«Հանրային շահն է առաջին պլան մղվել». 2 կալանավորված անձ, ովքեր մարտական ուղի են անցել, կմեկնեն ռազմաճակատ

Արցախաադրբեջանական պատերազմի 33-րդ օրն էլ մեծ թվով քաղաքացիներ շարունակում են կամավորագրվել՝ ռազմական գործողություններին մասնակցելու կամ որևէ այլ կերպ իրենց ներդրումն ունենալու համար:

Դեռ օրեր առաջ հայտնել էինք, որ մեծ թվով դատապարտյալներ ու կալանավորված անձինք վարչակազմին դիմումներ էին ներկայացրել՝ կամավոր առաջնագիծ գնալու պատրաստակամությամբ: ՔԿԾ-ից 168.am-ի հետ զրույցում հայտնել էին, թե ներկայացված դիմումների վերաբերյալ որևէ ընթացակարգ չի սահմանվել:

Այսօր հայտնի դարձավ, որ դատարանը երկու կալանավորված անձանց խափանման միջոցներ փոփոխել է, որպեսզի նրանք կարողանան հայրենիքին իրենց ծառայությունները մատուցել:

168.am-ի հետ զրույցում Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ, փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնեց, որ նմանատիպ միջնորդություններ շատ կան, դրանց մի մասն ընթացքի մեջ են:

Ինչ վերաբերում է երեկ կայացված որոշումներին, Արմինե Ֆանյանը նշեց, որ երկու գործերով անազատության մեջ գտնվող մարդիկ էլ  մարտական ուղի են անցել, և դատարանի մոտ իսկապես համոզմունք է ձևավորվել, որ իրենք մեկնելու են ռազմաճակատ:

Քաղաքացիներից մեկը Խաչատուր Վարդանյանն է: Նա մեղադրվում է խարդախության ու կաշառքի համար: Նրա գործով միջնորդությունը  ներկայացվել էր դատավոր Նելլի Բաղդասարյանին:

«Փաստորեն իր պաշտպանյալն առանձին դիմում է գրել դատարանին ուղղված, որ ցանկանում է մեկնել ռազմաճակատ, պաշտպան Սերգեյ Մանուկյանն էլ այդ հիմքով առանձին միջնորդություն է բերել՝ խափանման միջոց կալանավորումը վերացնելու, այլ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, և դատարանի կողմից այդ միջնորդությունը բավարարվել է»,- ասաց Արմինե Ֆանյանը՝ նշելով, որ վերջինի նկատմամբ դատարանը կիրառել է ստորագրություն՝ երկրից չբացակայելու մասին:

Մյուս քաղաքացին, ում խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ Հարություն Սարգսյանն է: Նրա ընկերներից Ավետ Դեմուրյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Հարություն Սարգսյանը, չնայած 57 տարեկան է, առաջիկա օրերի ընթացքում, որոշ փաստաթղթային հարց կարգավորելուց հետո, կլինի սահմանին:

Հարություն Սարգսյանի փաստաբան Մերի Ալավերդյանն էլ 168.am-ին հայտնեց, որ դատարանում ներկայացվել են փաստաթղթեր, որոնք դատարանին՝ Դավիթ Բալայանի նախագահությամբ, հիմք են հանդիսացել իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու համար։

«Դատաքննության ընթացքում դատական նիստ էր, կալանավոր՝ ՔՕ 34-104 հոդվածի 2-րդ մասով և ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մաս՝ սպանության փորձ ու ապօրինի զենք:

Մարտական ուղի անցած, բնութագրերով փայլուն, խաչակիրների մարտական խմբի անդամ, բավական փորձառու ու շատ տպավորիչ անցյալ էր ունեցել՝ և՛ Արցախյան պատերազմ, և՛ Ապրիլյան: Ինքն ուղի ուներ անցած, շատ հմուտ էր, ու բնութագրերն էլ շատ տպավորիչ մարդկանցից էին, և Պարգև սրբազանն անձամբ որպես մարտիկ իրեն բնութագրել էր: Մի խոսքով՝ բավական տպավորիչ գործառույթներ ուներ»,- ասաց փաստաբան Մերի Ալավերդյանը:

Փաստաբանի խոսքով՝ դատարանի որոշումը բացառիկ է եղել, ու որոշման հիմքում դրվել է հանրային շահը:

«Մոտեցումը հետաքրքիր էր այնքանով, որ բացառիկ էր այս դեպքում, որովհետև հասկանալի է, որ հոդվածի հետ կապված մենք գործ ունենք սանկցիա ունեցող, համենայն դեպս, ենթադրյալ, ու եթե մեղավոր ճանաչվի, բավական լուրջ պատժաչափի հետ գործ ունենք: Բայց ամեն դեպքում հանրային շահն է դրվել հիմքում և նրա անցած մարտական ուղին և նրա հմտությունների անհրաժեշտությունն այս պահին մեր հայրենիքի պաշտպանության համար:

Ամեն դեպքում այստեղ դատավորը շատ բացառիկ է իր դատողություններն արել, հանրային շահն է առաջին պլան մղել, և հիմնավորումները դիպուկ էին ու տպավորիչ: Համենայն դեպս բացառիկ բան է մեր իրավական պրակտիկայում: Իհարկե, ցավալի է, որ այսպիսի իրավիճակում, բայց իրոք հետաքրքիր ակտ է կայացվել»,- նշեց փաստաբանը:

Հարություն Սարգսյանի նկատմամբ երեկ խափանման միջոց գրավ է կիրառվել՝ ընդամենը 500 հազար դրամ: Փաստաբանի խոսքով՝ դատարանը նման չափ է սահմանել,  որպեսզի ողջամիտ լինի, որ մի տարուց ավելի կալանքի տակ գտնվող անձը կկարողանար դուրս գալ՝ անմիջապես վճարելով: Երեկ հենց այդպես էլ եղել է, ու հենց մարտական ընկերներն են Սարգսյանին դիմավորել:

«Իմ պաշտպանյալի անձն այնքան ակնառու է, որ նույնիսկ մեղադրանքի կողմի համար նրա անցած ուղին վիճարկման կամ կասկածի տեղ չունի, որովհետև մենք այդ փաստաթղթերն ի սկզբանե, դատաքննության սկզբից ենք ներկայացրած եղել ու բոլորիս համար պարզ է, թե ինքն ինչ տեսակ էր՝ որպես մարտիկ, որպես ազատամարտիկ: Ու հիմա էլ իր մասնագիտությունը, իր անցած ուղին ցույց է տալիս, որ… իրոք դատարանի համար էլ շատ համոզիչ էր, որ իրոք անհրաժեշտ են նրա հմտությունները, նրա ունակություններն այս պահին, մանավանդ, որ այդ անձն անասելի շատ, բացի իմ միջնորդությունը, ինքն անձամբ էլ էր միջնորդել, խնդրել, որ անհապաղ քննարկվի ու իրեն գրավի դիմաց թույլ տրվի, որպեսզի հայրենիքի պաշտպանությանը մասնակցի»,- հավելեց փաստաբան Մերի Ալավերդյանը:

Տեսանյութեր

Լրահոս