«Հայտը պարտադիր բավարարման ենթակա՞ է, թե՞ ՄԱԿ-ը կարող է ասել՝ գիտե՞ք  ինչ՝ բավարար չեն ապացույցները». Անի Սամսոնյան

ԱԺ-ում «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանից հետաքրքրվեց. «Եթե բոլոր ապացույցները հավաքագրելով՝ դիմում ենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի մոնիտորինգային խմբին և որպես պետություն՝ հայտ ենք ներկայացնում, որ իրենք ուղարկեն համապատասխան խումբ՝ ուսումնասիրություններ կատարելու, այդ հայտը պարտադիր բավարարման ենթակա՞ է, թե՞ ՄԱԿ-ը կարող է ասել՝ գիտե՞ք ինչ՝ բավարար չեն ապացույցները, դուք թերի եք ներկայացրել, կամ ժամկետների ձգձգում լինի, և այլն»:

Ի պատասխան՝ Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ աշխատանքային խմբերի պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս ասել, որ յուրաքանչյուր նման դեպքում գործը քննվելու է իրենց կողմից. «Իրենք հիմք են ընդունելու մեր ապացույցները, բայց իրենք նույնպես ուսումնասիրություններ կատարելու են՝ ըստ իրենց գործիքակազմի և մեթոդաբանության: Բայց ասել, որ դա ընդունելի չի համարվի՝ ոչ, որովհետև սա շատ մեղմ մոնիտորինգային գործիք է, որի հիմնական նպատակը կողմ պետությունների պարտավորությունների հարգմանը հետևելն է, և այս առումով իրենք շատ շահագրգիռ են և հետևողական են»:

Անի Սամսոնյանը նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ նախադեպեր կան, ինչպիսի՞ պատժամիջոցներ են կիրառում այն դեպքում, երբ ապացուցվում է, որ որևէ պետություն խախտել է կոնվենցիան. «Աշխատանքային խմբի մակարդակում, որը մոնիտորինգային մարմինն է, բավականին գործեր կան, համացանցում էլ առկա է տեղեկատվություն՝ անգամ եվրոպական երկրների հետ համագործակցության և կոնկրետ գործեր ուսումնասիրելու, նաև՝ ահաբեկիչ մարտիկներին եվրոպական պետություններից հավաքագրելու դեպքերի հետ կապված, իսկ ինչ վերաբերում է դատարանի պրակտիկային, այս առումով պետք է ասեմ, որ կոնվենցիան համեմատաբար երիտասարդ գործիք է, և այս պահին ընթացիկ մի գործ կա, որն Ուկրաինայինն է, և այն ընթացքի մեջ է գտնվում: Այս առումով՝ դեռ շատ պրակտիկաներ զարգացած չեն՝ դատարանի մակարդակում, բայց աշխատանքային խմբում շատ ավելի հաջող փորձեր կան»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս