«Ադրբեջանցիները ծաղրում են Ալիևին` հերիք չի՞ նույն գյուղերը մի քանի անգամ ազատագրես». Արծրուն Հովհաննիսյան

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` իբր թե ազատագրված տարածքների մասին գրառմանը` նշելով, որ այդտեղ հակասություններ կան նախկին գրառումների հետ:

Բանն այն է, որ Ալիևը հայտարարել է Զանգելանի և Ջաբրայիլի ամենահարավային հատվածներում գտնվող գյուղերի «գրավման» մասին, մինչդեռ դեռ պատերազմի առաջին օրերին էր հայտարարվել, թե այդ երկու շրջաններն ամբողջությամբ ադրբեջանական ԶՈւ–ի վերահսկողության տակ են։

«Այդ հակասությունները տեսնում ենք ոչ միայն մենք, այլև հենց ադրբեջանցիները, որ ֆորումներում` հատկապես ռուսալեզու, ծաղրում են Ալիևին` ասելով` հերիք չի՞ նույն գյուղերը մի քանի անգամ ազատագրես»,-ասաց Հովհաննիսյանը` զերծ մնալով գաղտնազերծումից, թե որ տարածքներն են այդ կողմում հայկական վերահսկողության տակ:

Ինչ վերաբերում է Սյունիքի Դավիթ Բեկ բնակավայրում տիրող իրավիճակին, և այն Ադրբեջանի կողմից թիրախավորվելու պատճառին, ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ Սյունիքի Դավիթ Բեկ գյուղը երեկ թիրախավորվել էր ոչ մեծ տրամաչափի հրետանային միջոցով, այս պահին վիճակը համեմատաբար հանգիստ է:

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի հրթիռակոծման հետևանքով զոհվել էր մեկ, վիրավորվել երկու քաղաքացի։

Տեսանյութեր

Լրահոս