«Ես լեգիտիմ կասկածներ ունեմ, որ այս ամենի մեջ խառն է նաև ՆԱՏՕ-ի մատը». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ամենօրյա կապի մեջ է միջազգային կառույցների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ, նրանց է տրամադրում Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ փաստական տվյալներ:

«Հատկապես պատերազմի այս օրերին և ընդհանրապես գրեթե ամենօրյա ռեժիմով կապի մեջ եմ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի գրասենյակի հետ, ԵԽԽՎ նախագահի, մարդու իրավունքների հանձնակատարի, ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի հետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, որովհետև ոչնչացվում են Արցախի մշակութային կոթողները, մասնավորապես՝ ռմբակոծվեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին: Ես ամենօրյա ռեժիմով բոլոր նշածս կառույցներին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակին ևս ուղարկում եմ մեր ռազմագերիների, մեր զինվորների դաժան ոչնչացման տեսանյութերը, ուղարկում եմ միջազգային կոնվենցիաներով արգելված բոլոր այն զինատեսակների վերաբերյալ փաստերը, որոնք կիրառում է թուրք-ադրբեջանական տեռորիստական տանդեմն այս պատերազմում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը դժգոհ է միջազգային հանրության արձագանքից. «Միջազգային հանրությունից ունենք դիվանագիտական լղոզված դեմագոգիա, երեսպաշտություն, շիրայոտ շնորհակալություններ՝ ուղարկված նյութերի համար, հորդորներ՝ ամենօրյա ռեժիմով լինել իրենց հետ կապի մեջ, և արդյունքում ունենք ոչինչ: Ինձ չի բավարարում ՆԱՏՕ-ի լղոզած գնահատականը, որ իրենք հորդորում են Թուրքիային՝ գործադրել իր ազդեցությունը տարածաշրջանում կայունություն հաստատելու համար: Ո՛չ, իրենք պետք է լուրջ սանկցիաներ կիրառեն Թուրքիայի հանդեպ՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, որովհետև նախ Թուրքիան ուղղակի մասնակցում է այս պատերազմին, ավելին՝ պաշտոնապես հայտարարել է, որ իրենք պատրաստ են զորք ուղարկել Ադրբեջան: Իսկ թուրքական զորքը ՆԱՏՕ-ի զորքն է, և ես լեգիտիմ կասկածներ ունեմ մտածելու, որ այս ամենի մեջ խառն է նաև ՆԱՏՕ-ի մատը, որն ուզում է, որ իր զորքերը տեղակայվեն Հարավային Կովկասում: Սրա դեմ մենք իսկապես պետք է լուրջ մտահոգություն բարձրացնենք»:

Հարցին՝ միջազգային հանրության կեցվածքն ինչո՞վ է պայմանավորված, նա պատասխանեց. «Ես ուզում եմ հիշեցնել՝ ժամանակին Ալիևն ասել էր, որ Բաքու–Ջեյհան նավթամուղով հոսելու է ոչ թե նավթ, այլ քաղաքականություն: Ցավոք սրտի, այո, ես ստիպված եմ արձանագրել, որ նավթամուղով հոսում է քաղաքականություն, իսկ այդ քաղաքականությունը վարող երկրների համար ամեն օր զոհվող զինվորների արյունը, քաղաքացիական բնակչության ռմբակոծումը, քաղաքացիական բնակավայրրերի ռմբակոծումն առոչինչ է, իրենց մեկ ունցիա նավթի դիմաց»:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ պատերազմի ավարտից հետո պետք է լրջորեն քննարկել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը. «Ի՞նչ են տալիս մեզ այս կազմակերպությունները՝ դեմագոգիկ հայտարարություններից բացի, մեր վզին կասկածելի կոնվենցիաներ փաթաթելուց բացի: Ես՝ որպես 10 տարի նախկինում Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը գլխավորած պատգամավոր, ասում եմ՝ բարձրացնելու եմ միջազգային այդ կառույցների հետ այլևս մեր համագործակցության նպատակահարմարության խնդիրը: Եթե իրենք միայն նրա համար են, որ մեզ պարտադրեն իրենց հարազատ կոնվենցիաները, ուրեմն՝ այստեղ ես մեծ վերապահում ունեմ այդ կառույցների իրական ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների իրական հավասարության վերաբերյալ»:

Տեսանյութեր

Լրահոս