։ Այսօր խոստանում ենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի սոցիալական որևէ խնդիր չլինի։ Այսօր մենք կարող ենք Երևանում, Արցախում ապահովել նվազագույն բնակարանային, կենցաղային պայմանները, հետագայում՝ նաև արմատական։ Չունենք վերջնական ճանապարհային քարտեզ, բայց վստահեցնում եմ՝ ճանապարհները լինելու են անվտանգ, խուճապի մի մատնվեք, ձեր ունեցվածքն Արցախից Հայաստան մի տեղափոխեք, հետ բերեք։ Դուք համոզվելու եք, որ Արցախում ապրելու ենք և ավելի լավ ենք ապրելու, քան ուրիշ տեղ, որովհետև ուրիշ տեղ, այլ երկրում մեզ չեն սպասում»,- նշեց Արցախի նախագահը։
Նա բոլորին հանդարտության կոչ արեց և վստահեցրեց, որ Արցախը մնալու է հայկական, նշելով, որ քաղաքական և այլ հարցերի պատրաստ չէ պատասխանելու, քանի որ բազմաթիվ հարցեր այսօր քննարկվում են։
«Առաջիկայում կփորձեմ մեզ մտահոգող խնդիրների՝ կարգավիճակի, ճանապարհների, տարածքների, սահմանների վերաբերյալ բոլոր հարցերին պատասխանել։ Մի բան էլ պատմեմ, ես շնորհակալություն եմ հայտնել Լևոն Մնացականյանին, գիտե՞ք ինչի համար, որ ուր գնում՝ փախնում էին, ինքն էր կառավարում Քյոսալարի ամբողջ բնագիծը»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:



