«39 օր անընդհատ նկուղում գտնվելով՝ անհնար է պատմել այն դղրդյունը, ինչ մենք լսում ենք». արցախցի կին
Արդեն 40 օր է՝ Արցախում մնացած կանայք, երեխաներն ու տարեց մարդիկ բնակվում են նկուղներում: Այսօր ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան առջև ակցիա իրականացնող կանանցից մեկը պատմեց, թե ի՞նչ են լսում, զգում այնտեղ գտնվողները:
«39 օր անընդհատ նկուղում գտնվելով՝ անհնար է պատմել այն դղրդյունը, ինչ մենք լսում ենք, ես չէի ցանկանում գալ Արցախից, եկա մորս առողջական խնդիրների պատճառով, բայց ես կվերադառնամ: Իսկ հիմա եկել եմ ձեզ փոխանցելու այն մարտական ոգին, որ ունեն մեր աղջիկները, կանայք, ովքեր այնտեղ նկուղում նստած են, մենք վախեցողը չենք, լավ իմացեք: Ես կվերադառնամ մեր հայրերի, մեր պապերի, մեր տղաների, իմ ամուսնու, իմ տղայի մոտ, ովքեր կռվում են այնտեղ թուրք և ադրբեջանցի ահաբեկիչների դեմ, ես նրանց հետ կկանգնեմ մինչև վերջ»,- ասաց Արցախից եկած կինը:
Իսկ Գերմանիայի դեսպանատնից հայտնեցին, որ դեսպանը տեղում չէ, փոխդեսպանը պատրաստ է ընդունել կանանցից միայն մեկին: Սա բարկացրեց հավաքվածներին:
«Դուք վախենում եք անգամ երեք կնոջից ու նրանց չեք ընդունում, ես արդեն հասկանում եմ ձեր դիմագիծը, մի՞թե հնարավոր է, որ մի ամբողջ դեսպանատուն երեք կնոջից վախենա»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Մեր ամուսինները, եղբայրները, հայրերը, խաղաղ բնակչությունն Արցախում զոհվում են, արյուն են թափում, ու նրանք չեն վախենում, այդքանից հետո էլի են պայքարում հանուն մեզ, իսկ դուք վախենում եք մի վարակից, մի հիվանդությունից, որի սիմպտոմները գուցեև չզգաք էլ: Դուք վախենում եք այդ փոքր վիրուսից, իսկ իմ մայրը, ով ուժ չունի անգամ իջնել նկուղ, այնտեղ նստած սպասում է, որ ձեզ նման թշվառներն ինչ-որ մի բան գուցե փոխեն: Դուք, որ այդքան լծակ ունեք, ոչինչ չեք ուզում փոխել: Ես ամեն օր վախենում եմ, որ գուցե զանգ չստանամ իմ եղբայրներից, ամուսնուցս, ես արդեն կորցրել եմ քեռուս տղային, իմ համադասարանցուն, ես շատերին եմ կորցրել ու էլ չեմ ուզում կորցնել: Գնացեք առաջնագիծ, տեսեք, թե ի՞նչ է կատարվում այնտեղ, իսկ այնտեղ կատարվում է այն, որ ինչ-որ թափթփուկ ահաբեկիչներ, ինչ-որ փողի համար մեռածներ, ինչպիսին դուք եք, եկել և ահաբեկում են մեզ: Բացեք ձեր աչքերը, ստրուկներ»,- ասաց ակցիայի մասնակից մի կին, ով եկել էր իր երեխայի հետ: