
«Այս պատերազմը մարտերի դաշտում հաղթել հնարավոր չէ, սակայն կարող է դադարեցվել բանակցությունների սեղանի շուրջ»․ Ուորլիք

Թուրքիան վաղուց արդեն իր սեփական շահերն ունի ղարաբաղյան հակամարտության հարցում: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Նախ՝ Թուրքիան Մինսկի խմբի անդամ է: Երկրորդը, այն Ադրբեջանի մտերիմ ընկերն ու դաշնակիցն է, եւ այդ սերտ կապն այժմ էլ ավելի ակնհայտ է: Եվ եթե Թուրքիան ինչ-որ կերպ մասնակցի հակամարտության ռազմական բաղադրիչին, դա շատ վտանգավոր կլինի եւ կարող է էլ ավելի մեծ սրում հրահրել: Սակայն Թուրքիան կարող է շատ դրական դերակատարություն ունենալ, եթե կարողանա օգտվել Ադրբեջանի հետ ունեցած իր հատուկ հարաբերություններից եւ բանակցությունների սեղանի շուրջ բերել այն: Կարծում եմ, որ Մինսկի խմբի բոլոր երկրները պետք է գործադրեն բոլոր ջանքերը` հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու եւ ռազմական գործողությունները դադարեցնելու համար»,- նշել է նա:
Նաև հավելել է․ «Եթե Ադրբեջանը ցանկանում է հասնել իր նպատակին եւ վերադարձնել վերահսկողությունը վիճահարույց տարածքների նկատմամբ, ապա պետք է գիտակցի, որ դա կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով, այլ ոչ թե` հյուծման տանող պատերազմով: Իսկ Հայաստանն իր նպատակներն ունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, սակայն դրանց եւս կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով: Թուրքիան, ինչպես գիտեք, Մինսկի խմբի անդամ է, սակայն` ոչ համանախագահ: Կարծում եմ, որ ինչպես Թուրքիան, այնպես էլ մյուս երկրները պետք է գործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի հակամարտությունը կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով: Քանի որ այս պատերազմը մարտերի դաշտում հաղթել հնարավոր չէ, սակայն կարող է դադարեցվել բանակցությունների սեղանի շուրջ»: