
Դատարանը բավարարել է Արցախում որպես վարձկան կռված Սիրիայի քաղաքացի Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին կալանավորելու միջնորդությունը․ ՔԿ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում՝ Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: