Ինչո՞ւ հնարավոր չէ 2021 թվականի բյուջեն դնել պաշտպանական ռելսերի վրա

2021 թվականի պետական բյուջեի նախագիծը չի արտահայտում ռազմական կամ պատերազմական գործողություններով պայմանավորված ռիսկերը, հետևապես` ի՞նչն է խանգարում մեզ բյուջեն դնել ռազմական ռելսերի վրա։ Ազգային ժողովում 2021 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ նման հարցադրում հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։

«Պաշտպանական բնագավառի բյուջեն աճել է 1․5 %, բայց վերաբաշխումների շնորհիվ, ակնհայտ է, որ մենք փաստացի ավելի շատ ծախս ենք իրականացնում, քան նախատեսված էր 2020 թվականի բյուջում։ Հիմա մենք առնվազն կարո՞ղ ենք մեկ քայլով էլ մոտենալ այս իրականությանը, փոփոխություն անել, շատ արագ հավաքվել և այդ փոփոխություններն իրականացնել։ Ինչպե՞ս է Ձեր դիրքորոշումը, կա՞ արդյոք նման հնարավորություն այս սուղ ժամանակահատվածում այդ ռազմական ռելսերի փոփոխությունն իրականացնելու, այսինքն՝ անել այն, ինչ փաստացի իրականացնում ենք»,- դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ հարցրեց պատգամավորը։

Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ 2021 թվականի բյուջեում պատգամավորի մատնանշած փոփոխությունը հնարավոր չէ կատարել, որովհետև խոսքը միայն թվերի փոփոխության մասին չէ, թվի փոփոխությունը ենթադրում է քաղաքականության փոփոխություն, և մենք չենք կարող պատկերացնել, որ տեսանելի ապագայում կարող է մեր պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը լինի պակաս կառավարելի և նվազեցնի մեր՝ պարտք ներգրավելու պոտենցիալը։

«Պաշտպանության հետ կապված անորոշությունը շատ մեծ է․ այն իրողությունը, որը մենք ունենք այսօր, վաղը կարող է դառնալ ոչ արդիական, հետևաբար՝ մենք այսօր չենք կարող կատարել այնպիսի փոփոխություն, որ համարենք, թե բյուջեն տեղափոխեցինք պաշպանական ռելսերի վրա, առավելևս, դեռևս որոշակի չի, թե նման ռելսեր ասելով՝ ինչ նկատի ունենք՝ չափազանց հզոր տնտեսությո՞ւն, որը շատ մեծ հնարավորություն կունենա պաշտպանական կարիքները բավարարելու, թե՞ մեր եղած տնտեսության պայմաններում պաշտպանությանը հատկացումների չափի վերանայում, որը կարող է հաջորդ ժամանակահատվածում շատ ավելի ռիսկեր գեներացնել»,- ասաց Ջանջուղազյանը։

Նախարարը նշեց, որ պատգամավորի նշած բյուջեն պաշտպանական ռելսերի վրա դնելուն կարելի է հասնել, եթե լինեն ելակետային տվյալներ, թե, օրինակ, 2021 թվականին ի՞նչ ուժգնության ռազմական գործողություններ կլինեն, իսկ քանի դեռ դրանք չկան, նման փոփոխություններ բյուջեում հնարավոր չէ իրականացնել։

Ըստ նախարարի՝ առայժմ հնարավոր չէ գնահատել, թե մյուս տարի որքան են լինելու բացասական ազդեցությունները, հետևաբար՝ հնարավոր չէ բյուջեում դրանք ամրագրել։

«Մյուս կողմից՝ մեր բյուջեն երբեք անսահմանափակ հայեցողական հնարավորություններ չի ունեցել․ բյուջեի 70 %-ն օրենքով ստանձնած պարտավորություններ են, և քանի դեռ օրենքներով փոփոխություններ չեն կատարվել, և չի սահմանվել, որ այս կամ այն անձը չի կարող այս կամ այն միջոցառման կամ ծառայության շահառու դառնալ, այդ պարտավորությունները պետք է իրականացվեն։ Բյուջեի 15 % կազմում են Կառավարության կողմից օրենքով Կառավարությանը վերապահված պարտավորություններ, եթե դրանք պետք է վերանայենք, ապա դա նշանակում է շահառուների թվի և մատուցվող ծառայությունների վերանայում՝ նվազեցման ուղղությամբ։ Բյուջեի 10%-ը կազմում են միջազգային պարտավորություններով ստանձնած պարտավորությունները, հետևաբար՝ հայեցողականի համար մնում է ընդամենը բյուջեի 5 %-ը»,- ասաց ֆինանսների նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս