Իշխանությունները խտրական և կամայական որոշումներ են կայացնում լրատվամիջոցների հրապարակումների կապակցությամբ

ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հոկտեմբերի 8-ին տեղադրված որոշումն ասում է․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը և 73-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի
Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով»:

Սրան նախորդել էր սույն օրենսդրական փաթեթն ԱԺ-ում երկու ընթերցմամբ ընդունելը, իսկ հաջորդ օրն արդեն ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն, համաձայն որի՝ օրենքը կիրառողն ինքն է, և ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ:

«Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):

Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը:

Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը: Սույն կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը»,- ասված էր ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք:

Հավելենք, որ վերոհիշյալ սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:

Արդեն ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 11-ի ժամը 17:00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 14 դեպք, որոնցից 9-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 5-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ 11 դեպքով հարուցվել է վարչական վարույթ, 3-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող մեկ անձ տուգանվել է 300 հազար դրամի չափով, երկու լրատվական կայք՝ 700 հազար դրամի չափով։

«Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում»,- նշված էր ոստիկանության հաղորդագրության մեջ:

Այս օրերին, սակայն, շատ ենք հանդիպում կրկնակի ստանդարտների կիրառության հետ, երբ մեկից կոնկրետ բովանդակությամբ հրապարակումը պահանջում են հեռացնել, իսկ մյուսին չեն անհանգստացնում նույն թեմայով:

Նշենք նաև, որ այս օրերին, երբ հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցների դրել են սահմանափակումների մեջ, ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանը, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am լրատվական կայքը, մերձիշխանական որոշ այլ լրատվամիջոցներ իրենց կայքէջերում  և կաբելային ալիքներով առանց որևէ արգելքի հեռարձակվում են՝ հարցազրույցներ, քննարկումներ, այդ թվում՝ հերյուրանքներ և թշնամական հայտարարություններ անելով քաղաքական ոչ իշխանական ուժերի, առանձին գործիչների և լրատվամիջոցների հասցեին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Արփի Դավոյանը, ինչպես նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հրապարակել էին ճեպապատկերներ, որում ցանկության դեպքում և՛ խուճապի տարածում կտեսնեիր, և՛ մարտական գործողության մասին նկարագրություն, և օրենքով արգելված այլ խախտումներ:

Հրապարակման բարոյական կողմին չենք անդրադառնում: Չենք խոսում նաև այն մասին, որ նույն տեքստը տարածվում էր՝ հղում կատարելով տարբեր աղբյուրների: Ակնհայտ էր՝ դա հստակ քարոզչական նպատակով էր արվում՝ Փաշինյանի որդուն հերոսացնելու համար։

Ճիշտ է, հասարակական ճնշման ներքո այդ հրապարակումները նրանց ֆեյսբուքյան էջերից հեռացվեցին, բայց ուշագրավն այն է, որ Ազգային անվտանգության ծառայությունը, օրինակ, այդտեղ խնդիր չէր տեսել:

Իհարկե, գրառումը հեռացրեցին, սակայն պետք է ասել, որ այն տեղադրողները և տարածողները իրենց PR նպատակին հասան՝ «իշխանական» ընտանիքի և Փաշինյանի որդու՝ Աշոտի շուրջ պաթոսը տեղ հասցրեցին։ Դեռ չենք քննարկում, թե որքանով էր նրանց կողմից դաշտ նետված այդ «ինֆորմացիան» իրականությանը համապատասխանում, միանշանակ է այն, որ, եթե նույնիսկ Աշոտ Փաշինյանն այնտեղ եղել է, որտեղ նշվում էր՝ թշնամուն նման ինֆորմացիա տրամադրելը որևէ կերպ խելամտության սահմաններում չի տեղավորվում։

«Համապատասխան գրառման և վերջինիս հետ կապված գործողություններում առկա չեն ՀՀ կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրության հաստատման մասին» N 1586-Ն պահանջների խախտումներ»,- ԱԱԾ-ից ասել էին tert.am-ին:

Մինչդեռ Վարազդատ Կարապետյանը հայտնել էր, որ Գորիսի հիվանդանոցից իրեն բժիշկ ընկերն է գրել, որ Ջաբրայիլից զինվոր են բերել, «գրադ» է խփել, բոլորը փախել են, մի քանիսն են մնացել ու Աշոտը: Պատգամավորը, ըստ էության, հայտնել է տեղ, վայր, որտեղ գտնվում է վարչապետի որդին, և խոսել փախուստի մասին: Բացի այդ, պատգամավորը կարճ հաղորդագրության ճեպապատկեր էր հրապարակել, ըստ որի՝ բաց կապով է ուղարկվել նամակը:

Իսկ օրեր առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել հետևյալ բովանդակությամբ.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակաբար ստացվում են տվյալներ այն մասին, որ մեր քաղաքացիները շարունակում են բաց կապուղիների միջոցով հեռախոսային կապ հաստատել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ, և այդ խոսակցությունների ընթացքում միմյանց հետ քննարկվում են նաև սահմանագծում տիրող իրավիճակի և հայկական կողմի մարտական դիրքերի տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ»:

Այսինքն՝ պատգամավորը բաց կապով տեղակայման վայրի մասին տեղեկություն է ստացել, հրապարակել, իսկ ԱԱԾ-ն խախտում չի տեսել:

Հիշենք նաև օրեր առաջ կայքերից մեկի՝ կոնկրետ շրջանակների թիրախավորման փորձը, ինչից հետո մեծ աղմուկ բարձրացավ, և նյութը հեռացվեց, բայց տվյալ կայքն արդեն իր խնդիրը կատարել էր՝ դեզինֆորմացիան դաշտ նետելով ու որոշակի տրամադրվածություն ու տրամադրություն ապահովելով կոնկրետ նախկին երկու նախագահների դեմ:

Բայց կարծես թե չտեսանք, որ իշխանությունները հետևողական լինեին ու գնային այդ նյութի հետքերով:

Չմոռանանք նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանի փոխհրաձգության մասին, երբ վերջինիս կատարած՝ զրահաբաճկոնների պակասության ու դրանք ձեռք բերելու կոչի մասին գրառումը https://www.facebook.com/danioanis/posts/10222404007026060 մեծ աղմուկի պատճառ դարձավ:

«Սփյուռքի մեր բարեկամներ, պետք են զրահաբաճկոններ։ Զրահաբաճկոններ ու կևլարե սաղավարտներ պետք են զինվորներին (ունեն, բայց էլի է պետք), լրագրողներին, կրակի տակ բանակին անհրաժեշտ պարագաներ հասցնող քաղաքացիականներին, փրկարարներին և այլն։ Այդ նպատակով առաջարկում եմ սփյուռքում միավորվել և գնել ու Հայաստան ուղարկել հնարավորինս շատ զրահաբաճկոն ու սաղավարտ։ Բանակի համար ցանկալի է գոնե 5-րդ դասի զրահաբաճկոն։ Լրագրողների ու կրակի տակ աշխատող քաղաքացիականներին, փրկարարներին` 3-րդ դասն էլ է ՕԿ։ Ամեն մի զրահաբաճկոնն ու կևլարե սաղավարտը էապես պակասեցնում է մի հոգու մահանալու ու հաշմանդամ դառնալու հավանականությունը։ Դա շատ կարևոր է։

Գնի՜ր զրահաբաճկոն, փրկի՜ր կյանք»,- գրել էր Դանիել Իոաննիսյանը:

Բաբկեն Թունյանի պատասխանն ու Դանիել Իոաննիսյանի արձագանքը՝ ստորև:

168.amոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից փորձեց ճշտել՝ որո՞նք են այն չափորոշիչները, համաձայն որոնց՝ ոստիկանությունը որոշում է, որ տվյալ նյութը պետք է լրատվամիջոցից հեռացվի, և առհասարակ ո՞վ է դա որոշում, կա՞ արդյոք որևէ աշխատանքային խումբ ձևավորված, որը զբաղվում է այդ հարցով:

«Հստակ չափերը «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով նախատեսված են, մեր հայտարարության մեջ կա»,- ասաց ոստիկանության պաշտոնյան:

Շեշտեցինք, որ խոսքը ոչ թե տուգանքի չափերի, այլ հստակ չափորոշիչների մասին է, համաձայն որոնց՝ տվյալ հրապարակումը, ասենք, պետք է հեռացվի: Օրինակ բերեցինք նաև տնտեսական բնույթի նյութերի մասով, թե արդյո՞ք դրանք ընկնում են, այսպես կոչված, պատժամիջոցների տակ:

«Կառավարության որոշմամբ՝ հստակ սահմանված են»,- եղավ Աշոտ Ահարոնյանի պատասխանը:

Նշեցինք, որ չենք հանդիպել որևէ հստակ սահմանման, և, որ կառավարության որոշման մեջ ընդհանրական բնույթի ձևակերպումներ են լոկ, սակայն կրկին ստացանք պատասխան, որ կառավարության որոշման մեջ գրված է՝ ինչն է համարվում խախտում:

Կրկին հարցրինք՝ առհասարակ կա՞ արդյոք ձևավորված աշխատանքային խումբ, և ինչպե՞ս է որոշվում՝ ո՞ր հրապարակումը պետք է հեռացվի:

«Որը որ չի համապատասխանում և ընկնում է կառավարության որոշումով սահմանափակումների մեջ, իսկ կառավարության որոշման մեջ նշված են սահմանափակումները»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:

Ակնկալելի էր, որ որևէ հստակ պատասխան չենք էլ ստանալու, որովհետև չկան հստակ չափորոշիչներ, համաձայն որոնց՝ որևէ նյութի հեռացումը հարցեր չի առաջացնի:

Հիմա առավել քան ակնհայտ է, որ օրենքների այս փաթեթը միտված է սոսկ ԶԼՄ-ներին լռեցնելուն, որ իշխանությունների համար ոչ հաճո որևէ հրապարակում չսպրդի հանկարծ դաշտ, իսկ թե ի՞նչ նպատակով է սա արվում, ի՞նչ է թաքցվում, և որքա՞ն է հնարավոր փոքր երկրում ինչ-որ բան երկար ժամանակով թաքցնել, կիմանանք պատերազմի ավարտից հետո միայն:

Այս պահին հստակ է մի բան՝ բոլոր սահմանափակումները սոսկ ոչ իշխանահաճո լրատվամիջոցների ու գործիչների համար են, իսկ իրենց՝ իշխանություններին ու մերձիշխանական շրջանակներին, կարելի է և դավաճաններ փնտրել, և ռազմական գաղտնիք հրապարակել, մարտավարական նրբություններ նշել ու առհասարակ անել, գրել ու խոսել՝ ինչի մասին որ ցանկանում են:

Հ.Գ. Համատեղ դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել նաև Հայաստանի ժուռնալիստների միությունն ու թվով 25 լրատվամիջոցներ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր. «Պատկան մարմիններին կոչ ենք անում առանց այն էլ այս լարված օրերին  անհարկի քաշքշուկների չենթարկել  լրատվամիջոցներին, հստակեցնել լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման հստակ կանոնները, որոնց խախտման դեպքում սահմանվել են տուգանքներ։ Լրատվամիջոցները հստակ պետք է տեղեկացվեն այդ կանոնների մանրամասներին, որպեսզի հնարավոր խախտումը կանխվի,  և ոչ թե՝ հրապարակվելուց հետո լրատվամիջոցը ենթարկվի պատասխանատվության։ Այլապես իրավապահ մարմինների կողմից լրատվամիջոցներին ուղարկված ծանուցումները և  այցելությունները (այդ թվում՝ առանց զգուշացման) խտրական և կամայական մոտեցումների տպավորություն են թողնում, հատկապես, երբ դրանք հավասարապես չեն կիրառվում բոլոր լրատվամիջոցների նկատմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս