Թուրքիան և Ադրբեջանը փորձում են խախտել Փաշինյան-Պուտին-Ալիև տխրահռչակ եռակողմ համաձայնությունը

Մինչ հայաստանյան հասարակությունն ուշքի չի գալիս նոյեմբերի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարության տեքստի ծայրահեղ միակողմանի բովանդակությունից, որը ողջ ծավալով իրագործման դեպքում «խոստանում է» մշուշոտ հեռանկար Արցախի հայկական բնակչության և ընդհանրապես Արցախի հայկականության համար, աշխարհաքաղաքական գործընթացներն Արցախի շուրջ չեն դադարում։

Չնայած հայտարարության տեքստում որևէ խոսք չկա թուրքական խաղաղապահ առաքելության մասին, Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները ջանք չեն խնայում ԼՂ-ում թուրքական ներկայություն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ 9 կետ պարունակող հայտարարության 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսվում էր ռուսական խաղաղապահ առաքելության մուտք հակամարտության գոտի, ինչն էլ վերջին երկու օրերին տեղի է ունենում։ 3րդ կետի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

«4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է  5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն Կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

5. Հակամարտության Կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծվում է խաղաղապահ կենտրոն:

6. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»,- ասված է հայտարարությունում։

Թուրքիան ցանկանում է խաղաղապահներ տեղակայել Արցախում

Չնայած վերջին օրերին ռուսական կողմը բազմիցս հերքեց թուրք-ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ Արցախում կարող են հայտնվել թուրք խաղաղապահներ, այսօր Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան ու Մոսկվան ստորագրել են հուշագիր ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին, որը պետք է վերահսկի ԼՂ-ում հրադադարի ռեժիմը։

Ըստ Թուրքիայի նախագահի՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողության և մոնիտորինգի թուրք-ռուսական կենտրոնի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է այսօր առավոտյան։ «Թուրքիան Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության է պատրաստ Սիրիայի ապագայի հարցում»,- ասել է նա։ Բացի դրանից, Էրդողանը պնդել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ համատեղ Ղարաբաղում խաղաղապահների շարքում իր տեղը կունենա։

Ի՞նչ է ասում Ռուսաստանը

Նախօրեին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մի քանի անգամ մեկնաբանեց, որ պլանավորվում է միայն հրադադարի վերահսկողական ռուս-թուրքական կենտրոնի ձևավորում Ադրբեջանի տարածքում։ Սակայն Թուրքիայից և Ադրբեջանից հնչող պնդումներին, որ կենտրոնը լինելու է Ղարաբաղում, ավելին, լինելու են թուրք դիտորդ-խաղաղապահներ, արձագանքեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ասելով, որ Ղարաբաղում դիտորդական կենտրոն տեղակայելու մասին Թուրքիայի հայտարարությունը հակասում է Կրեմլի տեսակետին:

«Դա չի համապատասխանում մեր տեսակետի հետ»,- հայտարարել է նա: Պեսկովը հստակեցրել է, որ կենտրոնը պետք է տեղակայված հենց Ադրբեջանի տարածքում։ ՌԴ նախագահի խոսնակը նաև նշել է, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղում մոնիտորինգի կենտրոնի ստեղծման մասին գրված չէ կրակի դադարեցման և դրա պայմանների մասին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունում, այլ «առանձին պայմանավորվածության առարկա է»։ ՌԴ նախագահի խոսնակը նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղարարների ներկայություն նախատեսված չէ։

Ինչպես երևում է Թուրքիայից և Ադրբեջանից հնչող բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից, Թուրքիան նախատեսում է խաղաղապահ ներկայություն ունենալ  հենց Լեռնային Ղարաբաղում սիրիական հակամարտության օրինակով, անտեսելով եռակողմ տխրահռչակ հայտարարությունը, որով Հայաստանը թույլտվություն չի տվել ԼՂ տարածքում թուրք դիտորդների ներկայության համար։

Թուրքիան չի հանդուրժում Ռուսաստանի դոմինանտությունը և խցկվում է հակամարտության գոտի

168am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Սիրիայում ռուս-թուրքական համատեղ խաղաղապահ առաքելության փորձը շատ հակասական է։

Ըստ նրա, եղել են՝ ինչպես համագործակցության դրական՝ հաջողված, այնպես էլ՝ անհաջող փուլեր։

Ըստ նրա, Թուրքիան հասկանում է, որ այս եռակողմ համաձայնությամբ Ռուսաստանն ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում, ինչից դուրս է մնում Թուրքիան։ Եվսեևի համաձայն, հենց սրա պատճառով Թուրքիան փորձում է գալ, տեղավորվել տարածաշրջանում և նոր ճակատ բացել Ռուսաստանի դեմ։

«Եթե այդտեղ թուրք դիտորդներ մտնեն, կլինեն նոր ապակայունացումներ հակամարտության գոտում, և բախումներն անխուսափելի կդառնան։ Դա հասկանում են Ռուսաստանում, և եռակողմ համաձայնության տեքստում չկա որևէ կետ այն մասին, որ ԼՂ տարածքում են լինելու թուրք դիտորդներ, նախատեսվում է, որ նրանք պետք է տեղակայվեն Ադրբեջանի տարածքում։ Սակայն, հասկանալով բոլոր վտանգները, Ռուսաստանը դիվանագիտական և ռազմաքաղաքական քայլեր կձեռնարկի դրա դեմ Սիրիայում։ Ես անձամբ այն համոզմանն եմ, որ Սիրիայում ռուս-թուրքական պատերազմն անխուսափելի է, հարցն այն է, թե երբ ու ինչ իրավիճակում։ Դա հասկանում են բոլորը, որովհետև Թուրքիան շարունակում է այդ երկրի տարածքում իր օկուպացիոն քաղաքականությունը, ակտիվորեն աջակցում է ռադիկալ իսլամիստների, դրանք հետո գալիս են հետսովետական տարածք, Ռուսաստանը չի կարող անտարբեր լինել այդ իրավիճակի նկատմամբ, և դա կլուծվի ուժային ճանապարհով։ Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի այնտեղ թուրքեր չհայտնվեն, և նոր ճակատ չբացվի»,- ասաց Եվսեևը՝ շարունակելով նշել նաև այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անվստահելի ֆիգուր է, ու նրա դեպքում ամեն ինչ է հնարավոր, քանի որ նա չէ որոշողը։

Ուստի, ռուս ռազմական մեկնաբանի համոզմամբ, Ռուսաստանը պետք է ճնշումներ բանեցնի Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ։

«Թուրքիայի նկատմամբ Իդլիբ շրջանում պետք է ուժային ճնշումներ բանեցվեն, որպեսզի Թուրքիան ունենա պակաս ակտիվություն ԼՂ գոտում։ Ռուսաստանը միանշանակորեն դեմ է ԼՂ տարածքում որևէ թուրքական ենթակառուցվածքի ձևավորմանը, մասնավորապես՝ դիտորդական կետերի ձևավորմանը»,- ասաց Եվսեևը։

Դիտարկմանը՝ եթե Ադրբեջանը խախտի եռակողմ համաձայնությունը, դա կարող է անել նաև Հայաստանը, Եվսեևն ասաց, որ խնդիրն այն է, որ հայկական բանակը մարտական գործողություններ շարունակելուն պատրաստ չէ, նրան հարկավոր է վերականգնվել, բանակի մարտունակության վերականգնման համար հարկավոր է առնվազն կես տարի, իրականում այս դեպքում հարկավոր է շատ ավելի շատ ժամանակ, քանի որ տեխնոլոգիապես էր ադրբեջանական բանակն ուժեղ, և հարկավոր է չեզոքացնել այդ առավելությունը։

Կյանքն ու այդ եռակողմ հայտարարությունը կարող են տարբեր լինել

«Կառուցողական չէր լինի շարունակել պայքարել, հատկապես հիմա, երբ Ադրբեջանը հայրենասիրական պահեր է ապրում։ Մի որոշ ժամանակ է հարկավոր, պետք է զոհվածների դիերի փոխանակում, ժողովուրդը կհասկանա այն գինը, որով այդ ամենը ձեռք է բերվել։ Հետո տեսանելի կդառնա, որ տեղահանվածներ չեն գա Ղարաբաղում ապրելու, քանի որ տարածքները ենթակա չեն ապրելու համար, վերաբնակեցում մասսայական չեմ կանխատեսում, և նման բան չի լինի։ Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչի՞ էր հարկավոր այդ պատերազմը, ինչի՞ էր պետք կորցնել այսքան մարդուժ, ռազմական ներուժ և այդքան զոհ, նրա համար, որտեղ չե՞ն ապրելու ադրբեջանցիները։ Որպեսզի Ադրբեջանի հասարակությունը մի փոքր սթափվի ներկայիս իրավիճակից, մի փոքր ժամանակ է հարկավոր։ Ցանկալի է, որ հայկական կողմը չբարձրացնի ռազմական գործողություններ վերսկսելու հարցը, պետք է վերականգնվի և տեսնի՝ ինչպես կզարգանա իրավիճակն Ադրբեջանի ներսում։ Չպետք է խուճապի մատնվել և պատրաստել բանակը նոր մարտերի, ես այդպես կասեի, բայց դրա համար ժամանակ է հարկավոր։ Ես այն կարծիքին եմ, որ կյանքը, իրականությունն այդ տեքստից տարբեր է լինելու և կարող է լինել»,- ասաց Եվսեևը։

Նա պնդեց, որ Թուրքիայի ներկայությունը ԼՂ տարածքում անընդունելի է Ռուսաստանի համար, և այդ մասին հստակ հայտարարվում է։

«Այլ հարց է, թե Ռուսաստանն ինչպես կարող է դրան խոչընդոտել՝ դիվանագիտական, ուժային, այլ ուղիներ ևս կան, այդ թվում՝ Իլհամ Ալիևի նկատմամբ։ Պետք է հանգիստ դիտարկել հարցը, հասկանալ, որ հաջողվեց պահպանել վայրը, որտեղ ապրում էին ղարաբաղցիները, իսկ տարածքը կարող է գնալ ու գալ, իսկ եթե մարդիկ չլինեն, այնտեղ ոչ ոք չի ապրելու։ Այսինքն՝ իրավիճակն այնքան էլ ահավոր չէ, ռուսական խաղաղապահները երաշխիք են։ Իսկ այն, ինչ թուրքերն են ցանկանում, կարող են ցանկանալ, բայց դա չկա և տեքստում ևս դա չկա։ Կրկնեմ՝ կյանքը մի փոքր այլ է լինելու, քան այն, ինչ հայտարարվեց։ Ռուսաստանը կգնա ԼՂ երկնքի լիակատար վերահսկողության խաղաղապահների անվտանգության պատճառաբանության ներքո։ Այդ պարագայում հայկական կողմը ստանալու է առավելություններ»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս