Ոստիկանության պետի պարգևավճարի չափը գաղտնի է, իսկ համակարգում տրվել է 1․5 միլիարդ դրամ պարգևավճար
Պարգևավճարների արժանացած հերթական գերատեսչությունը ՀՀ ոստիկանությունն է, որտեղ վերջին անգամ պարգևավճարներ բաժանվել են հոկտեմբեր ամսին։
Ի պատասխան մեր հարցման՝ ոստիկանությունից հայտնում են, որ համակարգի աշխատողներին 2020 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին վճարվել է օգոստոս և սեպտեմբեր ամիսների պարգևավճարը՝ համապատասխանաբար՝ 747․5 միլիոն և 750․8 միլիոն դրամ (1.5 միլիարդ դրամ):
«Բացի այդ, ոստիկանության ծառայողները, բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողների, պարգևատրվել են նաև սեպտեմբերի 21-ի կապակցությամբ՝ 50-հազարական դրամի չափով»,- ասված է մեզ տրված պատասխանում։
Ոստիկանությունից խնդրել ենք նաև նշել, թե որքան պարգևավճար են ստացել երկու ամսվա կտրվածքով Ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանը և նրա տեղակալները։
Ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնել են, որ հարցը ենթակա է մերժման, քանի որ, ըստ «Աշխատանքային օրենսգրքի» 131 հոդվածի, 134 հոդվածի 1-ին մասի, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձրատրության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 3-րդ մասին համաձայն՝ առանց պաշտոնյաների գրավոր համաձայնության՝ երրորդ անձանց այդ տվյալները տրամադրվել չեն կարող, բացի այդ, հայտնել են նաև, որ տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել ենք Անվտանգության խորհրդում, Պետական եկամուտների կոմիտեում և Ազգային ժողովում տրված պարգրավճարների չափերի մասին։