«Մենք նրանց պետք է ստիպենք, որպեսզի իրենց գործն անեն». Մարինա Գրիգորյան

«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանի բնորոշմամբ, այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում և տեղի  խաղաղ բնակչության նկատմամբ, ոչ այլ ինչ է, քան ռազմական հանցագործություն, որը կատարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։

«Սա նորություն չէ, Ադրբեջանի մշտական ձեռագիրն է, որը միշտ էլ պայքարել է խաղաղ բնակչության դեմ, սկսած Սումգայիթում տեղի ունեցածից։ Մենք ունենք Ադրբեջանի կողմից կատարված բազմաթիվ ռազմական հանցագործություններ, օրինակ, Մարաղայի դեպքերը, երբ ադրբեջանական զորքը մտել էր գյուղ և կոտորել խաղաղ բնակչությանը, մոտավորապես 50 հոգու էլ պատանդ էին վերցրել, նրանցից շատերը չվերադարձան։ Այստեղ որևէ պատահական և տարօրինակ բան չկա, Ադրբեջանը մշտապես կոպտագույն խախտել է միջազգային հումանիտար իրավունքը, դեռևս 1992 թվականին նրանք օգտագործել են արգելված զենք, և դրա մասին վկայություն կա Մինսկի խմբի առաջին նախագահ Մարիո Ռաֆայելիի մոտ, երբ 1991-92 թվականների ձմռանը ռմբակոծվում էր Ստեփանակերտը։ Մինչև այժմ նրանք շարունակում են այդ հանցագործությունները և որևէ պատիժ չկրելով միջազգային ատյանների կողմից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարինա Գրիգորյանը։

Նա նաև հավելեց, որ Ադրբեջանի ձեռագիրն ու քաղաքականությունը Սումգայիթում, Բաքվում ու այսօր՝ նաև Արցախում նույնն է, խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններն այդ քաղաքականության կարևոր բաղադրիչն է։ Այդ բաղադրիչն էլ ունի հստակ նպատակներ և առանց դրա հնարավոր չէ պատկերացնել, որ Ադրբեջանն Արցախի ու Հայաստանի դեմ որևէ գործողություն կկատարի։

«Այս ձեռագիրը մենք տեսնում ենք Սումգայիթից սկսած, բայց դրա ակունքները գնում են 105 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանությունից սկսած, երբ գլխատում էին խաղաղ բնակիչներին ու գնդակահարում էին։ Այս ամենը շատ բնորոշ է հենց թուրքական  մարդատյաց ու հայատյաց քաղաքականությանը»,- նշեց Մ. Գրիգորյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Վալդայ» ակումբի նիստում հնչեցրած https://168.am/2020/10/22/1391950.html  հայտարարությանը, որտեղ նա մասնավորապես ասել էր, որ հակամարտությունը չի սկսվել՝ պարզապես որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվել է էթնիկական բախումներից, և ցավոք փաստ է, որ Սումգայիթում, իսկ հետո՝ Լեռնային Ղարաբաղում իրականացվել են դաժան հանցագործություններ հայ ժողովրդի դեմ, Մարինա Գրիգորյանը նկատեց, ցավոք, Պուտինը  հայտարարության մեջ ցեղասպանություն բառը չի օգտագործել։

«ՌԴ նախագահն ուղղակի ասաց, որ հայ ժողովրդի հանդեպ դաժան հանցագործություններ են կատարվել։ Իսկապես առաջին անգամ նման բարձրաստիճան քաղաքական գործիչ, ինչպիսին է ՌԴ նախագահը, խոսեց Սումգայիթում կատարվածի մասին։ Սա, իհարկե, շատ կարևոր ու արժեքավոր հայտարարություն է և փաստում է այն, որ հենց Ադրբեջանն է, ի պատասխան արցախահայության խաղաղ պահանջների և կոչերի, միանգամից դիմել  բռնության։ Փաստորեն, այդ ժամանակվանից մինչև այսօր բռնությունը խաղաղ բնակիչների նկատմամբ շարունակվում է։ Թե այս հայտարարոթյունն ինչպիսի ազդեցություն կունենա ապագա քաղաքական գործընթացների, լուծումների վրա, բոլորովին այլ հարց է։ Սակայն մենք պետք է շահագրգռված լինենք և հատուկ ուշադրություն դարձնենք հենց դրա վրա, թե ինչպիսին կլինի նման գնահատականը հարցի ապագա լուծման վրա»,- շեշտեց նա։

Խոսելով ՌԴ նախագահի մեկ այլ հայտարարության մասին, որ Մինսկի խմբի ձևաչափը հնարավոր է փոխել, և, որ Ադրբեջանը կորցրել է իր տարածքի զգալի մասը, Մարինա  Գրիգորյանը նշեց, որ Ռուսաստանն ունի իր շահը և երբեք չի ցանկանա Ադրբեջանի հետ փչացնել հարաբերությունները հանուն Արցախի կամ Հայաստանի։

«Այստեղ ես տեսնում եմ պարիտետային, հավասարակշռված քաղաքականություն ՌԴ նախագահի կողմից։ Այլ հարց է, թե ինչպես հայկական դիվանագիտությունը կօգտագործի և՛ այդ հայտարությունները, և՛ ընդհանրապես ամբողջ այս իրավիճակը՝ ինչպես պատերազմում, այնպես էլ՝ քաղաքական դաշտում։ Սա մեր խնդիրն է, և առաջին հերթին՝ ինքներս պետք է աշխատենք՝ օգտագործելով բոլոր հայանպաստ և ոչ հայանպաստ հայտարարություններն ու գնահատականները, որպեսզի դրանք ծառայեցնենք մեր շահերին։ Կարծում եմ՝ հայկական դիվանագիտության առաջին խնդիրը նույնն է, ինչ առաջին պատերազմի ավարտից հետո։ Մենք չգիտենք, թե ինչպես կավարտվի այս պատերազմը, բայց ցանկացած դեպքում դիվանագիտությունը պետք է աշխատի նախ՝ պատերազմը կանգնեցնելու համար։ Այնուհետև արդեն հաշվի առնելով այն սխալները, որոնք մեր դիվանագիտությունը գործեց 1994 թվականի զինադադարից հետո, քայլեր իրականացնի, որպեսզի դրանք չկրկնվեն։ 1994 թվականից հետո մենք չկարողացանք ռազմաճակատում տարած հաղթանակն ամրապնդել դիվանագիտական ճակատում։ Ավելին՝ այս 26 տարիների ընթացքում մենք անընդհատ կարծես թե աշխարհից ներողություն ենք խնդրել, որ չթողեցինք, որպեսզի թուրքը մեզ կոտորի, նաև, որ հաղթանակ տարանք։ Այս մոտեցումներն ու հոգեբանությունը պետք է իսպառ վերանան»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ այն, ինչ տեղի է ունենում Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ, երբ զոհվում ու վիրավորում են նաև երեխաներ, այդ թվում՝ Հայաստանում՝ Վարդենիսում, ՀՀ-ում գործող միջազգային կառույցները համարժեք չեն արձագանքում, ինչի՞ց են կաշկանդված, Մարինա Գրիգորյանը պատասխանեց, որ նման կազմակերպությունները չնայած մարդասիրական են, ապաքաղաքականացված են, այդուհանդերձ ժամանակակից քաղաքականությունը ենթադրում է նաև դրանց ներգրավվածությունն այդ քաղաքական գործընթացներում։

«Պետք է հասկանալ, որ մենք երբեք չենք կարող վստահ լինել նրանց ճիշտ գնահատականի վրա, եթե չաշխատենք նրանց հետ։ Ադրբեջանն անընդհատ այդ մարդկանց հետ աշխատում է, չգիտեմ՝ փո՞ղ է օգտագործում, թե՞ այլ բաներ, մենք ունենք բազմաթիվ փաստեր, թե ինչպես է աշխատում Ադրբեջանի այդ խավիարական դիվանագիտությունը։ Նույնիսկ, երբ եվրոպական որոշ կառույցներ գրեցին դրա մասին ու բացահայտեցին, այդուհանդերձ, Ադրբեջանը չի կանգնում։ Ադրբեջանն աշխատում է և բոլոր տեղերում ակտիվ է։ ՀՀ-ում գործող այդ կառույցներին պետք է անընդհատ հիշեցնել, թե նրանք ինչի համար են այստեղ, և հիշեցնել, որ Արցախի չճանաչված լինելը որևէ խոչընդոտ չի կարող հանդիսանալ, որպեսզի հանդուրժեն մարդու իրավունքների կոպտագույն խախտումներն Ադրբեջանի կողմից։ Մարդու իրավունքներն ունիվերսալ են և վերաբերում են և՛ ճանաչված, և՛ չճանաչված պետություններին, այստեղ իրավունք չունեն որևէ տարբերություն դնելու։ Մենք նրանց պետք է ստիպենք, որպեսզի իրենց գործն անեն»,- եզրափակեց Մարինա Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս