«Աստված մեր օգնականն ու գործակիցն է հայրենի սահմանները պաշտպանելու առաքելության մեջ». Տեր Վրթանես քահանա Բաղալյան
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, Արցախի սահմանում հայ զինվորի կողքին կանգնած են նաև Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները, նրանք մի ձեռքում՝ խաչը, մյուսում՝ զենքը, հավասար պայքարում են թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի ու ահաբեկիչների դեմ։
168.am-ի հետ զրույցում Օձունի և ենթաշրջանների հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն ասաց, որ միշտ էլ այդպես է եղել՝ սկսած ամենավաղ շրջանից Առաքելական եկեղեցին ու հոգևորականները եղել են ժողովրդի կողքին։
«Մեր ժողովրդի լավագույն զավակներն այսօր լծվել են հայրենիքի սահմանների պաշտպանության գործին, ուրեմն՝ նրանց կողքին նաև հոգևորականներն են։ Նրանք և՛ թիկունքում են՝ զինվորների ընտանիքների կողքին, և՛ առաջնագծում։ Փառք Աստծո, այսօր բանակում ունենք ի պաշտոնե ծառայող հոգևոր սպասավորներ, որ մեր գնդերեցներն են, նրանք բանակում իրականացնում են հոգևոր ծառայություն։ Այսօր կան կամավոր հոգևորականներ, որոնք կամավորագրվել ու մեկնել են առաջնագիծ։ Գուգարաց թեմից կան բազմաթիվ հոգևորականներ, որոնք նույնպես գնացել են առաջնագիծ, նրանք գնացել են և Վեհափառի օրհնությամբ Արցախի թեմում իրենց ծառայությունն են իրականացնում։ Հայաստանի սահմաններից դուրս ունենք հոգևոր սպասավորներ՝ Եկատերինբուրգից, Դոնի Ռոստովից և այլ վայրերից կամավորական հիմունքներով եկել են Արցախի թեմ՝ այսպես ասած, ուժեղացված հոգևոր առաքելություն իրականացնելու համար»,- ասաց Վրթանես քահանա Բաղալյանը։
Քահանայի խոսքով՝ այսօր էլ Գուգարաց թեմում Վեհափառի ու վարչապետի կարգադրությամբ հատուկ ուշադրություն են դարձնում այն ընտանիքներին, որոնք սահմանում զինվորներ ունեն, նաև զոհված հերոսների ընտանիքներին։ Փորձում են իրականացնել իրենց խնամակալ գործունեությունը։
«Ցանկացած վայրում, որտեղ մեր ժողովուրդը հոգևոր մխիթարության, խոսքի կարիք ունի, մեր հոգևորականներն այնտեղ են։ Մեր լոռեցի կամավորները պատրաստվում են գնալ առաջնագիծ՝ մարզպետի գլխավորությամբ՝ համայնքապետերը, համայնքային ակտիվ ծառայողները, մենք էլ նրանց հետ մասնակցեցինք կրակային պատրաստությանը, ամեն ինչ շատ ոգևորիչ էր։ Տեսա, թե ինչպես ինքնաձիգից սկսած մինչև մեծ տրամաչափի զենքերի են տիրապետում մեր լոռեցի կամավորները։ Նրանք շատ լավ պատրաստվել են, վստահ եմ, որ նրանց սահման գնալուց հետո՝ երկրորդ և երրորդ գիծը բավականին կամրանա ու կուժեղանա։ Աստված մեր օգնականն ու գործակիցն է հայրենի սահմանները պաշտպանելու առաքելության մեջ»,- հավելեց Տեր Վրթանես Բաղալյանը։
Նա ցավով արձանագրեց, որ սահմանում կան արդեն նահատակված հոգևորականներ. «Մենք այսօր տեսնում ենք, որ նոր սերունդն իսկապես հրաշքներ է գործում։ Հուսանք, Աստծո օգնությամբ այս պատերազմում կհաղթենք մինիմում զոհերով ու առանց տարածքային կորուստների»,- շեշտեց նա։
Քահանան մաղթեց, որպեսզի սահմանին կանգնած զինվորներն անփորձանք լինեն, Աստված նրանց զորավիգ լինի ու հաղթություն պարգևի։
«Փառք ու պատիվ մեր նահատակված հերոսներին, հարգանք ու խոնարհում նրանց զոհողության առջև, որ Քրիստոսի նմանողությամբ կատարեցին։ Վիրավոր զինվորներին արագ ապաքինում ենք մաղթում, թող Աստված ուժ, միաբանություն ու կարողություն պարգևի մեր ազգին, որովհետև մեր հաղթանակը կախված է ազգի միաբանությունից»,- եզրափակեց Տեր Վրթանեսը։