«Թուրքիան հանձնակատար է այս տարածաշրջաններում ուրիշ պետությունների քաղաքականության համար». թուրքագետ

Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ սպառնալիքներն ակտիվացել են Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին: Թուրքիայի ազգային ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլանը թուրքական «Դուվարի»-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրում ստեղծել է «ատելության սովորական մթնոլորտ»:

«Այսպիսի մթնոլորտում, երբ Թուրքիան Ադրբեջանի կողմն է, և երբ հայերի դեմ ատելության խոսք է կիրառվում, մենք աղավնու անհանգստություն ենք զգում, ինչպես ասել էր սիրելի Հրանտ Դինքը: Ցավոք, այս օրերին մենք աղավնու ամենախորը անհանգստությունն ենք ապրում»,- ասել Փայլանը ՝ վկայակոչելով Դինքի կողմից սպանությունից առաջ գրված վերջին հոդվածի խորհրդանշական հատվածը:

168.am-ի հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն անդրադառնալով Թուրքիայում հակահայ տրամադրություններին՝ նշեց, որ այդ երկրի ներսում ու դրսում առկա ցանկացած խնդրի պարագայում քավության նոխազ են դառնում ազգային փոքրամասնությունները և հատկապես հայերը, քանի որ այս պահին ամենամեծ համայնքն են. «Մանավանդ, եթե Հայաստանի և հայության հետ կապված ինչ-որ խնդիր կա, իհարկե, առաջին հերթին՝ կուժն իրենց գլխին է կոտրվում: Սա միշտ էլ եղել է, կա, կմնա, քանի հայատյացությունը շարունակում է մնալ Թուրքիայում. դա թուրքական քաղաքականության հիմնական տարրերից մեկն է: Հայերն ընդհանրապես պատանդի վիճակում են, միշտ էլ այդպես է եղել»:

Թուրքիայում նոր զորավարժությունները որքանո՞վ են վտանգավոր այս իրավիճակում, արդյո՞ք տարածաշրջանում թուրքական նկրտումների հերթական ահազանգ է՝ մեր հարցին ի պատասխան՝ Տիրան Լոքմագյոզյանը նկատեց. «Թուրքիան միշտ էլ վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար, և ոչ միայն՝ տարածաշրջանի. դուք տեսնում եք, որ այսօր Թուրքիայի ձեռքերը երկարում են անգամ մինչև Աֆրիկա, մինչև Լիբիա: Սակայն Թուրքիան միայն Թուրքիա չէ, Թուրքիայի հետևում կանգնած ուժեր կան. իմ կարծիքով՝ Ամերիկան է: Այդ պատճառով էլ Արցախում սանձազերծված պատերազմի սկզբում Ամերիկան էր, որ ձայն չհանեց՝ հակառակ նրան, որ ԱՄՆ-ը ամեն խնդրում սիրում է միջամտել: Թուրքիան մի տեսակ հանձնակատար է այս տարածաշրջաններում ուրիշ պետությունների քաղաքականության համար»:

Խոսելով Թուրքիայի փոխնախագահի այն հայտարարության մասին, թե Անկարան պատրաստակամ է զորք ուղարկել Ադրբեջան, եթե Բաքուն համապատասխան խնդրանքով դիմի՝ թուրքագետը նշեց. «Դա լուրջ վտանգ է, որովհետև Թուրքիան այն երկիրը չէ, որ երկար-բարակ խոսի, կամ ինչ-որ դատարկ սպառնալիքներ տեղացնի, հատկապես՝ էրդողանական Թուրքիան. Էրդողանից ամեն մի արկածախնդրություն սպասելի է, բայց կրկնում եմ, այդ արկածախնդրություններն իրականում ինչ-որ մի մեծ ծրագրի մասն են միայն»:

Մեր զրուցակիցը տարածաշրջանում կարևորեց Ռուսաստանի հակազսպիչ դերը՝ շեշտելով. «Ռուսաստանը, իհարկե, ամբողջ տարածաշրջանում միակ իսկական ուժն է, որ կարող է ինչ-որ խաղեր փչացնել, կամ խաղերի դիրքը փոխել»:

Տարածաշրջանային մեկ այլ դերակատարի՝ Իրանին անդրադառնալով՝ նա հավելեց. «Ղարաբաղյան խնդիրն ուղղված է նաև Իրանի դեմ. այդ պատճառով էլ սրան ջանասիրաբար մասնակցում է Իսրայելը: Այն զենքերը, որ Իսրայելը մատակարարում է Ադրբեջանին, իրականում ոչ այնքան Հայաստանին խեղճացնելու համար են, որքան տարածաշրջանը մաքրելու, որպեսզի կարողանան մյուս քայլը դեպի Իրան կատարել, սակայն հայերը նորից խանգարեցին իրենց այդ ծրագրին, ամեն դեպքում, մինչև այսօր խանգարում են:

Եթե հիմնական խաղացող Ռուստաստանը խաղի մեջ մտնի, արդեն խնդիրը լրիվ ուրիշ կդառնա: Այս պահին վտանգված է թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը, և թե՛ Իրանը, ինչո՞ւ չէ՝ նաև Ռուսաստանը»:

 

Տեսանյութեր

Լրահոս