«Իրանում «Վելայաթի երկնքի պահապաններ 99» զորավարժություններն անցկացվում են ամեն տարի՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին». Ժաննա Վարդանյան

Հոկտեմբերի 21-ից Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն անցկացնում են լայնածավալ զորավարժություններ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր tasnimnews.com կայքը, «Վելայաթի երկնքի պահապաններ 99» զորավարժությունների հրամանատար Քադեր Ռահիմզադենը հայտնել էր, որ զորավարժություններում կներգրավվեն ՀՕՊ ստորաբաժանումներ բանակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, ռադարներ, հրթիռային համակարգեր, էլեկտրոնային ռազմական սարքավորումներ, կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչու սարքեր:

«Զորավարժությունների նպատակը երկրի զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումն ու հակաօդային պաշտպանության հնարավորությունների կոնսոլիդացումն է»,- փոխանցել է կայքը:

168.am«Օրբելի» կենտրոնի փորձագետ, իրանագետ Ժաննա Վարդանյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս զորավարժությունները որևէ առնչություն ունեն Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետ, հատկապես, որ նախապես պլանավորված չէին։

«Այս զորավարժությունները, որոնք կրում են «Վելայաթի երկնքի պահապաններ 99» անունը, իրականում անցկացվում են ամեն տարի, դրանք պլանային զորավարժություններ են և անցկացվում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։  Նախորդ տարի այս զորավարժություններն անցկացվել են նոյեմբերի 20-ից հետո, իսկ դրա նախորդ տարում նոյեմբերի սկզբին։  Գուցե Արցախում տեղի ունեցող իրադարձություններն ինչ-որ առումով  նպաստել են, որ այս տարի մի քանի օր ավելի շուտ սկսեն զորավարժությունը։ Այս զորավաժություններին մասնակցում են թե՛ բանակի ռազմաօդային ուժերը, թե՛ հակաօդային պաշտպանության ուժերը, և թե՛ «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի օդատիեզերական ուժերը, միշտ է այսպես եղել»,- ասաց Ժաննա Վարդանյանը։

Անդրադառնալով Իրանի տարածքում ադրբեջանական հրետանու գործողություններին, որի հետևանքով Իրանում տներ են փլուզվել, իրանագետը նշեց, որ հոկտեմբերի 21-ին իրանական կողմում է հայտնվել 71 հրթիռահրետանային արկ, որոնք արձակվել են հիմնականում երկու գյուղերի ուղղությամբ։

«Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Իրանի տարածքի ուղղությամբ արձակվել է 60-ից ավելի արկ, իսկ միայն հոկտեմբերի 21-ին՝ 71։ Այս ամենի հետ կապված՝ իրանական կողմի պաշտոնական արձագանքը հետևյալն է, որ չեն հանդուրժելու իրենց երկրի տարածքում ցանկացած տեսակի ոտնձգություն և հաջորդ նմանատիպ փորձի դեպքում կտան լուրջ պատասխան, անտարբեր չեն մնա։ Սակայն նմանատիպ հայտարարություններն արդեն մի քանի անգամ հնչել են և ամեն անգամ տեղի է ունեցել նմանատիպ հաջորդ միջադեպը։ Այս անգամ այդ արկերի պատճառով տներ են վնասվել, Իրանը պաշտոնապես չի ասում, թե որ կողմից են այդ արկերը հայտնվել իր տարածքում։ Կան տելեգրամյան ալիքներ,  և սոցցանցերում ակտիվ օգտատերեր, որոնք մատնանշում են, որ Ադրբեջանից են արկերն արձակվել, խոսում են նաև այն մասին, որ Ադրբեջանն առաջ է շարժվում Իրանի սահմանի երկայնքով և հենց այնտեղ է իր ուժերը կենտրոնացնում։ Այս խմբերի կողմից հաճախ է բարձրացվում այն հարցը, թե ինչու Իրանն ավելի ակտիվ ու նախաձեռնող չէ այս հարցում և համարժեք չի արձագանքում։ Իրանի տարածքում արդեն մի քանի անգամ ԱԹՍ է հայտնվել, և իրականում պարզ չէ, թե դրանք խոցվել և ուղղակի ընկե՞լ են իրանական տարածքում, թե՞ Իրանն է խոցել։ ԱԹՍ-ները, որոնք հայտնվել են Իրանի տարածքում, բոլորը եղել են իսրայելական արտադրության, և սա հաշվի առնելով՝ չի բացառվում, որ Իրանը ևս կարող էր խոցել»,- հավելեց Ժ. Վարդանյանը։

Իրանագետը նաև ընդգծեց, որ Իրանում թե՛ պաշտոնյաները, թե՛ ԶԼՄ-ների մակարդակով բարձրաձայնում են, որ  Արցախում պատերազմը հրահրում ու բորբոքում են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, ինչը տեղավորվում է նաև իրանական հռետորաբանության տրամաբանության մեջ, քանի որ Իրանն ամեն ինչում մեղադրում է այդ երկու երկրներին։ Նմանատիպ մեղադրանքներ հնչում են նաև Թուրքիայի հասցեին:

«Այս համատեքստում այդ մեղադրանքներն ավելի շատ ուղղվում են Իսրայելին, մասնավորապես՝ զենքի վաճառքի և այդ զենքերն  Իրանի դեմ օգտագործելու հնարավոր սպառնալիքի համատեքստում: Իրանի մյուս մտահոգությունն այն է, որ Իսրայելը, ինչպես նաև այլ երրորդ ուժեր, մասնավորապես՝ Թուրքիան, ցանկանում են բորբոքել պատերազմը և Իրանին ներքաշել այդ գործողություններում, խմորումներ առաջացնել և վտանգել Իրանի ազգային անվտանգությունը»,- եզրափակեց Ժաննա Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս