
Օգնության շտապելիս բժիշկը ընկել է հակառակորդի դիվերսիոն խմբի ծուղակը և զոհվել

Բժիշկ Սաշա Ռուստամյանի բուժանձնակազմն առաջնագծից վիրավոր զինվոր տեղափոխելու ճանապարհին, հանդիպելով հայկական զինվորական համազգեստով խմբի, կանգ է առել՝ օգնություն ցույց տալու նպատակով, սակայն հայտնվել է ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական դիվերսիոն խմբի կրակահերթի տակ և զոհվել:
Ինչպես տեղեկանում ենք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տարածած հաղորդագրությունից, ռազմական բժիշկները պատերազմի առաջին օրից ռազմաճակատում են՝ ծառայում են կրկնակի երդման ներքո՝ զինվորական և Հիպոկրատի: Ստանալով բժշկի մասնագիտություն և կրելով զինվորական համազգեստ՝ Սաշա Ռուստամյանն այն նվիրյալներից է, ով զոհվեց մասնագիտական պարտքը կատարելիս:
«Սաշա Ռուստամյանի առաքելությունն անավարտ չի մնում. չնայած ստացած բազմաթիվ վնասվածքների՝ վիրավոր զինվորի ու շտապօգնության մեքենայի վարորդի կյանքը հաջողվում է փրկվել»,- նշված է հաղորդագրության մեջ:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը խոսելով Սաշա Ռուստամյանի մասին՝ նշում է՝ Սաշան աչքի է ընկել ինչպես կրակային, այնպես էլ ֆիզիկական գերազանց պատրաստվածությամբ, մշտապես մասնակցել է սպորտային միջոցառումների:
«Նա պատրաստված սպա և երդմանը հավատարիմ բժիշկ էր»,- փաստում է ֆակուլտետի պետը: