«Պետք է փորձել բեկում մտցնել արդեն զուտ կիրառական գործողությունների տեսանկյունից». տարածաշրջանային հարցերով փորձագետ
Արցախի նկատմամբ սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական տանդեմի ու միջազգային ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմը կանգնեցնելու գերտերությունների նախաձեռնությունները, ըստ վերլուծաբանների, շարունակում են տապալվել Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերով: Արդյո՞ք հակաահաբեկչական այս պատերազմում հայտարարությունները, ներդրված միջազգային ջանքերը բավարար են, և ինչպե՞ս են գնահատում տարածաշրջանային դերակատարների՝ Ռուսաստանի և Իրանի գործողությունները։ Այս համատեքստում 168.am-ը հարցադրումներն ուղղեց տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Կարեն Վերանյանին։
Ի պատասխան՝ նա նշեց. «Հակաահաբեկչական պայքարի ու գործողությունների տեսանկյունից, կարծում եմ, որ Ռուսաստանը հակաահաբեկչական գործողություններ իրականացնում է Սիրիայում: Դա անուղղակիորեն կապված է այն հանգամանքի հետ, որ Թուրքիան ահաբեկչական խմբեր է բերում հենց այդ հատվածներից դեպի Ադրբեջան և Ռուսաստան: Ըստ էության, ահաբեկչական որջերի սկզբնաղբյուրը չեզոքացնում է իր հակաահաբեկչական գործողություններով: Սա անուղղակի ներգրավվածություն է: Եթե դիտարկենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող զարգացումների համատեքստում և ահաբեկչական խմբերի տեղափոխման տեսանկյունից, շղթայական կապը տեսնում ենք»:
Անդրադառնալով իրանական կողմի քայլերին՝ փորձագետը նկատեց, որ Իրանն արդեն իր քաղաքական գիծն է տանում. «Փորձում է միջնորդական առաքելությամբ հանդես գալ և հանդիպումներ է ունենում թե՛ Ռուսաստանում, թե՛ Երևանում և Բաքվում, ու, կարծեք թե, նախատեսված է հանդիպում Թուրքիայում: Սա քաղաքական գիծ է, որով Իրանը, կարծես, փորձում է դուրս թողնել Արևմուտքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող և՛ ռազմաքաղաքական իրադարձություններից, և՛ հետագա քաղաքական բանակցային ձևաչափերի տեսանկյունից»:
Հարցին, թե այս փուլում ինչպե՞ս է գնահատում վարչապետի հայտարարությունը, թե կողմ է «հակամարտության գոտի ռուս խաղաղապահների մուտքին», Կարեն Վերանյանը պատասխանեց.
«Քաղաքական հայտարարություններն ունեն տվյալ իրավիճակից բխող համատեքստ, տրամաբանություն: Երբ քաղաքական հայտարարությունը հնչում է, դա մի հարթություն է, և լրիվ այլ հարթություն, երբ այդ հայտարարությունը սկսում է արդեն կիրառություն գտնել: Այսինքն՝ եթե նույնիսկ հայտարարություններ են հնչել կոնկրետ պրագմատիկ քայլերի մասին, ապա այստեղ խնդիր կա, թե այդ խաղաղապահ առաքելության կազմն ինչպիսին է լինելու, այստեղ հակասություններ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև, հակասություններ կան Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Մենք պետք է շատ լավ հասկանանք, թե ինչու է հնչում տվյալ քաղաքական հայտարարությունը, որ գործընթացների համատեքստում և ինչ թիրախների համար է նախատեսված՝ արտաքին ո՞ր ֆոկուս խմբերի կամ արտաքին խաղացողների համար: Հայտարարությունները հնչում են նաև այն տրամաբանությամբ, որ չստացվի, թե ադրբեջանական կողմը կողմ է հայտարարությանը, և մենք ենք մերժում: Այս հանգամանքը ևս պետք է հաշվի առնել»:
Ի՞նչ ակնկալիքներ կան այսօր սպասվող Ժնևյան բանակցություններից. Այս հարցին տարածաշրջանային հարցերով փորձագետը պատասխանեց՝ Թուրքիան կրկին փորձելու է տապալել այդ ձևաչափը.
«Տեսեք՝ խնդիրն ինչումն է՝ հայկական կողմը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները բազմիցս՝ թե՛ մինչ ռազմական գործողությունները, և թե՛ ռազմական գործողությունների ընթացքում հայտարարել են, որ կողմ են և աշխատում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, դեմ են այդ ձևաչափը փոխելու ցանկացած փորձի: Իսկ թե որ կողմն է ջանասիրաբար աշխատում այդ ձևաչափը տապալել, միանշանակ՝ Թուրքիան է: Հրադադարի հաստատման շուրջ պայմանավորվածություններ եղան երեք անգամ, և երեք անգամ էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից առանձին-առանձին, բայց դրանք տապալվեցին Ալիևի ձեռքով, սակայն Թուրքիայի հրահրմամբ և ճնշումների ներքո: Թուրքիան, ըստ էության, նույն տրամաբանությունը շարունակելու է և փորձելու է նաև տապալել Ժնևյան բանակցությունները»:
Կարեն Վերանյանի համոզմամբ՝ արտգործնախարարների այսօրվա հանդիպումն ավելի ճիշտ կլինի անվանել քաղաքական խորհրդակցություններ, և ոչ թե՝ բանակցություններ.
«Բանակցությունները կարող են առարկայական լինել կամ առհասարակ՝ լինել այն ժամանակ, երբ ռազմական գործողությունները դադարեցվեն, և երբ կողմերի մոտ լինի պատրաստակամություն՝ քաղաքական դաշտ տեղափոխել գործընթացը: Սակայն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն անգամ 30 րոպե չի պահպանում ձեռք բերված պայմանավորվածությունները: Եվ այս տեսանկյունից՝ ժնևյան հանդիպումից մեծ ակնկալիքներ իրապես չկան: Այդուհանդերձ, շեշտեմ, որ քաղաքական խորհրդակցությունները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից հրադադարի հաստատման շուրջ ջանքերն անչափ կարևոր են: Դրանք պետք է շարունակել՝ անկախ նրանից, թե Թուրքիան տապալո՞ւմ է, թե՞ ոչ: Շատ լավ կլինի, որպեսզի եռանախագահ երկրները ոչ միայն շատ ավելի կոշտ դիրքորոշում ընդունեն, ավելի կոշտ հայտարարություններով հանդես գան, այլև խնդիրը տեղափոխեն կիրառական գործողությունների դաշտ, այլապես շրջապտույտ է ստեղծվում, երբ դրական նախաձեռնությունները, ըստ էության, տապալվում են Թուրքիայի կողմից: Պետք է փորձել բեկում մտցնել արդեն զուտ կիրառական գործողությունների տեսանկյունից»: