«Ալիևը կա՛մ ուղղակի բլեֆ է անում, կա՛մ էլ փորձ է կատարում Իրանի զենքի էմբարգոյի վերացումից հետո ազդակներ ուղարկել դեպի Թեհրան». Իրանագետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 24-ին ֆրանսիական «Le Figaro» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը զենք է գնում տարբեր երկրներից, և դրանց մեծ մասը ոչ թե Թուրքիայից ու Իսրայելից է, այլ Ռուսաստանից։ Ալիևը նաև հայտարարել էր, որ Ադրբեջանը զենք է գնում Իրանից։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով Ալիևի այս հայտարարությանը՝ նշեց. «Երբ Ադրբեջանի բռնապետը հայտարարում էր, որ Իրանից զենք է գնել, ապա այստեղ հավանական է երկու սցենար։ Կա՛մ նա ուղղակի բլեֆ է անում, այսինքն՝ իրականության մեջ նման բան չկա, կա՛մ էլ փորձ է կատարում Իրանի զենքի էմբարգոյի վերացումից հետո ազդակներ ուղարկել դեպի Թեհրան, որ Ադրբեջանը կարող է դառնալ իրանական զենքի պոտենցիալ գնորդ` փորձելով դիրքերն ամրապնդել Իրանի ներսում»։
Իրանագետի խոսքով, եթե իսկապես նման բան եղել է, ապա Բաքվի բռնապետը պետք է հայտնվի Միացյալ Նահանգների պատժամիջոցային ցուցակում, քանի որ, եթե նման բան եղել է մինչև միջազգային էմբարգոյի դուրսբերումը, ապա նա խախտել է միջազգային հանրության պահանջը։ Իսկ եթե եղել է էմբարգոյից հետո, ապա նա խախտել է կոնկրետ Միացյալ Նահանգների էմբարգոյի պահանջը։
«Ամեն դեպքում ցանկացած պարագայում այս խնդրին պետք է ուշի ուշով հետևել և հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել»,- հավելեց Վարդան Ոսկանյանը։
Անդրադառնալով իրանական զորամիավորների մուտքին մերձարաքսյան գոտի, Վարդան Ոսկանյանը նշեց, որ, դատելով իրանական տեղեկատվական աղբյուրներից՝ առկա են թե՛ Իրանի բանակային ուժերը, թե՛ «Իսլամական հեղափոխության պահպանների» կորպուսի ուժերը։
«Ընդ որում, ասենք, որ դրանք տեղակայվել են նախիջևանյան հատվածում նույնպես, նաև արցախաիրանական սահմանի հատվածում՝ Խուդաֆերինի շրջանում, ինչը ցուցիչ է առ այն, որ իրանցիները սադրանքներ են սպասում նաև նախիջևանյան հատվածից։ Այսինքն՝ Նախիջևանի հատվածում էլ Իրանի համար կան որոշակի անհանգստացուցիչ երևույթներ, որոնց Իրանը պատրաստվում է։ Այս համատեքստում նաև հայտարարությունների մակարդակում հետաքրքիր զարգացումներ են եղել։ Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակը գրեթե ուղղակի Ադրբեջանին մեղադրեց ահաբեկչական գործելաոճ որդեգրելու մեջ։ Խոսքն Ադրբեջանի կողմից հայ զինվորի գլխատման մասին էր, այդ զազրելի արարքի, որը տեղի էր ունեցել Ադրբեջանում։ Ընդհանուր առմամբ իրանցիներն ապահովագրում են իրենց հյուսիսային սահմանը սադրանքներից, իսկ այդ սադրանքները, նախկին փորձերն էլ ցույց են տվել, որ լինում են բացառապես ադրբեջանական կողմից։ Արդեն հայտնի է, որ ոչնչացվել են Ադրբեջանին պատկանող անօդաչու թռչող սարքեր՝ իսրայելական և թուրքական արտադրության։ Նաև եղել են որոշակի այլ փորձեր՝ իրանական սահմանին սադրանքների գնալու մասով»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը։
Նրա դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Իրանի դիրքորոշումն ընդհանուր առմամբ հավասարակշիռ է եղել։ Ինչ վերաբերում է գործնական տիրույթին, ապա, ըստ Վարդան Ոսկանյանի՝ Իրանը կարևոր դերակատարություն ունի՝ ապահովելու համար Հայաստանի հետ ցամաքային կապը, որն էլ ապահովում է։
«Շատ հարցերում հայ-իրանական շահերը համընկնում են, հետևաբար՝ այդ համատեքստում այն քաղաքական գործիչները և այն որոշում կայացնողները, որոնք զբաղված են Իրանի շահերի պաշտպանությամբ, ակնհայտ է, որ նրանք պաշտպանում են նաև մեր շահերը։ Ըստ էության, զբաղված լինելով սեփական պետության շահերի պաշտպանությամբ, նրանք ապահովում են նաև ՀՀ շահերը։ Պետք է նշեմ, որ այս տարիների ընթացքում Բաքվի բռնապետը կարող է Իրանի ներսում ստեղծել որոշակի լոբբիստական ազդեցություն ունեցող, եթե չասենք՝ խմբեր, ապա անձանց խումբ, որոնք փորձեր են անում ազդելու Իրանի քաղաքական որոշումների վրա։ Այդ ազդեցությունն ինչ-որ չափով տեսանելի է, բայց վճռորոշ չէ։ Փառք Աստծո, Իրանի ներսում ազգային և կրոնական ուժերն ակնհայտորեն առաջնորդվում են սեփական պետության շահերով, ինչը բխում է նաև մեր շահերից»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը։
Ինչ վերաբերում է Խուդաֆերինի կամրջի վրա կառուցված ջրամբարին, որն ադրբեջանական կողմը ջանք է գործադրում թիրախավորելու, Վարդան Ոսկանյանը նկատեց՝ իրանցիներն արդեն իսկ հիմնականում նաև այդ հատվածում են կենտրոնացրել ռազմական ուժեր, ինչը, անշուշտ, անհանգստացնում է իրանական կողմին։
«Խուդաֆերինի ջրամբարն ունի ոչ միայն տնտեսական նշանակություն, այլև շատ դեպքերում անվտանգային հարթության մեջ է գտնվում։ Իրանցիներն իրենցից կախված ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ անում են, որպեսզի ապահովեն սեփական պետության անվտանգությունը։ Ցանկացած սադրանքի դեպքում իրանական կողմի արձագանքը լինելու է չափազանց խիստ։ Կարծում եմ, եթե փորձ կատարվի նման սադրանքների, ապա իրանական կողմը նույնիսկ անդրսահմանային գործողության կգնա»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։