«Գործընկերային հարաբերությունները, որոնք ի ցույց է դնում ՌԴ-ն, և պայմանագրային պարտավորությունները, որոնք ունենք, բավարարում են ՀՀ-ին». Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ին չդիմելու մասին
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ֆեյսբուքյան իր այն գրառմանը, որտեղ նշել էր, որ ինչ-որ բան իրեն հուշում է, որ լավ լուր է սպասվում։
Հարցին՝ ի՞նչ լուրի մասին էր խոսքը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ասել էի, ինչ-որ բան ինձ հուշում է, չէի ասել, որ սպասում եմ, բայց վախտը կգա՝ կիմանաք։ Ժամանակը կգա՝ կիմանաք, հիմա չեմ ուզում դրա մասին խոսել»։
Հաջորդ հարցին՝ թշնամին հարվածներ է հասցրել Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքին, արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է դիմելու ՀԱՊԿ-ին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կրկնեմ այն, ինչը որ ժամանակին ասել եմ, անհրաժեշտության պարագայում կդիմենք ՀԱՊԿ-ին։ Հիմա այն գործընկերային հարաբերությունները, որոնք ի ցույց է դնում Ռուսաստանի Դաշնությունը, և այն պայմանագրային պարտավորությունները, որոնք մենք ունենք, լիովին բավարարում են ՀՀ-ին՝ որպես կողմ։ Կարծում եմ՝ ժամանակն արդեն պետք է ցույց տված լիներ, որ ՀԱՊԿ-ում մեր թե՛ գործողությունները, թե՛ հայտարարությունները որևէ կաշկանդվածություն իրենց մեջ չեն պարունակում։ Երբ խոսք է գնում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների մասին, որևէ կաշկանդվածության մասին խոսք չի կարող լինել, որը մեզ կարող է կանգնեցնել»։
Հաջորդ հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատը ե՞րբ է մեկնելու առաջնագիծ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ որևէ բան չի կարող ասել՝ անվտանգությունից ելնելով։
«Մեր բարձրաստիճան պաշտոնյաներն առաջին իսկ օրվանից առաջնագծում են, որոշները ծառայություն են իրականացնում, որոշները՝ ծանոթանում իրավիճակին, առկա խնդիրների պարագայում տեղում լուծում են։ Ավելին՝ մեր շատ պաշտոնյաների երեխաները, եղբայրները մարտական ծառայություն են իրականացնում առաջնագծում, և սա որևէ մեկի համար գաղտնիք չէ»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը։