Բաժիններ՝

Քննարկվում է ուսումնական հաստատությունների անվանակոչության նոր կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգի նախագիծը: Ինչպես հաղորդում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, իրավական նոր կարգավորման նպատակն է անվանակոչության և անվանափոխության հետ կապված գործընթացները արդյունավետ և անաչառ կազմակերպելը` հիմքում դնելով կրթական ընդհանուր քաղաքականությունը, սահմանելով համապատասխան չափորոշիչներ և ընդհանուր սկզբունքներ։

«Լուծումներ են առաջարկվում, թե որ դեպքերում և ինչ ժամկետներում կարող է անվանակոչվել պետական ուսումնական հաստատությունը: Առանձնահատուկ դեր է հատկացվում հաստատությանն ու համայնքին, որի համաձայնությունը դիտվում է պարտադիր պայման անվանակոչման գործընթացում։ Դասասենյակների և կաբինետների անվանակոչության ժամանակ կարևորվում է մանկավարժական խորհրդի կարծիքը։

Ըստ ներկայացված նախագծի` պետական ուսումնական հաստատության անվանակոչման մասին որոշումներն ընդունում է ուսումնական հաստատության լիազոր մարմինը՝ ըստ ենթակայության։ Իսկ դասասենյակների, կաբինետների և դահլիճի անվանակոչման մասին որոշումներն ընդունում է մանկավարժական խորհուրդը՝ ձայների մեծամասնությամբ։ Անվանակոչման առաջարկություններ կարող են ներկայացնել ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ուսումնական հաստատությունը, հասարակական կազմակերպությունները, իրավաբանական և ֆիզիկական անձինք:

Առաջարկությունը պետք է պարունակի տեղեկություններ հաստատության հասցեի, առաջարկվող և գործող անվանումների մասին, ինչպես նաև ունենա հիմնավորում: Պարտադիր է նաև համայնքի և ուսումնական հաստատության (կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի, մանկավարժական և ծնողական խորհուրդների) համաձայնությունը, որի բացակայության դեպքում անվանակոչության առաջարկությունը չի կարող քննարկվել: Առաջարկը ստանալուց հետո լիազոր մարմինն մեկամսյա ժամկետում քննարկում և ընդունում է որոշում: Անվանափոխումը մերժելու դեպքում նշվում են պատճառները: Հաստատելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում անվանափոխման որոշումը տրամադրվում է ուսումնական հաստատությանը` կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու և պետական ռեգիստր ներկայացնելու նպատակով:

Ուսումնական հաստատությունները կարող են անվանակոչվել նշանավոր պետական, հասարակական, զինվորական գործիչների, գիտության և մշակույթի ներկայացուցիչների, այլ նշանավոր անհատների կամ որոշակի շրջանում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անուններով, տարեթվերով կամ ամսաթվերով Հաստատությունը կարող է կոչվել նաև ֆիզիկական անձանց և ոչ առևտրային կազմակերպությունների անուններով, եթե դրանք նշանակալից ներդրում ունեն պետական ուսումնական հաստատության հիմնադրման, վերակառուցման, վերազինման և նորոգման գործում:

Հաստատության անվանումը կարող է փոփոխվել անվանակոչումից առնվազն 20 տարի հետո՝ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում: Բացառիկ դեպքերում անվանման փոփոխությունը կարող է քննարկվել ավելի վաղ ժամկետում։ Հավելենք, որ ուսումնական հաստատությունները կարող են անվանակոչվել թվային կամ անվանական կարգով (օրինակ՝ թիվ 26 միջնակարգ դպրոց կամ Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց)»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս