
«Ադրբեջանի ԶՈւ ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է. հիմնական հույսը վարձկաններն են». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր առավոտից թշնամու զորքերը, ահաբեկչական խմբավորումները, վարձկանները տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները: Դրանք հիմնականում փոքր խմբերով օջախային հաևձակումներ են եղել, սակայն տեղ-տեղ կիրառվել է հրետանի, որոշ տեղերում նաև` օդային հարձակման միջոցներ, մարտավարական օդուժ:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ըստ էության, չնայած տեղի ունեցած մարտական գործողություններին, ամբողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել: Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են»,-հավելեց նա:
Անդրադառնալով ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարված հերթական սիրիացի վարձկանին և վկայությանը, Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց` դեռ բազում անակնկալներ կան, որքան էլ Թուրքիան և Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան ահաբեկիչների առկայությունը և կիրառությունը մարտական գործողությունների ժամանակ:
«Մենք շատ լավ գիտենք, տիրապետում ենք ամբողջական տեղեկությունների, թե որտեղ, որ տեղամասում և ինչպես են նրանց առաջադրանք տալիս, ինչ խնդիր են փորձում նրանց միջոցով լուծել: Եվ պետք է ասել, որ նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաև այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է: Եվ, այսպես ասած, հիմնական հույսը մնացել են այս վարձկանները»,-ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը: