Ի՞նչ հարցուպատասխան տեղի ունեցավ 2018թ. մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանի միջև

2018թ. մայիսի մեկին, երբ Ազգային ժողովը (ԱԺ) վարչապետ էր ընտրում, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Կորյուն Նահապետյանը հարց ուղղեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

– Պարոն Փաշինյան, ակնհայտորեն մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված: Արցախաադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից նկատվում են ռազմական տեխնիկայի կուտակումներ: Կան արդեն տեղեկություններ, որ պայմանավորված Հայաստանի ներքին իրադրությամբ՝ հակառակորդի ճամբարում աշխուժություն է նկատվում, և անգամ առաջարկներ են հնչեցնում՝ սրացումներ առաջացնել այդ ճակատում:

Դուք՝ որպես վարչապետի թեկնածու, արդեն նշեցիք, որ ընտրվելու դեպքում հանդես եք գալու նաև՝ որպես Գերագույն հրամանատար: Ուզում եմ հատուկ նշել, որ դա միայն պատերազմի ժամանակ: Խաղաղ ժամանակ Դուք չեք ունենալու այդպիսի իրավունք: Եվ բնական է՝ ոչ միայն ինձ, այլ նաև մեր երկրի անվտանգության համար մտահոգ և սրտացավ մեր բազմաթիվ հայրենակիցների հետաքրքրում է Ձեր կարողությունը, Ձեր պատրաստվածությունը, պաշտպանության և անվտանգության համակարգի Ձեր իմացությունը, որովհետև վարչապետ ընտրվելու դեպքում Դուք շատ պատասխանատու որոշումներ պետք է կայացնեք հատկապես պատերազմի ժամանակ:

Իրողությունն այն է, որ Սահմանադրության շրջանակներում մենք այս բնագավառում ունենք պետական քաղաքականության հստակ կանոններ, որոնք պետք է ամբողջապես իրականացվեն թե՛ խաղաղ, և թե՛ պատերազմի ժամանակ: Հենց այս համատեքստում երկու հարց եմ ուզում ուղղել Ձեզ, երկու կոնկրետ իրավիճակներ, և ակնկալում եմ Ձեր կոնկրետ պատասխանները, թե ինչպիսի՞ գործողություններ Դուք կձեռնարկեք:

Իրավիճակ 1-ին՝ ՀՀ-ին սպառնացող անմիջական վտանգ է առկա, և կառավարությունը հնարավորություն չունի որոշում կայացնել Զինված ուժերի վերաբերյալ:

Իրավիճակ 2-րդ՝ ինչպիսի՞ իրավական հնարավորություն եք Դուք տեսնում Զինված ուժերի կողմից ռազմական դիմակայման շրջանակներում Զինված ուժերի առանձին ստորաբաժանումների օգտագործման մասին:

– Պարոն Նահապետյան, ճիշտն ասած, Ձեր հարցը զարմացնում է, որովհետև մենք արդեն 2 ժամից ավելի այս դահլիճում քննարկում ենք, որ ընդհանրապես պետության մեջ որոշումները պետք է ունենան ինստիտուցիոնալ բնույթ: Ես հիմա, ի գիտություն Ձեզ, ռազմագիտության 9-րդ դասարանի քննություն չեմ հանձնում, և Դուք էլ ռազմագիտության պաշտոնաթող ենթասպա չեք, որ հիմա դպրոցում ռազմագիտության դաս եք տալիս: Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ: Հայաստանի Հանրապետությունում կա Գլխավոր շտաբ: Հայաստանի Հանրապետությունում կա Պաշտպանության նախարարություն: Եվ ընդհանրապես վարչապետը, Գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի դեպքում որոշումներ կայացնում է՝ համապատասխան ինստիտուտների կարծիքը լսելով: Որովհետև հիմա էդ հարցերը որ տալիս եք, ես կարող եմ Ձեզնից ակնկալել տասնյակ հարակից հարցերի պատասխան, որպեսզի տամ այդ հարցերի պատասխանը՝ սկսած նրանից, թե եղանակն ինչպիսի՞ն է և ինչպիսի՞ն է սպասվում, և այլն, և այդպես շարունակ:

Ես կարող եմ ասել հետևյալը, որ ասելով, որ պատրաստ եմ կատարել ՀՀ վարչապետի պաշտոնը, ես նկատի չունեմ, որ ես հանրապետության ամենաուժեղ էներգետիկն եմ կամ ամենուժեղ տրանսպորտիկը, հրետանավորը, հետախույզը, բժիշկը, օդաչուն եմ: ՀՀ վարչապետի կարգավիճակը քաղաքական կարգավիճակ է առաջին հերթին, և առաջին հերթին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ես ինձ մոտ կհրավիրեմ Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի, Ազգային անվտանգության ծառայության համապատասխան պաշտոնյաներին և կլսեմ նրանց զեկույցը հայ-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, հաստատված պլանների վերաբերյալ տեղեկություն կստանամ և կլսեմ նրանց կարծիքն անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ և այդ ամենը լսելուց և վերլուծելուց հետո կկայացնեմ անհրաժեշտ որոշումներ:

– Պարոն Փաշինյան, խորը ափսոսանք պետք է հայտնեմ, որ տվյալ դեպքում Դուք չեք տիրապետում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ «Պաշտպանության մասին» օրենքին, և ես Ձեր փոխարեն՝ այդտեղ կանգնած չեմ՝ որպես վարչապետի թեկնածու, որ ամբողջական և սպառիչ պատասխանեմ, թե այդ իրավիճակում ինչպես կվարվեի՝ որպես վարչապետ: Ցավում եմ, որ Դուք ուղղակի չեք կարող այն հիմնական բեռը և պատասխանատվությունը ստանձնել՝ որպես Գերագույն հրամանատար, որովհետև եթե  Դուք չգիտեք այն հիմնական իրավական կարգավորումները՝ ով պետք է որպես վարչապետ ղեկավարի, նրան մոլորության մեջ է գցելու և՛ պաշտպանության նախարարը, և՛ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Նրանք Ձեզ ներկայացնելու են մի իրավիճակ, Դուք չեք իմանալու, թե ինչ գործառույթներ ունեք իրականացնելու: Ես Ձեզ հիմա պարզաբանեմ, որպեսզի գոնե այս պարագայում Դուք իմանաք, թե ընտրվելու պարագայում ի՞նչ պետք է անեք:

1-ին իրավիճակ՝ կառավարությունը ի վիճակի չէ որոշում կայացնել Զինված ուժերի կիրառման մասին, ապա պաշտպանության նախարարի առաջարկությամբ վարչապետը զինված ուժերի կիրառումը գործողության մեջ դնելու մասին որոշում պետք է կայացնի: Եթե Դուք դա չգիտեք, ես պատկերացնում եմ, թե ինչպիսի իրավիճակում պետք է հայտնվեն մեր հայրենակիցները:

Եթե Դուք չգիտեք, թե վարչապետին ինչ պարբերականությամբ պետք է զեկուցեն անհետաձգելի, հրատապ սահմանափակ գործողությունների և հատուկ առաջադրանքներ կատարելու նպատակով… Այստեղ Դուք քննություն եք բռնում՝ որպես վարչապետի թեկնածու, ոչ թե՝ որպես ռազմագիտության քննություն հանձնող:

– Պարոն Նահապետյան, ես ցավում եմ, որ Դուք այնքան էլ լավ չեք պատկերացնում, թե մենք հիմա ինչով ենք զբաղված: Ես գայթակղության չեմ տրվի և Ձեզ հարցեր չեմ տա երթևեկության կանոնների մասին, որովհետև Դուք, իսկապես ցավում եմ, որ շարունակում եք աչքի ընկնել գերազանցիկի եռանդով, և եթե թվում է, որ Դուք տպավորություն եք թողնում, Դուք չափազանց սխալվում եք:

Հ.Գ. Ի դեպ, այդ օրը Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս