«Մենք ականատես ենք լինելու Ադրբեջանի տնտեսության երկարաժամկետ կոլապսի. դա միանշանակ է». Տնտեսագետ

Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել. Թուրքիայի ազգային արժույթը հասել է բոլոր ժամանակների ամենացածր մակարդակին՝ 8.0՝ ԱՄՆ 1 դոլարի նկատմամբ:

Ինչպե՞ս է անդրադառնում այս արժեզրկումը Թուրքիայի տնտեսության վրա և ի՞նչ հետևանքներ կունենա Ադրբեջանի համար՝ 168.am-ի հարցադրումներին անդրադարձավ տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Տնտեսագետն արձանագրեց՝ Թուրքիայի ազգային արժույթի շուրջ 25-30 տոկոս արժեզրկումը մակրոտնտեսական բացասական միտումների ընդամենը մի բևեռն է. «Ազգային արժույթի փոխարժեքի վրա մակրոտնտեսական մի շարք գործոններ են ազդում:

Թուրքիայի տնտեսությունը վերջին մի քանի տարիներին Թուրքիայի ծավալապաշտական և պատերազմական դրսևորումների ֆոնին ունեցել է շատ կոնկրետ բացասական հետևանքներ:

Այդ երկրում տնտեսության անկման հիմնական պատճառը նրա քաղաքական ղեկավարության մոտեցումներն ու պահվածքն են՝ ընդհուպ մինչև ԵՄ անդամ-երկրների նկատմամբ որոշակի ագրեսիվ գործողություններ, նաև Սիրիայում, Լիբիայում և արդեն մեր տարածաշրջանում:

Երկրորդը՝ Թուրքիայի տնտեսությունը զարգացող տնտեսություն է և չունի բավարար չափով այնպիսի հնարավորություններ կամ ռեզերվներ, որպեսզի այսպիսի անկման իրավիճակներում կարողանա դրան համարժեք ազդել: Հավելեմ՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները Թուրքիայի տնտեսություն, նախորդ տարվա վերջից սկսած, կրճատվել են 20-30 տոկոսով. սա լուրջ թիվ է:

Պատճառը պարզ է՝ շատ կոնկրետ օրինակ՝Թուրքիայի վարքագիծը և այն աշխարհաքաղաքական խնդիրները, որոնք նա ստեղծում է, բացառապես հակազդում է նրա տնտեսական շահերին: Հենց վերջերս, ԵՄ անդամ Ֆրանսիայի հետ, որը Եվրամիության հիմնական տնտեսական շարժիչ ուժերից է, էական՝ նաև տնտեսական հակադրության մեջ է մտել, ինչը կարելի է համարել կուլմինացիա, քանի որ սրան, կարծում եմ, հետևելու են արդեն ԵՄ անդամ երկրների կողմից կոնկրետ տնտեսական պատժամիջոցները: Որովհետև այդ լկտի վարքագիծը, որն ունի Թուրքիան, չի կարող անպատասխան մնալ: Իսկ ԵՄ անդամ երկրների հետ Թուրքիայի տնտեսական կապերն ունեն և՛ ավանդական բնույթ, և՛ բավականին մեծ ուղղություններից են, այդ թվում՝ ներդրումներ, Թուրքիայից արտահանում, և այլն»:

Թադևոս Ավետիսյանը նշեց նաև ԱՄՆ-ի հետ Թուրքիայի ակնհայտ հակասությունների խորացման տնտեսական հետևանքների մասին. «Այս ֆոնին, ըստ իս, ամեն օր մոտենում է նաև Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական սանկցիաների կիրառումը: Վերջինս արագացնում է նաև սեպտեմբերի 27-ին նրանց կողմից սանձազերծած պատերազմը, որովհետև ակնհայտ է, որ Թուրքիան հակադրվում է աշխարհի հիմնական կենտրոնների մոտեցումներին՝ իր ծավալապաշտական մղումներից ելնելով, և Ադրբեջանին ուղղակի հարկադրում է, որպեսզի Ադրբեջանը հակադրվի ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային»:

Տնտեսագետը համոզված է՝ նման վարքագիծն անհետևանք չի մնալու, և աշխարհը տնտեսական գործիքակազմով հակազդելու է. «Իսկ տնտեսական սանկցիաների կիրառումն այս փուլում, երբ Թուրքիայի տնտեսությունն արդեն էապես երերում է, կբերի նրան, որ այդ երկրում, ինչպես նախկինում, կարող են տեղի ունենալ նաև քաղաքական փոփոխություններ»:

Ադրբեջանի տնտեսության վրա կոնկրետ ազդեցությունների ու դրանց քաղաքական հետևանքների մասին խոսելով՝ մեր զրուցակիցը նշեց. «Ադրբեջանի վիճակն ավելի ծանր է, որովհետև Թուրքիան ուղղակի ուզուրպացրել է Ադրբեջանը, գաղութացրել է Ադրբեջանի տնտեսությունը. առանց պատերազմի, օգտվելով Ալիևի անձնական կլանային շահերից՝ ուղղակի վերցրել է Ադրբեջանի պետությունը՝ որպես գաղութ:

Այժմ Թուրքիայի վիճակը որքան վատանում է, այնքան Ադրբեջանը՝ որպես բարձիկ, ծառայում է Թուրքիային, որովհետև Ադրբեջանի տնտեսությունն ընդամենը թերզարգացած միաբևեռ տնտեսություն է՝ նավթի-գազի հիմքով: Եվ այդ նավթն ու գազն էլ հիմա պետք է արդեն ծառայեն Թուրքիայի տնտեսական անկման երեւույթները որոշակիորեն կանխարգելելու համար: Ադրբեջանի նավթագազային ռեսուրսը, հատկապես նրանց սանձազերծած պատերազմի ֆոնին, ամբողջությամբ ծառայելու է Թուրքիայի տնտեսությանը: Այսինքն՝ մենք ականատեսը լինելու ենք Ադրբեջանի տնտեսության երկարաժամկետ կոլապսի. դա միանշանակ է: Եթե պատերազմը նույնիսկ այսօր էլ դադարի, արդեն այդ հիմքերը կան: Նկատեմ՝ Ադրբեջանի ազգային արժույթը ևս աննախադեպ արժեզրկվում է»:

Թադևոս Ավետիսյանը հավելեց, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն իրենց արտարժույթի պետական ռեզերվներից իրականացնում են աննախադեպ ինտերվենցիաներ. «Այդ ինտերվենցիաները 25-30 տոկոսով ավելացել են: Վաճառում են եվրո, դոլար, որպեսզի կարողանան ինչ-որ չափով կանխարգելել ազգային արժույթի արժեզրկումը: Այսինքն՝ սպառում են իրենց պետական ռեզերվները, և եթե այդ ինտերվենցիան չանեին, մենք ականատես կլինեինք շուրջ 50 տոկոս արժեզրկման, իսկ սա արդեն լուրջ տնտեսական խնդիր է: Եվ այս տնտեսական բացասական երևույթները բերելու են սոցիալական խնդիրների խորացման թե՛ Թուրքիայում, թե՛ հատկապես Ադրբեջանում:

Խորացող սոցիալական խնդիրներն այս պատերազմական իրավիճակում ավելի են սրվում, որովհետև նաև անարդարության զգացումը, մեծ թվով սպանված ադրբեջանցիները և այլն, բերելու են սոցիալական բախումների: Բոլոր հիմքերը կան. խորացող սոցիալական խնդիրներ, արդեն ուզուրպացված տնտեսություն:

Ադրբեջանցին աշխատելու է թուրքի համար, և Ադրբեջանի ազգային հարստությունն ուղղակի ծառայելու է Էրդողանին և ծառայելու է Էրդողանի ծավալապաշտական մոտեցումներին:

Սա կարող է հանգեցնել նաև նրան, որ արտաքին ճակատի պատերազմն արդեն դառնա քաղաքացիական»:

Տեսանյութեր

Լրահոս