«Հայկական կողմին մեղադրելը նշանակում է նայել հայելուն և չտեսնել սեփական պատկերը». Ալեքսանդր Մարկարով

Ադրբեջանը ոչ թե խնդիրը լուծողն է, այլ՝ հենց խնդիրը, իսկ Ալիևի հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ցանկանում ճնշում գործադրել հայկական կողմի վրա, խոսում է այն մասին, որ ինչպես Էրդողանը, այնպես էլ Ալիևը մեղավորների չդադարող ու անիմաստ փնտրտուքի մեջ են: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարությանը, թե Մինսկի խումբը չի ցանկանում ճնշում գործադրել Երևանի նկատմամբ, թեև ինքը բարձրացրել է Հայաստանի դեմ պատժամիջոցների հարցը:

«Նախ, պատժամիջոցները պետք է կիրառվեն այն կողմի նկատմամբ, որն իրեն դրսևորում է ոչ կառուցողական, սկսում է ռազմական գործողություններ, հետո էլ չի ցանկանում ականջալուր լինել միջազգային հանրության կոչերին՝ դադարեցնելու ռազմական գործողությունները: Եվ այս ամենից հետո մեղադրել, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը հայկական կողմի վրա ճնշում չի գործադրում, անհասկանալի է: Անհասկանալի է, թե ինչու պետք է ճնշում գործադրի այն կողմի վրա, որը միայն ու միայն ցուցաբերել  է համագործակցության ցանկություն և իրականացրել է գործուն քայլեր՝ ուղղված կառուցողական և բովանդակալից երկխոսության հաստատմանը: Հայկական կողմին մեղադրելը նշանակում է նայել հայելուն և չտեսնել սեփական պատկերը»,-ասաց Մարկարովը:

Քաղաքագետը նկատեց, որ Ալիևի դեպքում դա նորմալ վիճակ է, նա փորձում է գտնել ցանկացած այլ դերակատարի, ում կարելի է մեղադրել, բացի սեփական «ես»-ից: «Նա իրեն՝ Էրդողանի հետ միասին դիտարկում է որպես միակ ճշմարտությանը տիրապետող, իսկ մնացածները տվյալ պարագայում հանդես են գալիս որպես այլ կողմին կամ օժանդակող, կամ օգնող, կամ զենք մատակարարող: Ըստ իրեն՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից»,-նշեց քաղաքագետը:

Մարկարովը նկատեց, որ Ալիևն ու Էրդողանն անընդհատ մեղավորներ են որոնում, սակայն հասցեատերը հայտնի է: «Խնդիրը ոչ թե ԵԱՀԿ-ի, այլ սեփական դերակատարությունների մեջ է: Ադրբեջանը ոչ թե խնդիրը լուծողն է, այլ ստեղծողը, ոչ թե իր շնորհիվ է, որ պետք է կարգավորվի հարցը, այլ հենց ինքն է, որ ստեղծում է այս խնդիրը»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե Բաքուն կօգտագործի Թուրքիայի F-16 կործանիչները՝ Ադրբեջանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում՝ Մարկարովը նկատեց, որ ուրիշ երկրներ ներգրավողն այս պահին միայն Ադրբեջանն է: Թուրքիային, Սիրիայից և Լիբիայից վարձկաններին հենց Ադրբեջանն է ներգրավել: «Շատ հետաքրքիր է, թե ում դեմ է ցանկանում օգտագործել այս զենքը, որը միանշանակ Թուրքիայի կողմից է կառավարվում: Երբ հնչեցվում են հայտարարություններ, դրանք պետք է ունենան հասցեատեր: Եթե հասցեատերը Հայաստանն է, ինքը հրահրում է ավելի մեծ կոնֆլիկտ Կովկասում՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը տարբեր ռազմաքաղաքական կազմակերպությունների անդամ է, որոնք չենք թաքցնում իրենց պատրաստակամությունը՝ հետևել այն պարտականություններին, որ ունեն Հայաստանի առջև»,-ասաց քաղաքագետը:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։  Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Տեսանյութեր

Լրահոս