Թուրքիան ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության ժխտման մասին նամակ է շրջանառում` անհեթեթ փաստարկներով
Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի պատվիրակությունը ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, խնդրելով այն շրջանառել Գլխավոր Ասսմբլեայում և Անվտանգության խորհրդում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը նշեց, որ նամակը կոչված է հակադարձելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՄԱԿ Գլխավոր Ասսամբլեայում արված հայտարարություններին:
Ցեղասպանագետի խոսքով՝ նամակը լի է անհեթեթ փաստարկների հերթական կրկնությամբ, որոնք թուրքական և ադրբեջանական կողմերը տարեց տարի փորձում են շրջանառել տարբեր միջազգային կազմակերպություններում և հանդիպումներում: Դրանց մեջ է մեղադրանքն, որ, իբր, Հայաստանը չպատճառաբանված պնդումներ է անում Հայոց ցեղասպանության մասին: Ըստ ցեղասպանագետի, նյարդայնացման պատճառն այն է, որ ԼՂ հակամարտության սրացման համատեքստում է Հայաստանը մշտապես զգուշացնում և ահազանգում է հնարավոր ցեղասպանական վտանգի մասին:
«Ցեղասպանություն բառն ինքնին Թուրքիային շատ է նյարդայնացնում, որովհետև արդեն իսկ մշտապես ասոցացվում է այդ երկրի հետ»,- ասաց Մանուկյանը:
Ցեղասպանագետը թուրքական պատվիրակության պատրաստած նամակից մի անհիմն թեզի օրինակ է ներկայացրել, որ, իբր, Հայոց ցեղասպանությունը չի կարող ցեղասպանություն համարվել, քանի որ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխման և դա պատժելու մասին կոնվենցիան ընդունվել է շատ ավելի ուշ՝ 1948 թվականին:
«Դա շատ թույլ փաստարկ է, որովհետև մեզանում շատ երևույթներ կան, որ օբյեկտիվ իրականության մաս են, տեղի են ունեցել և միայն հետագայում ստացել իրենց անվանումը, այդ թվում օրինակ՝ բազմաթիվ հիվանդություններ: Այն որ դրանց հարուցիչը բացահայտված չի եղել և դրանք բժշկական հանրության կողմից որոշ ժամանակ չէին ստացել անվանում չի նշանակում, որ մարդիկ չէին տանում հենց այդ հիվանդությունը: Նույնը կարելի է ասել բազմաթիվ տերմինների մասին: Ըստ այդ տրամաբանության դինոզավրերն էլ գոյություն ունենալ չէին կարող, քանի որ նրանց «դինոզավր» անվանումն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել կենսաբան Ռիչարդ Օուենը 1842 թվականին: Եվ բազմաթիվ նման օրինակներ կարելի է բերել»,- ասաց Մանուկյանը: