«Մարտունիից դեպի հարավ և Հադրութից հյուսիսային կողմ այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր առավոտից նորից սկսել են մարտական գործողությունները: Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր, սակայն կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային հրաձգություն:

Ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կենտրոնական ուղղությունից` Մարտունիից դեպի հարավ, և Հադրութից հյուսիսային կողմ, անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ: Բայց այդ հատվածի մարտերը դիվերսիոն խմբերի դեմ շարունակվում են: Հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել, հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով` կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ: Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են, հետ են շպրտվել, որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ: Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլային և զրահատեխնիկա: Երեկ երեկոյան դուք տեսաք այն հայտնի տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանական ուժերի մի ստորաբաժանում մոտ տասնյակ միավոր զրահատեխնիկա թողել և փախել մոտակա անտառները, սարերը, ձորերը»,- նշեց նա` հայտնելով, որ այսօր համեմատաբար մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում:

Տեսանյութեր

Լրահոս