Որևէ պատգամավոր չի հրաժարվել իրեն հասանելիք պարգևավճարից․ ԱԺ աշխատակազմ

Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն, ինչը ենթադրում է պետության կողմից տարվող ֆինանսական հատուկ քաղաքականություն և պետական կառավարման ողջ համակարգի անցում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի։

Արդյո՞ք նման աշխատանքային ռեժիմի ընթացքում պաշտոնյաները սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին շարունակել են ստանալ պարգևավճարներ, ինչպես մինչ ռազմական դրության հայտարարումը, փորձեցինք առաջինը պարզել Ազգային ժողովից։

Եվ այսպես, 168.am-ին հարցմանն ի պատասխան՝ Ազգային ժողովի աշխատակազմից հայտնում են, որ ԱԺ նախագահի կողմից պարգևատրումների վերաբերյալ կարգադրություններին կարող ենք ծանոթանալ Ազգային ժողովի կայքից։

Կայքում ԱԺ աշխատակազմի և պատգամավորների պարգևատրման մասին վերջին կարգադրությունը հրապարակվել է սեպտեմբերի 23-ին, ըստ որի, Արարատ Միրզոյանը ԱԺ աշխատակազմին և պատգամավորներին պարգևատրել է աշխատավարձի 75 տոկոսի չափով։

Այսինքն՝ վերջին պարգևավճարները խորհրդարանում տրվել են ռազմական դրության հայտարարումից ընդամենը մի քանի օր առաջ։

Ստացվում է, որ ռազմական դրության հայտարարումից ընդամենը մի քանի օր առաջ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը ստացել են 75 տոկոսի չափով  պարգևավճար, երբ այդ նույն ժամանակահատվածում Կառավարության չզեկուցվող հարցերից մեկով Պաշտպանության նախարարությունը գործադիրին խնդրել էր 10 միլիարդ դրամով ավելացնել նախարարության ֆինանսավորումը՝ որպես ֆինանսավորման աղբյուր դիտարկելով ոչ թե Կառավարության պահուստային ֆոնդը, այլ արժեթղթերի թողարկումը՝ 9 ամսվա կտրվածքով, իսկ արժեթղթերի թողարկում նշանակում է, որ պետությունը պարտք է վերցնում քաղաքացուց և ավելացնում արդեն ներքին պարտքը։

Ստացվում է՝մի կողմից՝ ունեցել ենք պարգևավճարներ՝ ընդհուպ աշխատավարձի  75 տոկոսի չափով, մյուս կողմում՝ ներքին պարտքի ավելացում։

Մեր հաջորդ հարցով Ազգային ժողովից հետաքրքրվել էինք՝ կա՞ն արդյոք պատգամավորներ, որոնք հրաժարվել են պարգևատրումներից։

Ի պատասխան՝ աշխատակազմից հայտնել են, որ որևէ պատգամավոր չի հրաժարվել իրեն հասանելիք պարգևավճարից։

Խորհրդարանից հայտնել են նաև, որ Ազգային ժողովը 2020 թվականի ֆինանսական միջոցներից 100,5 մլն դրամ ուղղել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ՝ ռազմական դրության պայմաններում անհրաժեշտ ծախսերի ֆինանավորման համար։

Տեսանյութեր

Լրահոս