Թշնամին Շուշիից գտնվում է առավելագույնը 5 կմ հեռավորության վրա. պետք է միավորվել ու պատժել թշնամուն. Արցախի նախագահ

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիից դիմեց հայ ժողովրդին, որ միանան Արցախի ինքնապաշտպանությանը և պաշտպանեն Շուշին:

«Ինչպես 1992թ.-ին, երբ սկսվեց մեր հաղթարշավը Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր հաղթարշավը պայմանավորված է Շուշիի պաշտպանությունից: Թշնամին գտնվում է այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ առավելագույնը 5կմ, և թշնամու գերնպատակն է՝ գրավել Շուշին, տիրանալ Շուշիին: Ինչպես ասում են՝ ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին: Ուզում եմ, որ գիտակցենք այս պահը, գիտակցենք, և ոչ միայն՝ լոկ խոսքերով, այլև անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանությանը»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը հիշեց, որ առաջին անգամ Շուշիում եղել է 1992թ-ի մայիսի 8-ին և առաջիններից է եղել, որ համբուրել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու խաչը: Այսօր էլ Արայիկ Հարությունյանը համբուրել է եկեղեցու խաչը, աղոթել և մոմ վառել հանուն մեր հաղթանակի:

«Իրականում ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք, ես հավատում եմ, որ այս օրերը լինելու են բեկումնային: Դրա համար մեզ պետք է միավորվել, պետք է կռվել, պետք է պատժել թշնամուն, բայց դրա համար պետք է նաև  ժամ առաջ հասնել Արցախ: Սա խուճապային ելույթ չէ, այլ հակառակը, նորից կրկնում եմ, որ  հավատում եմ ավելի, քան երբևէ, մեր հաղթանակին: Օրերի ընթացքում պետք է բեկում մտցնենք ճակատում և պետք է պատժենք հակառակորդին հենց Շուշիի դարպասներում: Եկեք միավորվենք և միասին կռվենք»,- կոչ արեց Հարությունյանը:

Արցախի նախագահը նշեց, որ ամեն ինչ հասկանում և գիտակցում են, բայց այս պահին ամենամեծ առաքելությունն Արցախի պաշտպանությունն է:

«Հաղթանակը մերն է լինելու»,- իր կոչը եզրափակեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս