«Իշխանության համար ահազանգ պետք է լինի, որ երկու օր առաջ Պուտինը խոսեց Էրդողանի հետ՝ արցախյան հարցի կարգավորման հետ կապված». Արամ Սարգսյան
Արդեն մի քանի օր է՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության գրասենյակում հավաքվում են արտախորհրդարանական շուրջ երկու տասնյակ կուսակցություններ և քննարկում սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակն Արցախում և Հայաստանում, և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ քննարկումների ավարտին հանդես կգան համատեղ հայտարարությամբ: 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՅԴ գրասենյակում ընթացող քննարկումներին մասնակցած կուսակցություններից Դեմոկատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ քննակվում է հարցը, թե ինչպես վարվել, որ ստեղծված իրավիճակից դուրս գանք։
«Իհարկե, ավելի վաղ մեր և այլ կուսակցությունների հետ արվեց համատեղ առաջարկ՝ ստեղծել Պետական պաշտպանության կոմիտե և մեկտեղել բոլոր ուժերի հնարավորությունները. այդ առաջարկը մնաց անարձագանք, և հիմա Կառավարությանն է պետք հարցնել, թե ինչո՞ւ։ Ինչ վերաբերում է այս օրերին ընթացող քննարկումներին, ապա մենք, համենայդեպս, այն առաջարկը, որը ներկայացված է եղել, չենք ստորագրել։ Դա կապ ունի նրա հետ, որ մեզ համար պետք է տեսանելի լինի, թե ի՞նչ քայլեր են կատարվելու և ինչպե՞ս, որ շտկեն իրավիճակը։ Մեր կարծիքով՝ խնդիրը շատ պարզ է՝ կա՛մ Կառավարությունը հանդես է գալիս հաշվետվությամբ, հայտարարությամբ և ասում, թե ինչպե՞ս է տեսնում դեպքերի զարգացումն ու ի՞նչ միջոցներ է գործի դնելու՝ առանց մտնելու դետալների մեջ, վերցնում պատասխանատվությունն իր վրա, կա՛մ ստեղծում է պետական պաշտպանության կոմիտե, որը շատ ընդունված ձևաչափ է պատերազմական իրավիճակների ժամանակ։ Ես հիմա ուզում եմ հարց տամ վարչապետին, վերջիվերջո, ինչի՞ վրա է հույս դրել»,- ասաց Արամ Սարգսյանը։
Ըստ նրա՝ այո՛, այսօր հայկական բանակն է կերտում մեր հաղթանակը, սակայն որպեսզի պատերազմն արագ ավարտվի, պետք է փոփոխություն մտցվի հայ-ռուսական հարաբերությունների մեջ, և դրանք պետք է բերվեն նոր որակի։
«Իշխանության համար ահազանգ պետք է լինի, որ երկու օր առաջ Պուտինը խոսեց Էրդողանի հետ՝ արցախյան հարցի կարգավորման հետ կապված։ Սա շատ լուրջ ահազանգ է, որովհետև մինչև հիմա Պուտինը հրաժարվում էր Թուրքիային մասնակից դարձնել, ուրեմն՝ սա ահազանգ թող լինի մեր իշխանության համար, որովհետև հիմա մի վիճակ է, երբ դուք կարող եք ձեր ուժերով ամեն ինչ անել, բայց թե ինչպիսին կլինի վերջնական կարգավորումը, կարող է ձեզանից կախված չլինել»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ միայն հարցի լուծումը բանակի վրա թողնելը կարող է բերել երկարատև պատրեազմի, ուստի եթե ուզում ենք քաղաքական արդյունավետ որոշում ունենալ, ապա մեր ունեցած միակ ռազմավարական դաշնակցի հետ պետք է հասնենք լավագույն հարաբերությունների։
Արամ Սարգսյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ BBC-ին տված հարցազրույցին, որի ժամանակ վերջինս նշել էր, որ պատրաստ է բանակցել, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հարցին՝ երբ Ալիևը չի ճանաչում Արցախի անկախությունը, բնականաբար, Արցախի նախագահին, այդ դեպքում ո՞ւմ հետ կարող է բանակցել Ալիևը, ինչպես ասել է հարցազրույցում, և ինչ է ակնարկում նման խորամանկ հայտարարությամբ, Արամ Սարգսյանը պատասխանեց.
«Ես լուրջ չեմ ընդունում Ալիևի նման հայտարարությունները, ինչ ասես կարող է ասել, հերքել, օրինակ, որ կասետային ռումբ է կիրառվում Արցախում իր բանակի կողմից։ Այստեղ հարցը հետևյալն է՝ մենք կարո՞ղ ենք արդյոք Ալիևին պարտադրել, որ նա գա բանակցային գործընթացի՝ հաշվի առնելով մեր շահերը. սա պետք է լինի մեզ համար կարևորը»,- ասաց Սարգսյանը։
Խոսելով արցախաադրբեջանական հակամարտության վրա ազդելու հնարավորություն ունեցող պետությունների մասին՝ Արամ Սարգսյանն առանձնացրեց Ռուսաստանի դերակատարությունը՝ ընդգծելով, որ համանախագահող այդ երկիրը կոնկերտ գործողություններ է իրականացնում՝ զենքի մատակարարումից սկսած՝ այլ բաղադրիչներ, և նաև այդ ամենի շնորհիվ է, որ հայկական բանակն այսպես հերոսաբար պայքարում է այսքան տևական ժամանակաշրջան։
«Բայց ի՞նչ կարող էր անել Ռուսաստանը, որը չի անում. սա հարց է։ Այո, կան մի շարք հայտարարություններ, որ ՌԴ-ն կարող է սկսել հակաահաբեկչական գործողություններ, բայց չէ՞ որ դա ասելով չէ, հարցազրույցներով չէ, որ պետք է իրականություն դառնա։ Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է պաշտոնապես դիմի և իրավական հիմք տա Ռուսաստանին՝ հակաահաբեկչական պայքար սկսելու համար։ Վարչապետը պետք է ոչ թե հարցազրույցներում խոսի այդ պայքարի մասին, այլ՝ պաշտոնական դիմումով, որը միջպետական հարաբերությունների պահանջն է։ Միևնույն ժամանակ, կան որոշակի պայմաններ կամ քայլեր, որոնք պետք է Հայաստանը կատարի՝ իր նկատմամբ վստահությունն անհամեմատ ավելի բարձր մակարդակի վրա բարձրացնելու համար։ Հայաստանի հարաբերությունները պետք է Ռուսաստանի հետ զարգանան այնքանով, որքանով դրանք հնարավոր են և նպատակահարմար, իսկ Հայաստանի հարաբերություններն այլ երկրների հետ պետք է զարգանան այնքանով, որքանով դրանք չեն խանգարում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը»,- ասաց ասաց Արամ Սարգսյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում