«Պատկերացրեք Ադրբեջանում լսում են, որ այստեղ երկրի ղեկավարը դիմում է խնդրանքով, որ մարդիկ ջոկատեր ստեղծեն». Հայրիկյան
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը պատերազմական իրավիճակում կարևորագույն գաղտնիքներից մեկն է համարում սեփական ուժերի պատրաստվածության մակարդակը հակառակորդից գաղտնի պահելը, ուստի չի պատկերացնում, թե ինչո՞վ էր պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերը՝ կամավորական ջոկատներ կազմելու մասին։
«Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ որևէ մեկը խորուրդ չի տվել նման բնույթի ելույթ չունենալ, որովհետև պատկերացրեք, որ շատ խոսակցություններ են գնում այն մասին, որ հոգեբանական ծանր վիճակում է Ադրբեջանը, և այդ պահին հանկարծ լսում են, որ հակառակորդ երկրի ղեկավարը, փոխարենը մոբիլիզացնի երկրի ուժերը, ինչպես անում են բոլոր կայացած պետությունները, դիմում է խնդրանքով, որ մարդիկ ջոկատեր ստեղծեն։ Ես չգիտեմ՝ այդ ի՞նչ խորհրդականներ են աշխատում, նրանք պետք է կանխեին, էդպիսի բաներ չէր կարելի ասել»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ ընդգծելով, որ նախքան կոչով կամավորներ հավաքագրելը կարելի էր հարցը կարգավորել օրենսդրական դաշտում, փոփոխություն կատարել համապատասխան օրենքում և բոլորին արդեն օրենքով ուղարկել ծառայության։
«Ամեն ինչ օրենքով պետք է անել։ Ես ուզում եմ, որ մենք այս երևույթի ստրատեգիական վտանգավորությունն ըմբռնենք։ Մենք ունեցել ենք անցյալում կամավորական գործունեություն, և դա ավարտվել է ցեղասպանությամբ, մենք անցյալում ունեցել ենք նվիրյալ ֆիդայիներ ու փառահեղ ազգային գործիչներ, բայց քանի որ դա արվում էր ոչ պետական մակարդակով և ընդգրկում ժողովրդի ընտիր, բայց փոքր մասը, մենք ձախողվեցինք։ Հիմա, երբ դու դիմում ես՝ ասում ես՝ կամավոր եկեք, բնականաբար, հայրենասիրությամբ և բարձր պատասխանատվությամբ տոգորված մարդիկ գնում են առաջնագիծ և, բնականաբար, ազգի այդ որակակիր հատվածը վտանգի է ենթարկվում։ Ապագայի տեսակետից և ժողովրդավագրական տեսակետից դա ճիշտ մոտեցում չէ։ Բայց մենք 30 տարի է՝ պետություն ունենք, պետությունը պետական հարցերին պետք է պետականորեն ընթացք տա, եթե չի անում, նշանակում է՝ մեր պետական կազմակերպական կառույցը լավը չէ՞, եթե լավը չէ, բա ինչո՞վ էինք զբաղված, մինչդեռ ես գիտեմ, որ մենք ունենք համակարգ, և դա պետք է ճիշտ աշխատեցնել։ Վատն այն է, որ խորհրդականները, եթե կան, իրենց գործը չեն անում, կամ ինչ-որ մեկը լսելու ունակ չէ»,- ասաց ԱԻՄ առաջնորդը՝ շեշտելով, որ, եթե պետություն կա, ունի պատասխանատուներ, ապա այդ մարդիկ պետք է կարողանան իրավիճակին համարժեք քայլեր ձեռնարկել։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում