«ԱՄՆ-ից եկող բոլոր հայտարարությունները պետք է գնահատել՝ ելնելով այն պարզ ճշմարտությունից, որ ընդամենը 2 շաբաթ հետո ԱՄՆ-ում ընտրություններ են». Միջազգայնագետ
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի Վաշինգտոնում արված լուսանկարներից մեկը՝ գրելով. «Մնացականյանը Վաշինգտոնում հեռավար հանդիպում է ունեցել խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Էսպես ասեմ: Էդքան կարևոր չի, թե ում հետ է խոսել, որքան կարևոր է, թե ում գրասենյակից է խոսել: Ինչ Թրամփն ընտրվել էր, ասում էի՝ իրենց հետ աշխատեք»:
168.am-ի հետ զրույցում Սուրեն Սարգսյանը բացեց փակագծերը՝ պատասխանելով մեր հարցերին, թե ում գրասենյակն էր լուսանկարում և ինչքանով է կարևոր այդ հանգամանքը.
«Վաշինգտոնում կա շատ հայտնի լոբբիստական կազմակերպություն, որը կոչվում է Նահիգյան եղբայրներ, որոնք էթնիկ հայեր են և բավականին մտերիմ կապեր ունեն Թրամփի վարչակազմի հետ։ Իսկ Թրամփի վարչակազմի առաջին մի քանի ամիսների ընթացքում տրանզիցիոն պրոցեսները (վարչակազմից վարչակազմ անցումը) հենց նրանք էին ղեկավարում Թրամփի խնդրանքով, նաև կադրային հարցեր էին լուծում վարչակազմի համար, այսինքն՝ շատ լուրջ և շատ ազդեցիկ հայ եղբայրներ են, որոնք բավականին լավ կապեր ունեն Վաշինգտոնում:
Երբ նոր էր ընտրվել Թրամփը, ես տասնյակ գրառումներ եմ արել և հարցազրույցներ եմ տվել, որ նրանց հետ պետք է ակտիվ աշխատել, և հիմա, երբ արտգործնախարարը Վաշինգտոնում է, հենց նրանց գրասենյակից հեռավար զրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ:
Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մենք իրենց հետ սկսենք աշխատել, որովհետև, ինչպես վերջին շաբաթների ընթացքում տեսնում ենք, ադրբեջանցիները Վաշինգտոնում նույնպես բավականին ակտիվ աշխատել են. ունեցել են իրենց լոբբիստների, իրենց շահերը սպասարկող լրատվամիջոցների և լրագրողների ցանց, որոնք հիմա փորձում են Վաշինգտոնում պատերազմը ներկայացնել իրենց օգտնին»:
Ի պատասխան հարցին, թե որքանով էր արդյունավետ Զոհրաբ Մնացականյանի վաշինգտոնյան այցը՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ, թեև նման բարձր մակարդակի հանդիպումներ նախկինում չէին եղել, սակայն սկզբից էլ նշել է՝ պետք չէ սպասելիքներ ունենալ այդ հանդիպումներից, քանի որ այս պահի դրությամբ ԱՄՆ-ը առանձնապես գործիքներ չունի պրոցեսների վրա ազդելու. «Եթե տասնմեկ ժամ Մոսկվայում խոսել են՝ ոչնչի չեն հասել, մեկ ժամ Վաշինգտոնում խոսելով, կարծում եմ, կարելի է հետևություն անել, թե ինչի էր հնարավոր հասնել, կամ հնարավոր չէր հասնել»:
Հարցին՝ արդյոք հուսադրո՞ղ էր ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛ Բրայենի թվիթերի պաշտոնական միկրոբլոգում արված ձևակերպումը, թե Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն ինքը «ճնշում է գործադրել անհապաղ հրադադար հաստատելու համար», միջազգայնագետը պատասխանեց.
«Ինքը կոչ է անում, որպեսզի ագրեսիվ գործողությունները դադարեցվեն, բայց ես նաև առիթ եմ ունեցել ասելու, որ Միացյալ Նահանգներից եկող բոլոր հայտարարություններն ու պրոցեսները պետք է գնահատել՝ ելնելով այն պարզ ճշմարտությունից, որ ընդամենը երկու շաբաթ հետո ԱՄՆ-ում ընտրություններ են՝ ոչ միայն նախագահական ընտրություններ են, այլ նաև Ներկայացուցիչների պալատի և Սենատի մեկ երրորդի ընտրություններն են: Այնպես որ, սա պետք է դիտարկել՝ նաև այդ իրողությունն ունենալով որպես հիմք»: