«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալների բողոքի ակցիան ու ՔԿԾ-ի՝ այժմյան լռությունը
Դեռևս օրեր առաջ 168.am-ը գրել էր դատապարտյալների և կալանավորված անձանց՝ կամավոր առաջնագիծ գնալու դիմումների ու դրանց վերաբերյալ ընթացակարգ չսահմանվելու՝ ՔԿԾ պատասխանի մասին:
ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հոկտեմբերի 5-ին 168.am-ին հայտնել էր, թե վարչակազմին ներկայացված դիմումների վերաբերյալ որևէ ընթացակարգ չի սահմանվել։
«Ռազմական դրության ընթացքում զորահավաքի գործընթացի կարգավորման իրավական հիմքերը սահմանված են «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության N 1586-Ն որոշմամբ և պաշտպանության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտերով, որոնցով Արցախյան ազատամարտին մասնակցելու ցանկություն հայտնած դատապարտյալների և կալանավորված անձանց զորակոչելու հնարավորության մասին հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն։ Ըստ այդմ, նրանց դիմումների վերաբերյալ որևէ ընթացակարգ չի սահմանվել»,- նշել էր ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետը:
Պարզվում է՝ չնայած դիմումների վերաբերյալ որևէ ընթացակարգ չսահմանելուն, ՔԿՀ-ների դատապարտյալների ու կալանավորների՝ վարչության պետին ու վարչապետին ուղղած իրենց դիմումներին որևէ արձագանք, կոնկրետ պատասխան չեն ստացել: Նրանք aravot.am-ի հետ զրույցում հայտնել են, թե տպավորություն է, որ իրենց դիմումները ձևական են գրել:
«Արմավիր» ՔԿՀ-ից aravot.am-ին զանգած դատապարտյալները հայտնել են, մասնաշենքում իրենց պատիժը կրող բոլոր անձինք, ներառյալ՝ օտարերկրացիները, հրաժարվել են վերցնել առավոտյան նախաճաշը։ Հաշվառման ժամանակ էլ բոլորը մեկ մարդու նման հանել են իրենց ներքնակները՝ պահանջելով վարչակազմից դրանք ուղարկել առաջնագիծ։
«Էդքան փող են ծախսում մեր վրա, թող տանեն կռվենք, հետ կգանք, էդ ո՞նց ա՝ աշխատողները գնացին ջոկատով։ Թող կալանավորների ջոկատ սարքեն, եթե չմեռնենք թուրքի գյուլլից, չնայած դրանք ո՞վ են, որ մի հատ էլ գյուլլեն մեզ, հետ կգանք էլի ստեղ, որտե՞ղ ենք փախնելու»,- ասել է նա։
Այսօր վաղ առավոտից 168.am-ը փորձում էր կապ հաստատել ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նավիկյանի հետ: Ցանկանում էինք նրանից տեղեկանալ, թե ի՞նչ իրավիճակ է «Արմավիր» ՔԿՀ-ում, մյուս ՔԿՀ-ներում, որովհետև միայն «Արմավիր» ՔՀԿ-ի դատապարտյալները և կալանավորված անձինք չէ, որ դիմել են առաջնագիծ գնալու համար: Նավիկյանից նաև ցանկանում էինք տեղեկանալ, թե արդյո՞ք դիմել են ՊՆ, իրականացնո՞ւմ են որևէ այլ քայլ՝ դատապարտյալների ու կալանավորված անձանց դիմումներին արձագանքելու համար, կամ պատրաստո՞ւմ են մշակել որևէ մեխանիզմ՝ կամավորներին առաջնագիծ ուղարկելու համար:
Մեր զանգերը, սակայն, մնացին անպատասխան: Մի քանի զանգից հետո արդեն ՔԿԾ հանրային կապերի բաժնից 168.am-ին հայտնեցին, որ Նավիկյանը խորհրդակցության է, ինչից հետո կապ կհաստատի մեզ հետ:
Հ.Գ. Մինչ արցախաադրբեջանական սահմանին արդեն 12-րդ օրը շարունակվում են մարտերը, վարչապետը կոչ է անում 1 տարվա ընթացքում զորացված տղաներին կամավորագրվել, ՔԿԾ-ն լռում է:
Հ.Գ.1. Եթե հաջողվի Նավիկյանի հետ կապ հաստատել և մեր հարցերին պատասխան ստանալ, ընթերցողին կներկայացնենք նաև այդ տեղեկությունը: