2021թ. կրկին հաստիքների ավելացում է նախատեսվում

Ազգային ժողովի հանձնաժողովներում 2021թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, անդրադառնալով պարգևավճարների խնդրին, ֆինանսների նախարարը հայտարարեց, որ դա միջանկյալ լուծում է, քանի դեռ չեն ավարտվել պետական կառավարման համակարգի բարեփոխումները։

«Մենք, ըստ էության, սա որպես միջանկյալ լուծում ենք ներկայացրել այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին և չի գտնվել ծանրաբեռնվածության բաշխման և աշխատանքի վարձատրության համարժեք համակարգի ճիշտ լուծումը, իսկ մինչ այդ սա ժամանակավոր լուծում  է»,- պատասխանելով պարգևավճարներն ավելացնելու վերաբերյալ պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին՝ հայտարարեց Ատոմ Ջանջուղազյանը։

Այսօր, անշուշտ, դժվար է ասել, թե պետական կառավարման համակարգում բարեփոխումներն ինչ փուլում են գտնվում, և ընդհանրապես, երբ են հասնելու իրենց տրամաբանական ավարտին, ինչպես ասում է ֆինանսների նախարարը։ Այդ ուղղությամբ աշխատանքները գրեթե տեսանելի չեն, եթե, իհարկե, այդպիսի աշխատանքներ կատարվում են։

Մինչ պետական կառավարման համակարգի բարեփոխումները ձգձգվում են, պետական բյուջեն պարգևավճարների տեսքով բավական մեծ գումարներ է ծախսում պետմարմինների ծառայողների վարձատրության համար։ Հաջորդ տարվա բյուջեի նախագծում այդ նպատակի համար հատկացված է ավելի քան 18,8 միլիարդ դրամ։ Այն համարժեք է շուրջ 38 մլն դոլարի։ Չհաշված աշխատավարձերը, պարգևավճարների ձևով կառավարությունը պատրաստվում է լրացուցիչ այդքան գումար հատկացնել պետմարմինների աշխատողների վարձատրության համար։

Սա բավական մեծ բեռ է պետական բյուջեի վրա։ Եվ դա կարող էր չլինել, եթե ժամանակին իրականացվեին պետական կառավարման համակարգի բարեփոխումները։

Այդ մասին խոսվում էր իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ հայտարարվեց, որ պետական կառավարման համակարգն ուռճացված է, և պետք է կատարվեն լուրջ բարեփոխումներ։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ բարեփոխումները չեն կատարվել, ինչի հետևանքով պետական բյուջեն ստիպված է մի քանի տասնյակ միլիոն դոլարի լրացուցիչ գումարներ հատկացնել, որպեսզի պետական չինովնիկներն իրենց բավարարված զգան։

Պետական կառավարման ապարատն ուռճացված է եղել և շարունակում է ուռճացված մնալ։ Այս առումով, կարելի է ասել, ոչինչ էլ չի փոխվել։

Նախարարությունների ու այլ գերատեսչությունների, երբեմն՝ արհեստական միավորումներով ու միաձուլումներով, խնդիրը չլուծվեց։ Պետական ապարատն օպտիմալացնելու և կրճատելու փոխարեն, ընդլայնվում է։ Բնականաբար, ավելանում է նաև բյուջեի բեռը։

Որպեսզի պատկերն ամբողջական լինի, մի փոքր հեռվից գանք։

2020թ. պետական բյուջեի նախագծով պետական մարմինների պահպանման ծախսերը հաշվարկվել էին՝ հիմք ընդու­նելով 18991 հաստիքային միավորները։ Նախատեսված էր նախորդ տարվա համեմատ հաստիքներն ավելացնել 534-ով։ Հաստիքների ավելացումը բացատրվում է նախարարությունների վերակազմակերպմամբ, նոր մարմինների ստեղծմամբ, ինչպես նաև՝ առանձին պետական մարմիններում կառուցվածքային փոփոխությունների հետևանքով աշխատողների թվաքա­նակի կարգավորմամբ:

Սա՝ այն դեպքում, երբ խոսում էինք պետական ապարատի ուռճացված լինելու և օպտիմալացնելու անհրաժեշտության մասին։ Բայց դա էլ մի կողմ թողնենք։

Ոչինչ, որ այս տարվա համար 2020թ. պետական բյուջեով նախատեսված էր պետմարմինների աշխատակազմերում հաստիքները համալրել 534-ով, փաստացի դրանք շուրջ 2,5 անգամով շատ են ավելացել. 534-ի փոխարեն՝ 1252-ով։

Դատելով 2021թ. պետական բյուջեի նախագծից՝ հիմա պետմարմիններում առկա է 19 հազար 709 հաստիքային միավոր։ Այնինչ՝ 2020թ. բյուջեով հաշվարկված էր, որ պետք է լինի 18 հազար 991 հաստիքային միավոր։ Տարբերությունը հասնում է 718-ի։

Թե ինչի համար են ավելացել այդ հաստիքները, պարզ չէ։ Գուցե և եղել է նման անհրաժեշտություն։ Խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, որ անընդհատ խոսում ենք պետական կառավարման ապարատի օպտիմալացման և կրճատման մասին, բայց այն իրականում ավելանում է։ Կավելանա նաև հաջորդ տարի։

2021թ. պետական բյուջեն արդեն ձևավորված է ոչ թե 19 հազար 709, այլ 19 հազար 771 հաստիքային միավորի հաշվարկով։

«ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի նախագծում պետական մարմինների պահպանման ծախսերը հաշվարկվել են՝ հիմք ընդու­նելով 19771 հաս­տիքային միավորների քանակը, որը 2020 թվականի համեմատ՝ ավելացել է 62 միա­վո­րով: Թվաքանակի փոփոխությունը հիմնականում պայմանավորված է օրենսդրական կարգավորումներով, ինչպես նաև պետական մարմինների գործառույթների և կառուցվածքների օպտիմալացմամբ»,- ասվում է կառավարության 2021թ. բյուջետային ուղերձում։

Թվում է, թե օպտիմալացումը պիտի բերեր հաստիքների կրճատման, բայց ունենք հակառակ պատկերը։ Պետմարմիններում ընդգրկված հաստիքները գնալով ավելանում են։ 2021թ. դրանք 1314-ով ավելի կլինեն 2019թ. համեմատ։

Սա է այն բարեփոխումների ու օպտիմալացումների արդյունքը, որոնք տեսնում ենք պետական կառավարման ապարատի վրա։ Ուռճացված ապարատն այսօր էլ շարունակում է ուռճացվել։ Բնականաբար, դա պետք է բերի նաև այդ ապարատի պահպանման ծախսերի ավելացման, ինչը տեսնում ենք տարեցտարի։

2019թ. պետական մարմինների պահպանման ծախսերը կազմում էին 116,5 մլրդ դրամ, 2020թ.՝ 128,2 մլրդ դրամ։ Հաջորդ տարվա համար նախատեսված է շուրջ 130,8 մլրդ դրամ։

Երկու տարում պետական ապարատի պահպանման ծախսերն ավելացել են գրեթե 14,3 միլիարդով, միայն աշխատանքի վարձատրության գծով՝ ավելի քան 5 միլիարդով։ Ու սա՝ այն պարագայում, երբ, ինչպես այս տարի, աշխատավարձի բարձրացում նախատեսված չէր, այնպես էլ՝ նախատեսված չէ հաջորդ տարվա համար։

Հաջորդ տարի կառավարությունը մտադիր է նոր հաստիքներով համալրել դատաիրավական ոլորտի մի շարք կառույցների աշխատակազմերը։

Միայն 73 հաստիք կավելանա Դատախազությունում։ 49 հաստիքով կհամալրվի Քննչական կոմիտեն։ Եվս 7 հաստիք կավելանա Հատուկ քննչական ծառայությունում։

Հատիքների բավական մեծ համալրում կլինի նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում՝ 60-ով, և Կադաստրի կոմիտեում՝ 48-ով։

Կլինեն նաև կրճատումներ, այդ թվում՝ նաև վարչապետի աշխատակազմում։ Բայց արդյունքում՝ պետական ապարատում 2021թ. կրկին կունենանք հաստիքների ավելացում՝ ակնկալվող օպտիմալացման ու կրճատման փոխարեն։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս