«Վեկտոր» կենտրոնն սկսել Է COVID-19-ի և գրիպի դեմ միասնական պատվաստանյութի հետազոտությունը

«Վեկտոր» պետական գիտական կենտրոնն սկսել է կորոնավիրուսի եւ սեզոնային գրիպի դեմ միասնական պատվաստանյութի փորձարկումները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունում:

«Թեկնածու պատվաստանյութն արդեն հետազոտություն է անցնում լաբորատոր կենդանիների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ այդպիսի պատրաստուկի վրա աշխատանքի մասին հայտնել էր կենտրոնի տնօրեն Ռինատ Մակսյուտովը: Վերջերս Լիվերպուլի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ գրիպով, իսկ այնուհետեւ կորոնավիրուսով վարակվածների մոտ մահվան ռիսկը մեծանում է մի քանի անգամ:

Աշխատության հեղինակներն այս եզրակացության են հանգել այն բանից հետո, երբ լաբորատոր կենդանիների մի խմբի ախտահարել են միայն SARS-CoV-2-ով, իսկ մյուս խմբին՝ հաջորդաբար (մի քանի օրվա տարբերությամբ) A խմբի վիրուսով եւ կորոնավիրուսով: Արդյունքում պարզվել է, որ երկրորդ խմբի կրծողների մոտ COVID-19-ն ընթացել է ավելի ծանր, իսկ մահվան ելքով հավանականությունը մեծացել է վեց անգամ:

Հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութի՝ Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտական կենտրոնի «ԷպիՎակԿորոնա»-ի գրանցման մասին: Պատրաստուկի հետգրանցումային հետազոտությունները կշարունակվեն, որոնց կմասնակցի 40 հազար կամավոր Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում, որոնց թվում կլինեն 60-ից բարձր տարիքի խրոնիկական հիվանդություններ ունեցող 150 կամավորներ:

«ԷպիՎակԿորոնա»-ն հանձնարարում են ներարկել երկու անգամ՝ ներմկանային, ոչ պակաս, քան 14-21 օր ընդմիջումով՝ 0,5 միլիլիտր չափաբաժնով: Հայրենական արտադրության առաջին պատվաստանյութը դարձել է «Սպուտնիկ V» պատրաստուկը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա:

Տեսանյութեր

Լրահոս