«Ռուսաստանում դժգոհ կլինեն, եթե այդ քայլին գնանք. այդպիսի խաղերի ժամանակ չունենք». Հայկ Խալաթյան
Քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի դիմումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուշացած էր:
«Պետք էր ավելի շուտ դիմել, երբ առաջին հարվածները եղան ՀՀ տարածքին և հատկապես՝ հոկտեմբերի 10-ին, երբ Բաքուն պաշտոնապես ինքը հաստատեց, որ Հայաստանի տարածքում ռազմական օբյեկտներին հարվածներ է հասցրել: Մենք պետք է դիմեինք Մոսկվային, մանավանդ, հաշվի առնելով, որ ամսի 7-ին՝ իր ծննդյան օրը, Վլադիմիր Պուտինը հարցազրույցում նշեց, որ ունեն պարտավորություններ Երևանի նկատմամբ և պատրաստ են ամբողջությամբ կատարել դրանք, և պետք էր օգտագործել այդ պահը: Ես չգիտեմ՝ ինչու այն ժամանակ չդիմեցինք, բայց լավ է ուշ, քան երբեք, դիմել ենք: Ռուսական կողմի պատասխանը շատ նորմալ էր, ուրիշ բան պետք չէր ակնկալել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր Վլադիմիր Պուտինին՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար: Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ ի պատասխան՝ նշեց , որ պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը Երևանին կհատկացնի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:
Հայկ Խալաթյանը հիշեցրեց, որ դեռևս օրեր առաջ շրջանառվեցին տեղեկություններ, որ Սյունիքում տեղակայված են ռուսական սահմանապահներ, նաև այն ինֆորմացիան, որ ադրբեջանական կողմից ռուս սահմանապահների վրա էլ է կրակ բացվել. «Ինձ թվում է՝ սա ավելի միտված է մեկ անգամ ևս Անկարային և Բաքվին զգուշացնել, որ որևէ գործողություն չձեռնարկեն Հայաստանի տարածքի նկատմամբ: Այսօր արդեն Իլհամ Ալիևը մեկնաբանել է այս դիմումը, նա շատ դժգոհ է, և զգուշացրել է, որ սա Հայաստանի և Ադրբեջանի պատերազմն է, և երրորդ երկրները պետք է չխառնվեն, այն դեպքում, երբ Թուրքիան բացահայտ կերպով մասնակցություն ունի այս պատերազմում: Ուզում եմ հիշեցնել, որ իր վերջին հարցազրույցներում Ալիևը մեղադրում է Ռուսաստանին, որ զենք է մատակարարում Հայաստանին»:
Նա ընդգծեց՝ հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ ռուսական զորքերը կանգնեն Տավուշում և Նախիջևանի սահմանին.
«Դա թույլ կտա, որ այնտեղ կանգնած մեր զորքերը գնան Արցախ, ինչը մեծ օժանդակություն կլինի մեզ»:
Հարցին՝ նշեց, որ Սյունիքում ռուսական զորքերի տեղակայման վերաբերյալ տեղեկություններ կան, բայց երեկ ՀՀ ՊՆ-ից տեղեկացանք, որ Ադրբեջանի զինուժը հրետանային կրակ է արձակել Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ. սա չի՞ նշանակում, որ ռազմական բախումները տեղափոխվել են անմիջապես ՀՀ տարածք, և ՌԴ-ն պետք է միջամտի, նա պատասխանեց. «Դրա համար առավոտյան արդեն տեսանք դիմումը և պատասխանը, հիմա տեսնենք՝ ինչպիսի պատասխան կլինի այս մեսիջներին, որոնք գնացին Մոսկվայից: Ամսի 7-ին և 10-ին, երբ հարվածներ եղան Հայաստանին, Անկարան և Բաքուն ուզեցին ցույց տալ, որ նրանք չեն վախենում և պատրաստ են էսկալացիան ավելի բարձրացնել: Հիմա ո՞նց կլինի՝ կտեսնենք: Պետք է հասկանանք, որ թշնամու նպատակը Լաչինի միջանցքն է. առանց Հայաստանում մարտական գործողությունների՝ դա անհնար է, շատ դժվար կլինի: Հասկանալի է, որ ռազմական տեսանկյունից՝ ուզեն-չուզեն, բախումներ ունենալու են Սյունիքում մեր զորքերի հետ»:
Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել: Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ խոսել էր ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին:
Այս հարցի առնչությամբ Հայկ Խալաթյանն ասաց, որ ինքը ռեալ պոլիտիկի կողմնակից է. «Ռոմանտիկ բաների չեմ հավատում: Հիմա պատերազմ է գնում, և այս պատերազմում մենք կարողանում ենք դիմադրել միայն այն զենք-զինամթերքի շնորհիվ, որը մեզ մատակարարում է Ռուսաստանը՝ մեծ քանակով, դա արդեն ակնհայտ է, և նույնիսկ ադրբեջանական կողմն է իր դժգոհությունը հայտնում: Հիմա մի էլեմենտար հարց տամ՝ եթե հայկական կողմը պետք է լսի ոչ թե Մոսկվային, այլ Վաշինգտոնին, և համաձայնի սկանդինավյան խաղաղապահներին, կարող է նույնիսկ թեորիապես հետագայի համար դա ավելի լավ է, բայց տրամաբանական հարց է, չէ՞, առաջանալու Մոսկվայում՝ եթե ձեզ համար ավելի կարևոր է Վաշինգտոնի և Սկանդինավյան երկրների կարծիքը, դե գնացեք՝ զենք և զինամթերք նրանցից խնդրեք: Պետք է հասկանանք, որ այդպիսի խաղերի ժամանակ չունենք:
Եթե ամերիկյան կողմը, իրոք, մտահոգված է զինադադարով, նա պետք է օժանդակեր Մոսկվայի և Ֆրանսիայի ջանքերին: Հայտարարություններում նրանք նույն կարծիքն ունեն, բայց հենց եկավ խաղաղապահների հարցը, Վաշինգտոնը մի առաջարկ է անում, որն անընդունելի Ռուսաստանի համար, և, բնականաբար, Ռուսաստանում դժգոհ կլինեն, եթե այդ քայլին գնանք: Ինձ մոտ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է այդպիսի առաջարկ արվում. Ես ունեմ կասկած, որ Վաշինգտոնն այդքան էլ շահագրգռված չէ այս տարածաշրջանում խաղաղությամբ»:
Ըստ նրա՝ Վաշինգտոնում շատ լավ հասկանում են՝ Թուրքիայի և Ադրբեջանի հաղթանակը նշանակելու է, որ Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում կամ շատ են թուլանալու, կամ Ռուսաստանն ընդհանրապես դուրս է գալու Հարավային Կովկասից:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում