«Կապանի սահմանների երկայնքով ամբողջությամբ կանգնած են կապանցիները: Թշնամին մեր սահմաններին պիտի չմոտիկանա». Կապանի համայնքապետ
Նոյեմբերի 2-ին ադրբեջանական կողմը հրետակոծել էր նաև ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերը և Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրը: ՊՆ-ն հաղորդել էր քաղաքացիական 1 զոհի մասին: Հրթիռակոծման հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացի: Երեկ ճեպազրույցի ընթացքում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, թե Դավիթ Բեկ գյուղի վրա հրթիռակոծումն իրականացվել է ոչ մեծ տրամաչափի հրետանային միջոցով:
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Կապան քաղաքում տիրող իրավիճակին, նշեց, որ Դավիթ Բեկ համայնքի հրթիռակոծումից հետո Կապանում որոշակի լարվածություն կա:
«Ընդհանուր առմամբ որոշակի լարվածություն կա, բնականաբար, կապված նրա հետ, որ մեր Դավիթ Բեկ բնակավայրն էր հրթիռակոծվել: Եվ, ինչպես գիտեք, այնտեղ քաղաքացիների շարքից մի զոհ ունենք: Դրա հետ կապված որոշակի լարվածություն կա քաղաքում»,- ասաց Գևորգ Փարսյանը:
Կապանի համայնքապետը հայտնեց, որ այժմ կապանցիների համար առաջնային կարևորության հարց է ինքնապաշտպանական աշխատանքների կազմակերպումը:
«Այս պահին կապանցիների մոտ ինքնապաշտպանության կազմակերպման աշխատանքներ են, որոնք կազմակերպվում են հենց կապանցիների կողմից: Այսինքն՝ Կապանի սահմանների երկայնքով ամբողջությամբ կանգնած են կապանցիները, գյուղաբնակների հետ միասին՝ կազմակերպում ենք մեր պաշտպանությունը: Առաջնահերթությունը դա է:
Կապանում թիկունքի համար իրականացվող աշխատանքները երկրորդ կարևորության հարցն է: Թիկունքին վերաբերող հարցերը, աշխատանքները, բնականաբար, նույն կերպ՝ կապանցիների միջոցներով, ինչպես նաև ՊՆ-ի կողմից,են իրականացվում»,- ասաց Կապան համայնքի ղեկավարը:
Ինչ վերաբերում է ինքնապաշտպանություն իրականացնող կապանցիների տրամադրությանն ու տրամադրվածությանը՝ Գևորգ Փարսյանը վստահեցրեց, որ կապանցիները չեն թողնելու, որ թշնամին մոտենա իրենց սահմանին:
«Տրամադրվածությունը հստակ է, որ կանգնելու ենք մինչև վերջ, մինչև վերջին պահը: Կանգնելու ենք մինչև վերջ, թշնամին մեր սահմաններին պիտի չմոտիկանա»,- զրույցում ասաց Գ. Փարսյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ կապանցիների մոտ այս իրավիճակը խուճապ չի առաջացնում՝ պայմանավորված, ինչպես շատերն են նշում, կապանցիների «փորձով»:
«Ի տարբերություն, այո, մնացած տեղերի, Կապանում 90-ականներին նույն բանը տեսել են, ծանոթ են այս վիճակին 90-ականներից, դրա համար, որոշակի առումով, այո, քանի որ ծանոթ իրավիճակ է, խուճապ չի առաջանում»,- ասաց Գևորգ Փարսյանը:
Հարցին, թե անվտանգության առումով ինչպիսի՞ իրավիճակ է Կապանում, Գևորգ Փարսյանը պատասխանեց.
«Դե, գիտեք ինչ, հիմա պատերազմ է, թշնամին էլ, հեն ա, մեր սահմանների մոտ, դե ինչքանո՞վ է անվտանգ, ինչքանո՞վ է վտանգավոր, դրա հետ կապված որևիցե երաշխիքներ չկան»:
Զրույցի վերջում կրկին վերահաստատեց, որ կարևորն այն է, որ կապանցիները կանգնած են ու կանգնելու են մինչև վերջ, որ թշամին չմոտենա սահմանին: