Աշխարհի ամենահարուստ մարդը գրեթե 7 միլիարդ դոլար է կորցրել մեկ օրում
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, հոկտեմբերի 28-ին կորցրել է 6,8 միլիարդ դոլար, իսկ ընդհանուր առմամբ աշխարհի միլիարդատերերի թոփ-10-ի կարողությունը մեկ օրում 37,36 մլրդ դոլարով ընկել է աշխարհի ֆոնդային սակարանների փլուզման հետեւանքով: Այդ մասին վկայում են Bloomberg Billionaires Index (BBI)-ի տվյալները, որը հաշվարկվել է «Բլումբերգ» գործակալության կողմից:
Նաեւ մեծ կորուստներ են կրել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւ Tesla ու SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը՝ 5,75 միլիարդ դոլար եւ 4,25 միլիարդ դոլար՝ համապատասխանաբար: Ցուկերբերգը եւ Մասքը չորրորդ ու հինգերորդ հորիզոնականներն են զբաղեցնում BBI-ի միլիարդատերերի վարկանիշում: Երկրորդ հորիզոնականում գտնվում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որն այնքան էլ չի տուժել. մեկ օրում նրա կարողությունն ընկել է «ընդամենը» 2,3 միլիարդ դոլարով:
Միեւնույն ժամանակ, ինչպես գրում է Forbes հանդեսը, վկայակոչելով իր Forbes Real-Time հաշվորդին, աշխարհի տասը ամենահարուստ մարդկանց միագումար կարողությունը մեկ օրում ընկել է 34 միլիարդ դոլարով:
Հրատարակության գնահատումներով՝ Ցուկերբերգը դուրս է մնացել ավելի քան 100 մլրդ դոլար կարողությամբ մարդկանց ցուցակից, իսկ ներդրող Ուորեն Բաֆեթը յոթերորդ դիրք է տեղաշարժվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ զիջելով հնդիկ գործարար Մուքեշ Ամբանիին: Համաշխարհային միլիարդատերերի առաջին տասնյակը բաղկացած է առավելապես ամերիկացիներից, միայն երկու դիրքերն են զբաղեցնում այլ երկրներից ունեւոր քաղաքացիներ՝ Reliance Industries-ի սեփականատեր Մուկեշ Ամբանին՝ Հնդկաստանից եւ Louis Vuitton Moսt Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն՝ Ֆրանսիայից:
Այսպիսով՝ միլիարդատերերի կարողության անկումը բացատրելի է հոկտեմբերի 26-ին ամերիկյան ֆոնդային շուկաներում սպառավաճառքներով: Dow Jones ինդեքսն ընկել է 2,3 տոկոսով, ինչն ամենաուժեղ անկումն է դարձել սեպտեմբերի 3-ից ի վեր մեկ առեւտրաշրջանի ընթացքում: S&P 500 ինդեքսը կորցրել է 1,9 տոկոս՝ ցուցաբերելով ամենաբարձր անկումն ամսվա ընթացքում, Nasdaq ինդեքսը նվազել է 1,6 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: