«Սա, իհարկե, տխուր է, շատերն ընկել են ողբերգության մեջ, բայց ավելի լավ է ճիշտն իմանալ…». Արծրուն Պեպանյան
«Պատերազմն իսկապես մտածելու տեղիք տվեց: Ես կուզեմ մի դրվագ հիշեցնել՝ երբ ամիսներ առաջ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ահազանգ հնչեցրեց, ասաց՝ այս, այս, այս քայլերը, որ արվում են մեր իրականության մեջ, թուլացնում են մեր պետությունը, և ասաց՝ ոնց որ թուրքերին հրավիրենք մեզ վրա հարձակվելու: Մեր քաղաքական ակտիվը, ստատուս գրողները փոխանակ ասեին՝ այս մարդը վարչապետ է եղել, նրա վարչապետության ժամանակ պատերազմ ենք հաղթել, եկեք ճշտենք, թե կոնկրետ ինչ նկատի ունի, բայց հազարներով այդ մարդու հետևից ընկան, ասացին՝ դու ծախված ես, Ալիևի մարդն ես…»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը՝ ընդգծելով՝ առ այսօր շատերը շարունակում են հալածել Հրանտ Բագրատյանին:
«Ես սրա անունը դնում եմ քաղաքական դեբիլիզմ: Մենք փոխանակ լսենք խելացի մտքերը, անհանգստությունները և անհրաժեշտ հետևություն անենք, գրոհում ենք այդ մարդկանց վրա: Հրանտ Բագրատյանն ահազանգեց, մենք փոխանակ քայլեր ձեռնարկեինք, ընկանք հետևից, և էլ ավելի նպաստեցինք, որ թուրքերը հարձակվեն մեզ վրա»,- նշեց նա:
Նա ընդգծեց, որ քաղաքական թշնամանքը, ատելությունն ազդում է նաև տնտեսական վիճակի վրա. «Բոլոր շարժումների ժամանակ ասել եմ՝ հարգելիներս, դուք պետության հերն անիծում եք: Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը որ տապալվեց՝ Հայաստանում տնտեսական կյանքը մի քանի ամիս կանգ առավ: Մարդիկ մտածում էին՝ եթե չենք կարողանում ընտրություններով իշխանություն փոխել, ի՞նչ է լինելու այս երկրի վերջը, արդյո՞ք կարողանալու ենք այստեղ տնտեսական գործունեություն իրականացնել: Հարկավոր էր նպաստել, որ հայությունը գար Հայաստան, բայց մեր քայլերը եթե նայում ենք, մենք ամեն ինչ անում էինք, որ հայերն այստեղից գնան. անարդարություններ, բեսպրեդել, տարբեր մարդկանցից ունեցվածք խլել, և այլն: Ամեն ինչ անում էինք, որ իրեն հարգող մարդը թողներ այստեղից գնար: Սա թուրքական ծրագի՞ր է: Այս ամենն ինչո՞ւ արեցինք: Ինչո՞ւ չհզորացրինք մեր երկիրը: Նախկին նախագահների հանդիպումը շատերի համար սենսացիա էր. ի՞նչն էր պատճառը, որ այդ մարդիկ գրեթե թշնամական հարաբերություններ ունեին, որովհետև մենք մեզ համոզել էինք, թե ժողովրդավար ենք և պետք է ընտրություններ անենք այն դեպքում, երբ 20 տարուց ավելի է՝ ասում եմ՝ դա ռումբ է, թողեք դա, դուք դրա համար հասունացած չեք»:
Արծրուն Պեպանյանի խոսքով՝ այսօր շատերի աչքերը բացվեցին. «Շատերը հասկացան, որ աշխարհի մասին ունեցել են վարդագույն պատկերացումներ. այնտեղ կա Արևմուտք, կա Եվրոպա, նրանց պաստառների վրա գրված է՝ հավասարություն, եղբայրություն, մարդու իրավունքներ և այլն, և տեսանք, որ այդ ամենը քամի էր, չկա: Սա, իհարկե, տխուր է, շատերն ընկել են ողբերգության մեջ, բայց ավելի լավ է՝ ճիշտն իմանաս, քան ուտոպիաներով երկար գնաս: Փաստորեն, ինչ-որ մարդիկ իրենց տարիներով մոլորեցրել են: Այս իրավիճակը մտածել կարողացող շերտին հուշում է՝ իսկ ի՞նչ պետք է անենք մենք, որ նախ՝ այս իրավիճակից կարողանանք դուրս գալ, և հետո՝ պատերազմից հետո ի՞նչ կերպ Հայաստան պետք է ունենանք, որ հաջորդ անգամ եթե նման բան լինի, ավելի պատրաստ լինենք, կամ ինչպե՞ս այնքան հզորանանք, որ մտքներով չանցնի մեզ հետ զենքի լեզվով խոսել: Այս ուղղությամբ նկատում եմ, որ կա տեղաշարժ: Պատերազմը, իհարկե, բերում է արհավիրք, կորուստներ, բայց նաև քաղաքագիտության մեջ պատերազմն ընդունված է՝ որպես ազգային վերափոխմանը նպաստող միջոց»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում