Բաժիններ՝

«Գառնիկը ծնողներ չունի, ուներ մեզ, մենք էլ ունեինք իրեն…». զոհված սպայի կին

Արցախում դիպուկահարի կրակոցից զոհված 33-ամյա մայոր Գառնիկ Հուսիկի Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ակունք գյուղից էր: Դպրոցն ավարտելուց հետո սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ծառայության էր անցել էր Հայաստանի զորամասերից մեկում, իսկ վերջին 5 տարում տեղափոխվել էր Արցախ՝ Մատաղիս:

Գառնիկի կինը՝ Սաթենիկ Եղիազարյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ Մատաղիս էին տեղափոխվել ընտանիքով՝ 3 երեխաների հետ, և պատերազմի սկսվելու օրն այնտեղ են եղել.

«Մեծ տղաս 11 տարեկան է, իսկ փոքր տղաս ու աղջիկը զույգ են՝ 4 տարեկան, ապրիլյան պատերազմից հետո են ծնվել՝ 2016 թվականին, ամուսինս նաև ապրիլյան պատերազմին է մասնակցել: Գառնիկն ապրում էր իմ ու մեր 3 երեխաների հետ, հայր ու մայր չուներ, ուներ մեզ, մենք էլ ունեինք իրեն… Ինքը շատ հանգիստ բնավորություն ուներ, շատ հոգատար, թե ընտանիքում, թե զինվորների համար: Միշտ բողոքում էի, ասում էի՝ խի՞ ես ուշ գալիս, միշտ քեզանից կարոտ ենք մնում, որովհետև առավոտ շուտ գնում էր, երեկոյան նոր գալիս էր, պատասխանում էր՝ որ առավոտյան գլուխս բարձր շարք կանգնեմ»:

Սաթենիկի մոտ տպավորվել է սեպտեմբերի 27-ի առավոտը, երբ թշնամին սկսեց ռմբակոծել իրենց շենքը:

«Պատերազմի օրն ինքը տանն էր՝ 06:50, երբ կրակոց եղավ՝ ինքը վազելով երեխեքին գրկեց ու ասաց՝ Սաթ, շուտ նկուղ իջիր, բայց չնկատեց, որ ես չեմ գնում: Քանի որ երեխեքը տկլոր էին, մի քանի շոր վերցրեցի, ինքը երեխեքին իջեցրել էր ու տեսել, որ ես չկամ, հետևիցս հետ էր եկել, որովհետև անմիջապես մեր շենք էին ռմբակոծում… Ասաց՝ Սաթ, ես շուտ գնում եմ, իմ երեխեքին վտանգ է սպառնում, «իմ երեխեք» ինքը միշտ իր զինվորներին էր ասում: Մոտ 7 ժամ մնացել ենք ռմբակոծության տակ, մինչև մեզ օգնության են եկել, որովհետև ռմբակոծում էին: Հետո զանգեց, տեսավ, որ ապահով տեղում ենք, ինձ էլ հանգստացնելու համար ասաց, որ ինքը Մատաղիսում չէ, բայց հետո պարզվեց, որ Մատաղիսում է եղել մինչև ամսի 2-ը»,- պատմեց Սաթենիկը:

Գառնիկը 2 օր տուն չզանգելուց հետո, հոկտեմբերի 1-ին կնոջն էր զանգել, հավատացրել էր, որ ամեն բան լավ է.

«Շատ անհանգիստ էի, երբ զանգեց, լացեցի, խնդում էր վրաս, ասում էր՝ գիժ ես դու, խի՞ ես լացում, ես շատ ապահով տեղ եմ, շատ լավ եմ, երեխեքին լավ կնայես, վաղը նորից կզանգեմ: Ամսի 2-ի առավոտյան զանգեցի, ինքն անջատեց, այսինքն՝ ինքը չանջատեց… Հավատացեք 12 տարվա մեջ  ինքը երբեք իմ հեռախոսազանգը չի անջատել, երբեք, թեկուզ, որ ժողով էին ունենում, այդ ժամանակ էլ չէր անջատում, ես այդ անջատելուց զգացի, որ դա իմ Գառնիկը չանջատեց, ու հասկացա, որ ինքն էլ չկա: Հետո իմացա, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ի գիշերը լույս 3-ին՝ Մատաղիսում: Ինքն իր զինվորներին տարել է ապաստարան, հետո սպայական կազմով հետ է գնացել Մատաղիս, ու գլխի հատվածում ստացած՝ դիպուկահարի կրակոցից զոհվել է»:

Սաթենիկը պատմեց, որ ամուսիններով շատ պլաններ ունեին, որոշել էին, որ պետք է տեղափոխվեն Երևան, անգամ մեծ տղայի ուսման մասին էին արդեն մտածում: Հետո էլ ասաց՝ ամեն բան անելու է, որ ամուսնու նպատակներն իրականանան.

«Ուզում էինք մեր մեծ տղան զինվորական բժիշկ դառնար, հուսով եմ՝ կյանքն ինձ թույլ կտա մեր նպատակներն իրականացնեմ, ինչ նպատակ, որ երկուսով ունեինք: Այս պահին միայն տան խնդիր ունեմ, ուրիշ ոչ մի բանի խնդիր: Մեծս հասկանում է, չի լացում, անընդհատ աչքերիս է նայում, որ հանկարծ ես չլացեմ, իսկ պուճուրներս անընդհատ հորն են ուզում, նկարն են պաչում, աղջիկս է շատ լացում, ինքն իրեն խոսում է, ասում է՝ պապա, ես քեզ եմ ուզում… Աստծուն շնորհակալ եմ, որ հենց ինքն է իմ երեխաների հայրը…»:

Գառնիկ Հուսիկի Խաչատրյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ Ակունք գյուղի գերեզմանոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս