Երբ կրճատում ենք եկամուտները, հետո հպարտանում, թե կգերակատարենք   

Կառավարությունը ստիպված եղավ այս տարի 2 անգամ վերանայել պետական բյուջեն։ Համավարակին հաջորդող շրջանում արձանագրված տնտեսական զարգացումները հանգեցրեցին մուտքերի զգալի կրճատման։

Տնտեսության զարգացումների ու բյուջեի եկամուտների ապահովման հետ կապված անորոշություններն ու ռիսկերն էլ ավելի մեծացան ռազմական դրության հայտարարումից հետո։ Թե ռազմական դրությունն ու սանձազերծված պատերազմն ինչպե՞ս են արտահայտվել բյուջեի վրա, դեռ ժամանակ կլինի անդրադառնալու։ Մինչ այդ օրերս վարչապետը շտապեց փոխանցել, որ սպասվում է վերանայված բյուջեի գերակատարում։

«Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծն էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։

Արդյունքում՝ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, ինչն այնքան անհրաժեշտ է՝ մանավանդ հիմա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Որ բյուջեի եկամուտների ապահովումն այս պահին շատ կարևոր է մեր երկրի համար, այդպես էլ կա։ Այլ հարց, թե որքանով է տեղին 2 անգամ կրճատելուց հետո խոսել եկամուտների գերակատարման մասին։

Բյուջեի եկամուտներն այս տարի էապես հետ են ընկել նախնական ակնկալիքներից։ Դրանք զգալիորեն պակաս են նաև նախորդ տարվա համեմատ։

Տնտեսական զարգացումներն անկումային են, ու այդ հանգամանքն իր ազդեցությունն է ունենում բյուջեի մուտքերի վրա։ Վերջին տվյալներով՝ տնտեսական ակտիվության անկումը հասել է 6,6 տոկոսի։ Խոսքն 9 ամսվա մասին է։ Դրանում չկա պատերազմի ու համավարակի նոր ալիքի ազդեցությունը։ Բայց ենթադրվում է, որ կլինի։ Կենտրոնական բանկի գնահատումներով՝ այդ 2 գործոնները ևս 1 տոկոսով կավելացնեն տնտեսական անկումը։

Որքան խորանում է տնտեսական անկումը, բնականաբար, այնքան մեծանում է ճնշումը բյուջեի եկամուտների վրա։ Բայց հուսանք, որ, ինչպես վարչապետն է ասում, հարկատուների վարքագծի փոփոխության արդյունքում՝ տնտեսական անկման հետևանքները շատ մեծ չեն լինի։

Առայժմ հայտնի է բյուջեի միայն 9 ամսվա կատարողականը։ Ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվության համաձայն՝ առաջին 3 եռամսյակներին բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 75 մլրդ դրամ։ Ծախսերը մոտենում են 1 տրիլիոն 230 միլիարդի։ Նախորդ տարվա համեմատ՝ եկամուտները նվազել են, ծախսերը՝ ավելացել։

2019թ. 9 ամսում բյուջեի մուտքերը կազմել էին 1 տրիլիոն 148 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 53 մլրդ դրամ։

Նախորդ տարվա համեմատ այս տարի բյուջեի եկամուտները նվազել են 73 միլիարդով, ծախսերն ավելացել են 157 միլիարդով։ 9 ամսում բյուջեն կատարվել է շուրջ 155 մլրդ դրամ դեֆիցիտով։

Նվազել են բյուջեի հարկային եկամուտները։ Դրանք հետ են մնացել նախորդ տարվա ցուցանիշից։ 3 եռամսյակում բյուջե է մուտքագրվել շուրջ 1 տրիլիոն 17 մլրդ դրամի հարկային եկամուտ և պետտուրք։ Այն մի փոքր նույնիսկ գերազանցել է ծրագրային ցուցանիշը։ Խոսքը վերանայումից և կրճատումից հետո հաստատված ցուցանիշի մասին է։ Այդ ցուցանիշը, ըստ Ֆինանսների նախարարության, գերակատարվել է 0,6 տոկոսով։ Բայց այն 5,8 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվանից։ Նախորդ տարվանից 62,4 մլրդ դրամով պակաս գումար է մտել բյուջե։

Բյուջեի մուտքերը նվազել են ԱԱՀ-ի, շահութահարկի, շրջանառության հարկի, մաքսատուրքերի գծով։ ԱԱՀ գծով նախորդ տարվանից 5,9 տոկոսով պակաս եկամուտ է ստացվել։ Շրջանառության հարկից եկամուտները կրճատվել են ավելի քան 17 տոկոսով։ Շատ ավելի մեծ է մաքսատուրքերի անկումը՝ գրեթե 29 տոկոս։

Եթե շահութահարկի դեպքում մուտքերի նվազման վրա որոշակի ազդեցություն են ունեցել տնտեսական հատվածի մասնակիցների հասույթների կրճատումը, օրենսդրական փոփոխություններն ու պարտավորությունների հետաձգումը, ապա մաքսատուրքի նվազումը հիմնականում տրանսպորտային միջոցների ներմուծման կտրուկ կրճատման հետևանք է։ Դադարել են գործել այն կարգավորումները, որոնք թույլ էին տալիս արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ներմուծել Հայաստան։ Թե այդ արտոնության վերացումն ինչպես է անդրադարձել բյուջեի մուտքերի վրա, կարելի է տեսնել տրանսպորտային միջոցների ներմուծման ոլորտում գործող ընկերություններից մեկի հարկային պարտավորությունների օրինակով։ Խոսքն «Ավտոներկրող-10» ընկերության մասին է։ Անցած տարվա 9 ամսում այն վճարել էր շուրջ 7,3 մլրդ դրամի հարկ, այս տարի վճարել է ընդամենը 185 միլիոն։

Շրջանառության հարկից բյուջեում գոյացող վճարները պակաս են եղել 3,6 տոկոսով։ Դա ներքին սպառման նվազման հետևանք է, ինչը բացասաբար է արտահայտվել այդ հարկատեսակի ստացվող եկամուտների վրա։

Ի տարբերություն այս հարկատեսակների, ոչ մեծ չափով, բայց մուտքերն ավելացել են բնապահապանական հարկի և բնօգտագործման վճարների, եկամտային հարկի, ակցիզային հարկի գծով։ 9 ամսում 2,8 տոկոսով ավելի բնապահպանակման հարկ և բնօգտագործման վճար է հավաքվել։ 2 տոկոսով ավելացել են նաև եկամտային հարկի մուտքերը։ Ակցիզային հարկը 1,7 տոկոսով է գերազանցել անցած տարվա ցուցանիշը։

Ավելացել են նաև բյուջեի, այլ հարկերը։ Այս դեպքում աճը համեմատաբար ավելի բարձր է։ Նախորդ տարվանից գրեթե 16 տոկոսով ավելի գումար է հավաքվել։

Ինչպես հայտնի է, բյուջեի մուտքերը գոյանում են ոչ միայն հարկային, այլև այլ եկամուտներից։ Ճիշտ է, հարկային եկամուտների և պետտուրքերի մասնաբաժինը գերակշռող է՝ գրեթե 95 տոկոս, բայց կան նաև այլ եկամուտներ։ Ասենք՝ պաշտոնական դրամաշնորհները։ Այստեղ ունենք բավական լուրջ թերակատարում. 9 ամսվա ծրագիրը կատարվել է ընդամենը 22 տոկոսով։

Եկամուտների ակտիվ աճ ունենք նաև բյուջեի ազատ միջոցների տեղաբաշխումից։ Խոսքը հայտնի հիվանդության մասին է, որը նախկինում էլ մշտապես զգացնել է տվել։

«Բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների դիմաց ստացվել են ավելի քան 13,1 մլրդ դրամ տոկոսավճարներ՝ 123, 7 տոկոսով (7,3 մլրդ դրամով) գերազանցելով ինն ամսվա ծրագրված մուտքերը և 51,7 տոկոսով (4,5 մլրդ դրամով)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ծրագրված ցուցանիշի գերազանցումը պայմանավորված է 2020 թվականի ինն ամիսների ընթացքում պետական բյուջեի եկամուտների համեմատ ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով, որի պայմաններում առաջացել են լրացուցիչ ժամանակավոր ազատ դրամական միջոցներ, ինչպես նաև ֆինանսական կարիքի ապահովման նպատակով պետական գանձապետական պարտատոմսերի լրացուցիչ թողարկումներով, որոնց տեղաբաշխումից մուտքագրված միջոցները ևս ներդրվել են՝ ապահովելով լրացուցիչ եկամուտ: Վերոհիշյալ հանգամանքներով, ինչպես նաև 2019 թվականի ինն ամիսների համեմատ 2020 թվականի նույն ժամանակահատվածում 149 մլրդ դրամով ավելի շատ ավանդների փոխանցմամբ է պայմանավորված նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զուտ տոկոսագումարների աճը»,- բյուջեի իննամսյա կատարողական հաշվետվության մեջ արձանագրել է Ֆինանսների նախարարությունը:

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս